Մեկնաբանություն

04.09.2015 22:20


Իմիտացիան շարունակվում է

Իմիտացիան շարունակվում է

Եթե օտար մեկը կողքից նայի Հայաստանին, կմտածի՝ էս ի՞նչ անդարդ իշխանություն ունի այս երկիրը:

Սահմանում լարվածությունը րոպե առ րոպե մեծանում է, կան զոհեր եւ վիրավորներ, սահմանագոտու բնակչությունն անքուն գիշերներ է անցկացնում եւ հաշվում թշնամու հրետակոծությունների հետեւանքով եղած ավերածությունների չափը, իսկ իշխանությունն անխռով լսումներ է իրականացնում խորհրդարանում:

Խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, հասարակական կազմակերպությունները լցվել էին Աժ դահլիճ ու քննարկում էին սահմանադրական փոփոխությունները:

Նախ՝ հարց է առաջանում՝ այս թեմայով նախագահական պալատում «աջհամբույրների» շարքից հետո խորհրդարանական լսումներ կազմակերպելու իմաստը ո՞րն է:

Որ ուժերը գնացել են պալատ՝ արդեն իսկ պարզ է նրանց դիրքորոշումը նոր Սահմանադրության վերաբերյալ: Ուրեմն, ի՞նչ կարիք կա ձեւական «պտիչկա դնելու» համար ԱԺ-ում լսումներ կազմակերպել։ Լսումներ, որոնք, ըստ էության, վերածվեցին դատարկաբանության եւ դատարկախոսության անհեթեթ «հանդեսի»:

Չնչին բացառություններով՝ նույն ելույթներն ու հարցերը հնչեցին, ինչպիսիք լսում էինք անցած ամիսներին:

Հարց է նաեւ, թե հանրությունը նման լսումների ցանկություն ու պահանջ ունի՞, եթե նույն այդ սահմանադրական փոփոխությունների պահանջ չի ներկայացրել ի սկզբանե: Բայց իշխանությանը պետք էր բոլորին հավաքել խորհրդարանում եւ միկրոֆոնից հազարերոդ անգամ շեշտել, խոսել նոր Սահմանադրության «բարեմասնությունների» մասին: Իբր, այդ փոփոխություններով ժողովրդավարություն կհաստատվի երկրում, իբր, «կայուն մեծամասնության» մասին դրույթն անհրաժեշտ է, որ երկրում անկայուն վիճակ չլինի (սա ասում են հենց սահմաններում տիրող անկայունության ֆոնին):

Մի խոսքով, ինչպես ասում են՝ հերթական անգամ հանրության ականջներից «լապշա կախելու» առիթ էին գտել ու փորձում էին ժողովրդավարության մասին ճոռոմ խոսքերով թաքցնել նոր Սահմանադրության իրական նպատակը: Այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իր թիմի իշխանության հավերժացումը:

Ի դեպ, իշխանության վերարտադրության իրական հնարավորությունը, որ ամրագրվում է այդ նախագծում, իշխանությունը փորձում է թաքցնել՝ հրապարակ նետելով մեկ այլ դրույթ:

Վերջին օրերին տարբեր գործիչներ սեւեռվել են նույնասեռ ամուսնությունների թեմայի վրա, ինչի վտանգը տեսնում են նոր Սահմանադրության մեջ նշված հոդվածներից մեկում: Հիմա ակտիվորեն քննարկում են այդ հարցը՝ ակնհայտորեն հանրությանը շեղելով իրական վտանգի ուղղությամբ կենտրոնանալուց:

Նոր Սահմանադրության միակ, հիմնական ու գլխավոր վտանգը Սերժ Սարգսյանի ցմահ կառավարման հնարավորությունն է: Այս աղետը կանխելու փոխարեն՝ ոմանք մեյդան են ընկել ու իրենց են պատառոտում նույնասեռ ամուսնությունների թեմայի շրջանակում: Թեմա, որն ընդհանրապես շոշափված չէ նախագծում։

Ինչեւէ, իրենք ասեցին, իրենք լսեցին ու ցրվեցին տները, իսկ իշխանությունն էլ համարեց, թե սահմանադրական փոփոխությունների շուրջ «կոնսոլիդացիան» հաջողվում է:

Շարունակե՛ք ինքնախաբեությամբ զբաղվել, պարոնա՛յք «այո»-ականներ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը