Լրահոս

16.11.2009 18:01


ԼՂՀ նախկին նախագահը անկեղծացե՞լ է

ԼՂՀ նախկին նախագահը անկեղծացե՞լ է

Ըստ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ոչ պրոֆեսիոնալ են և բազմաթիվ սխալներ են պարունակում, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարը թույլ է ու անպատրաստ։ Այսպես է սկսվում «USA Armenian Life» պարբերականի ընդարձակ հոդվածը, որը, հղում անելով «Նոյան տապան» գործակալությանը, տեղեկացնում է, որ այս օրերին Արցախի նախկին նախագահ, ներկայումս հատուկ հանձնարարությունների հարցով ՀՀ դեսպան  Արկադի Ղուկասյանը Միացյալ Նահանգներում ու Կանադայում է, որտեղ հանդիպում և զրուցում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նվիրաբերություններ անել նոյեմբերի 26-ին կայանալիք Շուշիին նվիրված թելեմարաթոնին։

«Սակայն Ղուկասյանի ելույթի նշանակալի մասը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրություններին, և նրա ելույթը բավականին քաղաքականացված էր։ Նա մատնանշեց արձանագրությունների համատեքստում բազմաթիվ խնդիրներ։ Միևնույն ժամանակ նա անընդհատ ընդգծում էր նախագահի անձնուրաց հայրենասիրությունը և հավասարակշռում փաստարկները։ Հավանաբար դիրքորոշման այս դրսևորումը պայմանավորված էր վերջինիս ծառայողական պարտականություններով»,-գրում է «USA Armenian Life»-ի թղթակիցը Ղուկասյանի՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։ Ապա ավելացնում է, որ Արկադի Ղուկասյանն ասել է, թե լավ է հասկանում Սփյուռքի մտահոգությունները։

«Ես հասկանում եմ, որ Սփյուռքի հետ երկխոսությունը սկսվեց գործընթացի վերջում միայն, և սա, անկասկած, մեծ սխալ էր։ Ես նաև չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես Սփյուռքի պայծառ մտքերը չընդգրկվեցին այս գործընթացում,-Արկադի Ղուկասյանի խոսքերն է փոխանցում պարբերականը, ապա ավելացնում,- հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը սխալ է թույլ տվել, սակայն նա նվիրված ու հայրենասեր քաղաքական գործիչ է՝ գործընթացի ողջ պատասխանատվությունն իր ուսերին կրող»։

Պարբերականի փոխանցմամբ՝ Արկադի Ղուկասյանը նաև կոչ է արել Սփյուռքին շարունակել ակտիվ ու պահանջատեր լինել Ցեղասպանության ճանաչման հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը