Հարցազրույց

24.09.2010 15:31


Կարապետ Ռուբինյան

Կարապետ Ռուբինյան

Հարցազրույց ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանի հետ

-Շատերն են մտահոգված, որ ՀՀ-ի ներկա ներքաղաքական իրավիճակը տանում է կործանման։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձե՛ր գնահատականը ո՞րն է։

-2008թ. մարտի 1-ի խաղաղ ցուցարարների սպանդի արդյունքում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը մեկ շանս ուներ իրավիճակը մեղմելու և իր իշխանական բուրգի գագաթին գտնվելը գոնե մի քիչ արդարացնելու, շարքային քաղաքացիների համար տանելի դարձնելու համար: Ո՞րն էր այդ շանսը: Տնտեսության մեջ գնալ արմատական, խոր ու համարձակ բարեփոխումների, վերացնել մոնոպոլիաները, դադարեցնել երկրի թալանը, ստեղծել տնտեսական ազատ մրցակցության դաշտ ու գնալ քաղաքական ազատությունների քայլ առ քայլ վերականգնմանը' առաջին հերթին ազատ արձակելով բոլոր քաղբանտարկյալներին, այնուհետև արձակելով խորհրդարանն ու կազմակերպելով ԱԺ արտահերթ արդար ընտրություններ: Մի պահ թվաց, որ նման ուղու ընտրության նախանշանները երևում են, որոնցից ամենաակնառուն «լիբերալ ու առաջադեմ» Տիգրան Սարգսյանին իր «տնտեսական թիմով» վարչապետ նշանակելն էր ու դրան հաջորդած, ինչպես հիմա է պարզվում, թեթևսոլիկ խոսակցությունները՝ երրորդ սերնդի բարեփոխումների մասին: Ցավոք, ինչպես և սպասվում էր, հրաշք տեղի չունեցավ՝ Սերժ Սարգսյանը չհամարձակվեց վտանգելով իր աթոռը՝ գնալ երկիրը փրկելուն ուղղված ռադիկալ բարեփոխումների: Նա գերադասեց իր աթոռը ամրացնել օտար ափերում՝ աշխարհի ուժեղներին ծառայելով, չխորշելով անգամ ամենանվաստացուցիչ ու ազգադավ քայլերից: Այդ խելացնոր, հակապետական գործունեության արդյունքում ծանր հարվածներ հասցվեցին Հայաստանի միջազգային վարկին, վատթարացան հայ-թուրքական հարաբերությունները, ամբողջ աշխարհին ի ցույց դրվեց Ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնելու մեր իշխանությունների պատրաստակամությունը, թուրքերը լրացուցիչ լծակներ ձեռք բերեցին ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա ազդելու համար ու, վերջապես, է՛լ ավելի խորացվեց մեր քաղաքական ու տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Ու ամենացավալին այն է, որ Սարգսյանին հաջողվեց նման քայլերով իր համար ամրության որոշակի պաշար ստեղծել: Իսկ կառավարության «լիբերալ բարեփոխիչները» սովորական, գորշ պատեհապաշտներ ու կոմֆորմիստներ դարձան, ու հենց իրենց ձեռքով էլ շարունակվեց ազատականության խեղդումը: Որպես վառ օրինակ բերեմ հեռուստատեսության թվայնացման պատրվակով դրանց ձեռնարկած ցինիկ քայլերը «Ա1+» հեռուստաընկերության վերաբացումը արգելափակելու ուղղությամբ: Ինչևիցե, բարեփոխումներ չեղան, հայրենի իշխանամետ օլիգարխ-թալանչիների գլխից մի մազ անգամ չպակասեց, վրա հասած համաշխարհային տնտեսական ճգնաժամը զուգորդվեց սեփական սխալների արգասիքով, աննախադեպ խոր սեփական ճգնաժամով, որն իբր հաղթահարելու համար ահռելի պարտքերի տակ մտցրեցին մեզ ու մեր գալիք սերունդներին: Քաղաքական ազատությունները ոչ միայն չվերականգնվեցին, այլև է՛լ ավելի ցինիկորեն սկսեցին ոտնահարվել: Հիմա այս նկարագրածս իրավիճակի գնահատականը ո՞րն է: Գնահատականը, ցավոք, տվել են այն 61 000 ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 8 ամսում լքել են իրենց հայրենիքը: Հարցնում եք՝ կործանում հնարավո՞ր է: Իհարկե՛ հնարավոր է, քանի դեռ հանդուրժում ենք Սերժ Սարգսյանի նման անվերահսկելի կործանիչին սավառնել իշխանությունում, մարդու, որն իր ընտրությունը վաղուց կատարել է՝ փող ու իշխանություն ամեն գնով:

-ՀԱԿ մի շարք գործիչներ պնդում են, թե Հայաստանում արտահերթ ընտրություններ են լինելու։ Նույնիսկ ժամկետներ են նշում։ Պարզ չէ՞ արդյոք, որ ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրությունները բացառվում են, եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի։

-Չգիտեմ՝ այդ ինչ գործիչների շարք է: Կարծեմ մեկ անգամ, նախորդ՝ գարնանային հանրահավաքի ժամանակ է պահանջ դրվել մինչև սեպտեմբեր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Եթե հիմա այլ պնդողներ էլ կան, կարծում եմ, այդ պնդումները բարի ցանկությունների ոլորտից են: Ստեղծված իրավիճակում, այո՛, բացառվում է, որ իշխանությունները կամավոր գնան արտահերթ ընտրությունների: Բայց ո՞վ ասաց, որ հնարավոր չէ իրավիճակը փոխել, հնարավոր չէ պարտադրել: Խնդիրը հենց սա՛ է՝ արդյոք մինչև հիմա արվե՞լ են անհրաժեշտ քայլեր՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ, և արդյոք վերանայվե՞լ են այն մոտեցումները, ըստ որոնց քաղաքացիական անհնազանդության զինանոցը դրվել էր մի կողմ, այդ պայքարի մեթոդաբանությունը պիտակվել էր որպես հեղափոխական և դրան ի հակադրություն՝ հռչակվել էր սահմանադրական պայքարի ուղին, որը վաղուց դարձել է անգործության հոմանիշ: Թե ինչո՞ւ էին որոշել, որ քաղաքացիական անհնազանդությունը՝ ոչ բռնի մեթոդներով, անզեն պայքարը բռնապետության դեմ հակասահմանադրական է, չգիտեմ:

-Այն գործելաոճը, որ որդեգրել է ՀԱԿ-ը, չի՞ հանգեցնի «Արդարություն» դաշինքի ճակատագրին։ Ինչպիսի՞ նմանություններ եք տեսնում այդ դաշինքի և ՀԱԿ-ի միջև։

-Հիմա՝ վերջին հանրահավաքից հետո, գործելավոճի փոփոխության հույսեր են արթնացել: Շատերն են Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նոր շեշտադրումներ նկատել: Ու այդպիսիք իսկապես կան: Ես դրանց քիչ ուշ կանդրադառնամ, բայց այս կապակցությամբ հետաքրքիրն ի՞նչ է՝ հիմա որոշ գործիչներ առատորեն օգտագործում են «նոր վճռական փուլ» , «պայքարի ակտիվացում», «վերածնունդ» և այլ նմանատիպ բնորոշումներ՝ հաշվի չառնելով, որ եթե հիմա վճռական է, ուրեմն ոչ վճռական փուլ էլ է եղել, եթե ակտիվացում է, ուրեմն պասիվ փուլում էլ ենք եղել, ու մոռանալով նաև, որ օրեր առաջ փութաջանորեն հերքում էին պասիվության ու անվճռականության վերաբերյալ քննադատությունը, իսկ քննադատել համարձակվողներին հայտարարում ծախված դավաճաններ: Եթե ՀԱԿ գործելաոճը նրա անդամների գործելաոճի հանրագումարն է, ապա ես ուզում եմ իմ խորը անհանգստությունը հայտնել անհանդուժողականություն, վհուկների որս հրահրող այն հրապարակումների վերաբերյալ, որոնք հրապարակ են իջնում վերջերս՝ հիմնականում Աշոտ Սարգսյան ստորագրությամբ: Հիմա՝ շեշտադրումների փոփոխության մասին: Պարոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում իր ելույթի սկզբում անդրադարձավ ՀՀՇ 17-րդ համագումարի իր ելույթին, և այդտեղ կարևոր էր ոչ միայն այն, ինչը նորից ընթերցվեց ու արձանագրվեց, այլ նաև այն, ինչը այս անգամ չընթերցվեց, ուստի և՝ չարձանագրվեց: Ու այս անգամ ես չեմ կարող նախորդ անգամվա պես հայտարարել, որ «պայքարի առաջնորդը պայքարի հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսեց այդ պայքարի անիմաստության մասին»: Այս անգամ մենք լսեցինք և՛ սուր քննադատություն, և՛ կոնկրետ պահանջներ, խոսվեց նաև մոտակա ծրագրերի մասին: Գաղտնիք չէ, որ այս հանրահավաքի վերաբերյալ երկու հակադիր՝ լավատեսական և հոռետեսական տեսակետներ կան: Ըստ հոռետեսների՝ ՀԱԿ-ը պարզապես ստիպված էր ակտիվացման ձևական նշաններ ցույց տալ, քանի որ հակառակ դեպքում իսպառ կկորցներ զանգվածների օժանդակությունը և ընդհանրապես դուրս կմղվեր քաղաքական թատերաբեմից: Հոռետեսները պնդում են նաև, որ իրականում ոչ մի իշխանափոխության խնդիր արդեն վաղուց դրված չէ, ու ՀԱԿ-ը պարզապես ուզում է պահպանել սեփական էլեկտորատը հերթական խորհրդարանական ընտրություններին իր համեստ փայաբաժնին տիրանալու համար: Լավատեսները, որոնց թվին առայժմ դասում եմ նաև ինձ, չեն կորցնում իրական պայքարը վերսկսված տեսնելու հույսը, ափսոսում են կորցրած ժամանակի և մասնակիորեն մսխված մարդկային ներուժի համար, պայքարում են ՀԱԿ-ի ներքին ժողովրդավարացման ու ազատականացման համար: Ովքե՞ր են ճիշտ, կարծում եմ՝ պարզ և տեսանելի կլինի շատ շուտով: Որովհետև իրական պայքար վերսկսելու հրամայականի առջև կանգնած ՀԱԿ-ը պարտադրված կլինի ինքնամաքրվել, վերակազմավորվել, վերանայել իր ներքին կառուցվածքը, գործարկել ներքին ժողովրդավարության և ազատականության հզոր շարժիչները, փոխել քնկոտ գործելաոճը, անցնել օպերատիվ կառավարման ու համարյա շուրջօրյա աշխատանքի ռեժիմի: Պարտավորված կլինի նաև վերհիշել նախապես հայտարարված իր վերկուսակցական առաքելությունն ու զերծ մնալ բոլոր անդամակցող ուժերի անունից հիմնական խնդրին չվերաբերող հարցերի վերաբերյալ միասնական տեսակետ ձևավորելու կամ պարտադրելու գայթակղությունից: Հանուն երկրում օրինականության վերականգնման՝ պետք է մի կողմ թողնվեն գաղափարական տարբերությունները, ամբիցիաներն ու մանր-մունր վեճերը, ու նորից պետք է փորձել կոնսոլիդացնել բոլոր քաղաքական ուժերին: Չէ՞ որ, համապատասխան վստահության մթնոլորտ ստեղծելու դեպքում, իրապես քաղաքական ուժերը չեն կարող շահագրգռված չլինել երկրում օրինականության վերականգնման և քաղաքական ազատ մրցակցային դաշտի վերստեղծման հարցում:

-Փաստորեն ՀԱԿ-ի ընդլայնման կոչ ե՞ք անում:

-Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ: Ավելին, այն անիմաստ է, եթե դրա արդյունքում չեն հիմնվելու որակապես նոր՝ զարգացում ապահովող հասարակական հարաբերություններ: Իսկ երկրի զարգացումն ապահովելու համար, օրինականությունը վերականգնելու, կուսակցությունների համար քաղաքական արդար մրցակցային դաշտ ստեղծելու խնդիր պետք է լուծվի: Դա անելու համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական, շեշտում եմ, քաղաքակա՛ն ուժերի ու երկրի գիտակից, արժանապատիվ քաղաքացիների կոնսոլիդացիա: ՀԱԿ-ը՝ որպես իրական ընդդիմադիր կառույց, որպես ընդդիմադիր զանգվածի մեծ մասի շահերի ներկայացուցիչ, կարող է նման կոնսոլիդացիոն հարթակի դեր ստանձնել: Կարող է նաև մեկ այլ՝ ավելի լայն ժողովրդական ճակատի ստեղծման նախաձեռնողը և կամ լիիրավ մասնակիցը լինել: Այստեղ ինձ համար էական տարբերություն չկա՝ միայն թե խնդիրը լուծվի: Երկու դեպքում էլ մասնակիցների միջև պետք է կայացվեն բաց, հրապարակային համաձայնություններ: Պետք է հստակ որոշվի խնդիրների այն շատ նեղ շրջանակը՝ օրինակ, բռնապետին հրաժարականի պարտադրում ու արտահերթ արդար ընտրությունների անցկացում, որի շուրջ կայացվում է համախմբումը, պետք է ընդհանուր գծերով որոշվի գործելակերպը ու հստակ նշվի մինչև արտահերթ ընտրություններն ընկած անցումային շրջանի անելիքներն ու ժամանկացույցը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը