Հարցազրույց

17.08.2015 14:35


Արմեն Գրիգորյան. «Սերժ Սարգսյանի ամենաչսիրած հոդվածը ներկայիս Սահմանադրությունում 50-րդն է»

Արմեն Գրիգորյան. «Սերժ Սարգսյանի ամենաչսիրած հոդվածը ներկայիս Սահմանադրությունում 50-րդն է»

Zham.am-ի հետ զրույցում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին, հասարակական մոբիլիզացիային, առկա գործընթացներին և շարժման հետագա գործողություններին:

-Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ եղել են դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչները դրական են ընդունել քաղաքացիական այս կամ այն շարժումները, նույնիսկ հրապարակային դրական արձագանք տվել: «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժումը նման արձագանքի չի արժանանում իշխանության ներկայացուցիչների կողմից, ավելին` վերջին շրջանում նկատելի է «կա՛մ վատ, կա՛մ ոչինչ» սկզբունքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:

-Մեզ համար կարևորը հանրության, ինչպես նաև քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության գնահատականն է, իշխանության գնահատականները մեզ համար զրոյական արժեք ունեն: Մենք հասկանում ենք, որ իշխանությունը փորձելու է հնարավորինս շատ բացասական կարծիք տարածել մեր մասին, ի դեպ, այդ գործընթացը արդեն սկսել են տարբեր լրատվամիջոցների միջոցով, սակայն դրանք երկրորդական են մեզ համար: Մեր նպատակը շարունակում է մնալ միասնական ճակատի ձևավորումը, և եթե դրա մասին դրական կարծիք ունեն մեզ հետ համագործակցության ցանկություն հայտնած քաղաքական ու քաղաքացիական ուժերը, ինչպես նաև անհատները, ապա իշխանության կարծիքը ոչ կարևոր է դառնում:

-Շատ է խոսվել այն մասին, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացմանը, ինչը՝ հակասահմանադրական է: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ «Չե՛ք անցկացնին» միաժամանակ պայքարում է և՛ սահմանադրական փոփոխությունների դեմ, և՛ երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար:

-Սերժ Սարգսյանի ամենաչսիրած հոդվածը ներկայիս Սահմանադրությունում հանդիսանում է 50-րդ հոդվածը, որը նրան արգելում է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Հենց այդ հոդվածի պատճառով էլ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները, և ցանկանում է այդ փոփոխությունների միջոցով վերարտադրել իր իշխանությունը: Եթե պայքարի միջոցով հաջողվում է արգելել այդ փոփոխությունը, ապա դա նշանակում է, որ պաշտպանվում է նաև սահմանադրակարգը: Այսինքն, սահմանադրակարգին նետված մարտահրավերի չեզոքացումը կլինի սահմանադրակարգի պաշտպանություն:

-Ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել սահմանադրական փոփոխությունների դեմ հասարակական մոբիլիզացիան:

–Ինչպես արդեն նշել եմ, մենք հանդիպումներ ենք անցկացնում դաշտի բոլոր ակտիվ միավորների հետ: Նաև պլանավորում ենք գործողություններ: Հավանական գործողություններից մեկը սեպտեմբերին ակնկալվող համաժողովն է: Բոլոր այդ գործողությունները ուղղված են մոբլիզիզացիայի ապահովմանը: Նախատեսում ենք նաև համայնքային հանդիպումներ, և եթե այդ գործողությունները հաջողություն ունենան, ապա միանշանակ կլինի հանրային մոբիլիզացիա և հնարավոր կլինի տապալել սահմանադրական փոփոխությունները:

-Եթե պայքարի արդյունքում ՀՀ քաղաքացիներին չհաջողվի ապահովել իշխանության ձևավորման իրենց սահմանադրական իրավունքը, ի՞նչ հետևանքներ կունենա դա պետության ու ՀՀ քաղաքացիների համար:

-Սահմանադրական փոփոխությունների հաջողման դեպքում նախ հաստատվելու է Սերժ Սարգսյանի հավերժ իշխանությունը, ինչը նշանակում է, որ շարունակվելու է արտագաղթը, տնտեսական անկումը, աղքատության և պետական պարտքի աճը: Մի խոսքով, այսօրվա բացասական գործընթացները կրկնապատկվելու են Հայաստանում: Իսկ դա տեղի չունենալու համար պետք է թույլ չտալ սահմանադրական փոփոխությունները, որպեսզի դրական փոփոխությունների հնարավորություն ստեղծվի:

Մանրամասները՝ Zham.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը