Մեկնաբանություն

02.09.2015 19:36


Լիսկայի թիկնապահը, սահմանադրական հանրաքվեն և Աշոտյանի օպերատիվ արձագանքը

Լիսկայի թիկնապահը, սահմանադրական հանրաքվեն և Աշոտյանի օպերատիվ արձագանքը

Լիսկայի թիկնապահ Զարզանդին Կապանի դպրոցներից մեկի փոխտնօրեն նշանակելու մասին լուրը հերթական անգամ «ցնցեց» հանրությանը:

«Ֆեյսբուքի» օգտատերերն այս թեմայով անհաշիվ ստատուսներ գրեցին: Արմանք-զարմանք, հեգնանք ու զայրույթ, ամոթանք-պարսավանք եւ այլն:

Նախ՝ հարց է ծագում՝ պարոնա՛յք եւ տիկնա՛յք, ի՞նչն է ձեզ ցնցել: Եթե բազմաթիվ հանցագործությունների հետ կապված պատմություններն առնչվում են Լիսկայի հետ, իսկ վերջին երկու՝ բոլորիդ հայտնի հանցանքները (մարդասպանության, աչք հանելու եւ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մասին) ուղղակիորեն կապված են նշված ՀՀԿ-ական պաշտոնյայի հետ, բայց վերջինս կրկին վերանշանակվում է Սյունիքի մարզպետի պաշտոնում, ապա Զարզանդի մասով ցնցվելն անհասկանալի է:

Զանազան քրեական արարքներով հարուստ կենսագրություն ունեցող Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն արդեն իսկ ենթադրում էր անմիջական հանցակցին կամ հանցակիցներին ինչ-ինչ պաշտոններ նվիրաբերելու մտադրություն ու ցանկություն, ինչն էլ հիմա տեսնում ենք:

Եթե ժամանակին Լիսկայի վերանշանակումն անհրաժեշտ չափով ցնցումներ չառաջացրեց (ընդհուպ մինչեւ նրան վերնշանակող Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հանդես գալը), հիմա ինչո՞ւ կամ ինչի՞ց եք ցնցվում: Երբ, մանավանդ, կառավարման համակարգում նման նշանակումների ու վերանշանակումների փաստերը բազմաթիվ են: Կասկածելի կենսագրության տեր չինովնիկների, բարձաստիճան պաշտոնյաների պակաս չունենք: Ի՞նչ կարող ենք անել, երբ այդպիսի չափորոշիչներ է սահմանել ՀՀԿ ղեկավարը:

Բայց Զարզանդի «նորընծա» պաշտոնի հետ կապված պատմությունը «անսպասելի» վերջաբան ունեցավ: Արմեն Աշոտյանը, որին, փաստորեն, Լիսկան բանի տեղ չէր դրել ու իր թիկնապահին Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն էր նշանակել, այսօր հայտարարել է, թե Սյունիքի մարզպետարանի որոշումը չեղյալ է համարվել: Աշոտյանը նաեւ շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին «օպերատիվ աշխատանքի» համար: Այսինքն՝ նա լրատվամիջոցներից է իմացել նշված որոշման մասին: Սա ընդհանրապես մազալու պահ է:

Լրատվամիջոցներն իր ոլորտի հետ կապված բազմաթիվ բացահայտումներ են արել, բայց Աշոտյանն անցած տարիներին այդպես էլ չի նկատել նրանց «օպերատիվ աշխատանքը»: Հիմա եկել է նկատելու պահը: Ինչո՞ւ: Որովհետեւ առջևում սահմանադրական հանրաքվեն է, ու իշխանությունը «բարիացել» է:

Եթե հանրաքվեի խնդիրը չլիներ, ինչով ՀՀԿ ղեկավարն ու նրա կուսակցությունը ցանկանում են ապահովել իրենց իշխանության «հավերժությունը», ոչ մի կասկած, որ Զարզանդի նշանակման որոշումը կմնար անփոփոխ: Բայց հիմա շատ նուրբ պահ է, ու իշխանությունը փորձում է մինչեւ հանրաքվեն «հաշվի նստել» հանրային կարծիքի հետ, իսկ Աշոտյանն էլ երևի ուզում է ռեաբիլիտացվել Բաղրամյան փողոցում ստացած հարվածներից: Սա՛ է Աշոտյանի «ժողովրդահաճո» քայլի շարժառիթը, որին, պարզ է, պալատից են հուշել անմիջապես բեկանել մարզպետարանի որոշումը:

Ի դեպ, պարզվում է՝ «բանդիտի» թիկնապահ «բանդիտը» նշված դպրոցում վաղուց ֆիզկուլտուրա առարկա է դասավանդում: Ափսոս, որ այս մասին Աշոտյանն ավելի վաղ չի իմացել, թե չէ հանրակրթական համակարգից իսպառ կվերացներ Լիսկայի թիկնապահին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը