Մեկնաբանություն

01.09.2015 19:35


Բա Վաչի՞կը

Բա Վաչի՞կը

Սերժ Սարգսյանին ակնհայտորեն գլխաքանակ ու լուսանկարների առատություն է պետք։ Այլապես ի՞նչ իմաստ ուներ «քաղաքական լայն քննարկումներ» և «քաղաքական լայն կոնսոլիդացիա» շոու–ծրագրի շրջանակներում ծանր տեղը թեթևացնելն ու Բաղրամյան 26–ում ՀՀԿ խմբակցության մեջ մտնող կուսակցապետերին հանդիպելը։ Կուսակցապետեր, որոնք նույնիսկ իրենք իրենց չեն ներկայացնում, էլ ուր մնաց, թե հանրային շերտ կամ քաղաքական դաշտի մի մաս ներկայացնեն։

Եթե Սարգսյանին այդքան պետք են այդ լուսանկարները, ապա դա նշանակում է, որ նրա տեղն այդքան էլ ծանր չէ։ Բայց դե, «դհոլ» որակումը ստացածի կամ էլ Խոսրովի հետ հանդիպելով, ախր, ոչ մի բան չի փոխվում։ Անգամ եվրադիշովկեքը նմանատիպ «կտեր» չեն ուտում, հանրությանն էլ ընդհանրապես չի հետաքրքրում այդ ֆոտոսեսիան։

Ամեն դեպքում, Սերժին քանակ է պետք գոնե «գալոչկայի» համար։ Ու եթե սեփական խմբակցության անդամներին ու նրանց «տնեցիներին» է առանձին–առանձին հանդիպում, ապա չի բացառվում, որ մի օր էլ իր վարորդ Վաչիկ Ղազարյանի հետ ֆոտոխցիկների առաջ հանդիպի ու քննարկի սահմանադրական փոփոխությունների հարցը։

Ի դեպ, Վաչիկը շատ ավելի լուրջ դեմք է և շատ ավելի լուրջ գործոն է, քան ՀՀԿ խմբակցության անդամ հանդիսացող կուսակցապետերը՝ միասին վերցրած (ՀՀԿ–ի մեծ մասն էլ՝ վրադիր)։

Եթե ՀՀԿ ղեկավարը Գեղամյանին ու Խոսրովին հանդիպում է, եթե նորագույն ՀՀՇ–ին «երկխոսացնում» է ու այդ «կուսակցությունը» ներկայացնողները հաճույքով ծալվում են Բ26–ում, եթե վերակազմում է վերակազմյալ հնչակներին ու լուծում «կվարտիռնի վապռոսը», եթե արժանապատիվ ձեռք է մեկնում ՕԵԿ–ին ու մյուս բարոյական և «թունդ արևմտամետ» ուժերին, ապա ինչո՞ւ պետք է Վաչոյի հետ չհանդիպի։ Հետո ի՞նչ, որ Վաչոյին ամեն օր հանդիպում է սպասարկող մեքենայի մեջ։ Կարևորը լուսանկարների քանակն է ու «լայն կոնսոլիդացիան»։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը