Լրահոս

16.11.2009 18:10


Տեր–Պետրոսյանի ելույթի արձագանքները Գյումրիից

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո Գյումրիի քաղաքական դաշտում քննարկումներ  և բանավեճեր են ընթանում, թե իրականում ի՞նչ է ասել ՀԱԿ առաջնորդը: Եթե ՀԱԿ ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են վերծանել իրենց առաջնորդի ելույթը և հակափաստարկներ բերել այն մեղադրանքների դեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքական ասպարեզից, ապա քաղաքական-հասարակական  մյուս ուժերը հակված են կարծելու, որ Տեր-Պետրոսյանի ելույթն անհրաժեշտ չէ «լևոներենից» թարգմանել հայերեն, քանի որ պարզից էլ պարզ է, որ առաջին նախագահն իր վերջին ելույթով առնվազն եզրափակում է վերջին երկու տարվա պայքարի գործընթացը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հետևյալ կերպ է մեկնաբանում ՀԱԿ առաջնորդի բացատրական ելույթը. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն  իրավիճակային էր. նա իրականում ասաց այն՝ ինչ հիմա կարող է անել: Իրականում նրա մասին ավելի մեծ կարծիք ունեին, քան ինքն իր մասին։ Իմ կարծիքով նա, ի տարբերություն իր շրջապատի, հստակ գիտակցում է սեփական հնարավորությունները և այն, որ այս պահին ինքը ոչինչ չի կարող անել: Ավելին, պատռվեց Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծված միֆը, որ նա միակն է ու անկրկնելին: Իրականում ՀԱԿ առաջնորդը լուծել է իր առաջ դրած մաքսիմում խնդիրը, այն է՝ հասարակության առաջ գոնե ինչ-որ չափով մաքրագործվել: Նա հասել է իր նպատակին։ Այլ հարց է, որ իրեն հավատացող մարդկանց է «քաշել»: Այս ելույթով ՀԱԿ առաջնորդը եզրափակեց մեկ տարի ու կես տևած իր պայքարը»,- ասում է Վահան Թումասյանը:

Իսկ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը ՀԱԿ առաջնորդի ելույթը մեկնաբանում է ընդդիմադիր դաշտում տիրող մրցակցության տրամաբանությունից ելնելով. «Վերջին ելույթից ես մի բան հասկացա՝ մարդ, որը չի հասկանում և չգիտի, թե հետո ի՞նչ է անելու և գտնվում է փակուղային իրավիճակում, հասկանում է, որ կորցրել է իրեն աջակցող ժողովրդին և մենակ է մնացել: Վախենում է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ 1996-ի նման 2 տոկոս ձայն է հավաքելու: Հիմա փորձում էր սիրաշահել Սերժ Սարգսյանին, ողջունում նրա քայլերն արտաքին քաղաքականության ոլորտում, չնայած հետո ներքին քաղաքականության առումով քննադատում, բայց դա արդեն էական չէ: Ես կարծում եմ, որ նրա հիմնական պայքարն ընդդիմադիր դաշտում առաջատար մնալն է։ Հասկանում է, որ ՀՅԴ-ն ձեռքից իր «խաղալիքը» վերցրել է, հիմա նստած լաց է լինում, դրա համար էլ ՀՅԴ-ին էր քննադատում»,- յուրօրինակ կերպով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մեկնաբանում է Արտակ Ավետիսյանը:

Իսկ շարքային քաղաքացիները հիմնականում տեղյակ չէին, թե ի՞նչ է ասել առաջին նախագահը, իսկ նրա վերջին ելույթին ծանոթ մի մանկավարժ՝ Մինասյան Լարիսան, ասել է հետևյալը. «Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին պահվածքն ինձ մի բան է հուշում՝ նրան պետք է շնորհել «Ավազակապետության պատվավոր հիմնադիր նախագահ» տիտղոսը և Սերժ Սարգսյանի հետ քարշ տալ դատարան՝ մարտի մեկին թափված արյան դիմաց պատասխան տալու»:

 Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը