Հարցազրույց

26.08.2015 21:50


Մ. Զոլյան. «Կո՞ղմ եք, որ Սերժ Սարգսյանը ևս մի 10-20 տարի ղեկավարի Հայաստանը»

Մ. Զոլյան. «Կո՞ղմ եք, որ Սերժ Սարգսյանը ևս մի 10-20 տարի ղեկավարի Հայաստանը»

Սահմանադրական փոփոխությունների, Վենետիկի հանձնաժողովի անդամների՝ Հայաստան կատարած այցելության և առաջարկների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:

-Պարոն Զոլյան, այս օրերին Վենետիկի հանձնաժողովի անդամները Հայաստանում են: Նրանք հանդես են գալիս որոշակի առաջարկներով։ Եթե իշխանությունները հաշվի առնեն ինչպես հանձնաժողովի, այնպես էլ փոփոխություններով մտահոգված քաղաքական, հասարակական գործիչների առաջարկները, հնարավոր համարո՞ւմ եք, որ ստանանք իրապես բարեփոխված Մայր օրենք, որը որակապես ավելի լավ Հայաստան ունենալու գրավական կդառնա:

-Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է Վենետիկի հանձնաժողովը, ինչ գործառույթներ ունի և ինչպես է այն աշխատում: Եթե որևէ երկրի կառավարություն դիմում է Վենետիկի հանձնաժողովին որոշակի բարեփոխումների առաջարկներ գնահատելու համար, հանձնաժողովը պետք է ելնի այն ենթադրությունից, որ այդ կառավարությունն արտահայտում է երկրի շահերը և վայելում է հասարակության աջակցությունից: Վենետիկի հանձնաժողովի լիազորությունների շրջանակում չէ կասկածի տակ դնել բարեփոխման անհրաժեշտությունը որպես այդպիսին, նրանք կարող են միայն քննարկել իրենց ներկայացված տեքստը: Բացի այդ, նրանք եվրոպական չինովնիկներ են, որոնց ընդհանրապես բնորոշ է դիվանագիտական լեզվով արտահայտվելը: Այսինքն, գործնականում հնարավոր չէ պատկերացնել այնպիսի իրավիճակ, որ Վենետիկի հանձնաժողովը հայտարարի «ոչ, դուք պետք է հրաժարվեք այս բարեփոխումներից»: Այնուամենայնիվ, անգամ այս ամենով հանդերձ Վենետիկի հանձնաժողովը մի շարք հարցերում բավականին լուրջ քննադատություն է հնչեցրել, ինչը խոսում է այն մասին, որ սահմանադրական փոփոխության առաջարկը միանշանակ չի ընկալվում: Սակայն ցանկացած դեպքում, անգամ եթե Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները հաշվի առնվեն, դա չի նշանակում, որ սահմանադրական բարեփոխման գործընթացի էությունը դրանից կփոխվի. այն ձեռնարկվել է Սերժ Սարգսյանի քաղաքական երկարակեցությունն ապահովելու համար և այդ նպատակին էլ կծառայի, անգամ եթե տեքստի առանձին թերություններ կշտկվեն:

Այսօր Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն այն հարցին, թե կարո՞ղ եք երաշխավորել, որ այս փոփոխություններից հետո ՀՀ Սահմանադրությունն ավելի ժողովրդավար կլինի, արձագանքել է, թե չեն կարող «սերտիֆիկատ» տալ, որ 2-3 տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի, քան այսօր: Հանձնաժողովն այսպիսով փորձում է պատասխանատվությունը թոթափել, որ եթե ինչ-որ բան չստացվի

Գիտեք, հայոց պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ մենք ինչ-որ մեծ սպասելիքներ ենք ունեցել ինչ-ինչ միջազգային մարմիններից, որոնք այդ սպասելիքներն արդարացնելու ո՛չ հնարավորություն են ունեցել, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ընդհանրապես դա իրենց գործն է եղել: Հիմա նման մի իրավիճակ ունենք Վենետիկի հանձնաժողովի հետ կապված: Վենետիկի հանձնաժողովի գործառույթն է մասնագիտական եզրակացություն տալ կոնկրետ փաստաթղթի տեքստի վերաբերյալ: Նրանք ոչ ցանկանում են, ոչ էլ լիազորություն ունեն քննարկել հարցի քաղաքական կողմը, այն է՝ արդյոք Հայաստանին պետք է սահմանադրական բարեփոխում ընդհանրապես, արդյոք Հայաստանում պետք է փոխել կառավարման համակարգը, արդյոք սահմանադրական բարեփոխման արդյունքում Հայաստանը կդառնա ավելի կամ պակաս ժողովրդավար: Այս հարցերին պետք է պատասխանի մեր հասարակությունը:

Քաղաքական որոշ ուժեր իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Կան նաև ուժեր, որոնք փորձում են համախմբվել՝ տապալելու այս փոփոխությունները: Կոնսոլիդացիա ապահովել հնարավոր կլինի՞, թե՞ ոչ:

Այսօր առայժմ կոնսոլիդացիայի նշաններ մենք չենք տեսնում, բայց իրավիճակը կարող է փոխվել, երբ հանրության լայն շրջաններ գիտակցեն, թե որն է այս բարեփոխման իրական հետևանքը. այն է, որ Սերժ Սարգսյանն այս ամենի արդյունքում հնարավորություն կստանա ցմահ ղեկավարել երկիրը: Երբ հարցը դրվում է՝ «դուք կո՞ղմ եք սահմանադրական բարեփոխումներին, թե՞ ոչ», սա գրեթե ոչինչ չի ասում քաղաքացիների մեծ մասին: Բայց եթե հարցը դրվի «դուք կո՞ղմ եք, որ Սերժ Սարգսյանը ևս մի տասը-քսան տարի ղեկավարի Հայաստանը», կարծում եմ միանգամայն այլ արձագանք կլինի, այդ թվում նաև այն մարդկանց շրջանում, որոնք պատրաստ կլինեին հաջորդ ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի մեկ այլ թեկնածուի օգտին: Բայց որպեսզի այս ամենը հասցվի քաղաքացիներին, իհարկե, պետք են լուրջ ֆինանսական և մեդիա ռեսուրսներ, որոնք ընդդիմությունն այսօր չունի: Մյուս կողմից գոյություն ունեն իշխանական կամ մերձիշխանական դաշտի առանձին հատվածներ, որոնք բացահայտորեն չեն կարող կամ չեն ուզում հանդես գալ Սերժ Սարգսյանի դեմ, բայց նաև առանձնապես խանդավառված չեն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման գաղափարով: Այնպես որ, այսօր իրավիճակը դժվար է կանխատեսել, առավել ևս, որ այս ամենին ավելանում են խորացող տնտեսական խնդիրները և անկայուն իրավիճակը հետխորհրդային ամբողջ տարածաշրջանում:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը