Մեկնաբանություն

15.08.2015 16:00


Երկքայլանի կոմբինացիաներ. ո՞վ կհաղթի

Երկքայլանի կոմբինացիաներ. ո՞վ կհաղթի

Սերժ Սարգսյանի գլխավոր մարտավարությունը մշտապես եղել է «տակից» գործելը։ Այսինքն, այնպես անելը, որ իր անունը դուրս չգա, և ուրիշները «պոդստավկա լինեն»։

Այդպես է եղել նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքում՝ սկսած Ղարաբաղից։ Այդպես է նաև հիմա, երբ նա սահմանադրափոխության փուլում թաքնվել է կուսակիցների, «սահմանադրագետների», գագիկհարությունյանների, նիկոլփաշինյանների, «անկախ» մամուլի և սադրիչ «քաղաքացիական» դիշովկեքի հետևում։

Ավելին՝ Սարգսյանն իր ու այլոց շուրթերով տարածում է, թե, իբր, ինքը հեռանալու է պետական կառավարման համակարգից, ու ոչ մի բարձր պաշտոն չի զբաղեցնելու։ ՀՀԿ ղեկավարը, փաստորեն, շատ լավ է տիրապետում հանրային տրամադրություններին և այդ իսկ պատճառով էլ շրջանառության մեջ է դրել իր հեռանալու կեղծ թեզը՝ հույս ունենալով, որ այդպիսով կթուլացնի հանրային ակտիվությունը։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ, այլ «սահմանադրական» հեղաշրջման միջոցով ուզում է ամբողջ իշխանությունն իր ձեռքում պահել՝ զրո պատասխանատվությամբ։ Ամենահարմար տարբերակն, ըստ նոր Սահմանադրության նախագծի, խորհրդարանական կայուն մեծամասնության ղեկավարի ու ԱԺ խոսնակի դերերի համատեղումն է։ ՀՀԿ ղեկավարը հենց դա էլ ուզում է, բայց խաբում է, թե, իբր, բան չի ուզում, այլ միայն ցանկանում է, որպեսզի ՀՀ–ում մարդու իրավունքները պաշտպանված լինեն (թե քանի չորքոտանի կհավատա այս պնդմանը, թողնենք գելափների ու ադիբեկյաննների «հարցումներին»)։

Իր նպատակին հասնելու համար Սարգսյանին երկու ընտրական գործընթաց է պետք մարսել, որից հետո ընտրություններ, որպես այդպիսիք, Հայաստանում չեն լինի։

Առաջին ընտրական գործընթացը սահմանադրական հանրաքվեն է, երկրորդ գործընթացը՝ նոր Սահմանադրության շրջանակներում «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ձևավորելը։

Եթե սերժսարգսյանական սցենարը կյանքի կոչվի, ապա մեզանում կհաստատվեն թուրքմենբաշիական բարքեր ու միջինասիական երկրներին բնորոշ հարաբերություններ, որոնց հետևանքները դժվար չէ կռահել։

Սարգսյանի այս երկքայլանի ծրագրին հանրությունն ու քաղաքական սուբյեկտները պետք է հակադրեն մեկ այլ երկքայլանոց կոմբինացիա, այն է՝ 1. հանրաքվեի տապալում (ո՛չ սահմանադրափոխությանը և այո՛ գործող Սահմանադրությանը) և 2. նոր իշխանության ձևավորում (ո՛չ Սերժ Սարգսյանին և այո՛ լեգիտիմ ընտրություններով ձևավորված նոր իշխանությանը)։

Նժարի մի կողմում Հայաստանի շահերն են, մյուս կողմում՝ «Վերջի բոլշևիկինը»։ Ընտրությունը մեծ չէ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը