Մեկնաբանություն

20.08.2015 00:05


Սերժ Սարգսյանի կարգախոսը. «Ռոբե՛րտ, հեռացի՛ր»

Սերժ Սարգսյանի կարգախոսը. «Ռոբե՛րտ, հեռացի՛ր»

Ֆորեստոլը ԱՄՆ պաշտպանության այն նախարարն էր, ով «սառը պատերազմի» տարիներին իր պատուհանից կարմիր գույնի մեքենա տեսավ ու ցած նետվեց բարձրահարկ շենքի 16րդ հարկից՝ գոռալով՝ «Ռուսներն են գալի՜ս»։

Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ում տառապում են Ֆորեստոլի սինդրոմով։ «Սահմանադրական» հեղաշրջման պատրաստվողներն ամենուրեք Ռոբերտ Քոչարյանին են տեսնում։

«Գալի՜ս է»,– գոռում են սրանք։

Արդյունքում՝ շատ զվարճալի ու «մազալու» բան է ստացվում։

Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանին հիշելու այլ պատճառ էլ ունի Սերժ Սարգսյանը։ Իրեն թվում է, թե Քոչարյանի հետ համեմատվելուց կշահի, ու հնարավորություն կստանա «մուտիլովկաներ» տարածել։

Զարմանալի է, որ հանրային տրամադրություններին տիրապետելու առումով բավական ադեկվատ Սերժ Սարգսյանն ադեկվատ չէ Ռոբերտ Քոչարյանի հարցում։ Կամ էլ՝ չափից դուրս տեղեկացված է ու ադեկվատ, և այդ իսկ պատճառով է գոռում՝ «Գալի՜ս է»։

Քոչարյանի դեմ կռիվ տալը Սարգսյանի համար ունի նաև տեխնոլոգիական նշանակություն։ Նա գիտի, որ «սահմանադրական» հեղաշրջման հակառակորդները հանրաքվեն փորձելու են վերածել իր անվստահության միջոցառման ու գնալ իշխանափոխության։

Ակնհայտ է, որ «ոչ»–ի կողմնակիցները «ոչ» են ասում Սերժ Սարգսյանին և «այո»՝ իշխանափոխությանն ու քաղաքատնտեսական լուրջ փոփոխություններին։

Սարգսյանին սատարող քարոզչամեքենան որոշել է «ոչ»–ը նույնացնել Ռոբերտ Քոչարյանին «այո» ասելու հետ՝ դրանով իսկ ակամայից մեծ նվեր մատուցելով ՀՀ երկրորդ նախագահին։

Սարգսյանը չի կարողանում պոզիտիվ քարոզ տանել սահմանադրական փոփոխությունների առումով։ Այդ իսկ պատճառով էլ շրջանառության մեջ է դրել հետևյալ բանաձևը՝ «ՀՀ քաղաքացինե՛ր, և՛ գործող Սահմանադրության, և՛ փոփոխվողի դեպքում դուք լավ չեք ապրելու. շարունակելու են խախտվել ձեր իրավունքները, իսկ ես շարունակելու եմ Հայաստանի ՀԷՑ–ացումը, այնպես որ, ավելի լավ է՝ ակտիվորեն չմտնեք պայքարի դաշտ։ Համ էլ՝ իմ առաջարկած Սահմանադրության դեմ դուրս չգալով՝ ինձնից պրծում չեք ունենա, բայց «զատո» Ռոբերտ Քոչարյանի դեմը կառնեք»։

Իշխանական նեղ շրջանակին թվում է, թե իրենք Քոչարյանի դեմ աշխատելով՝ կարող են «սահմանադրական» հեղաշրջման համար դրական ֆոն ապահովել։ Ինչպիսի՜ սխալ հաշվարկ։ Այդ «ծիխնոլոգներին» հետագայում կարելի է ներքին կարգով «պրեմիա» տալ՝ հանրության օգտին ակամայից աշխատելու համար։ Մնում է, որ հանրությունը կարողանա օգտվել «ծիխնոլոգների» մատուցած նվերից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը