Մեկնաբանություն

15.08.2015 09:55


Բ26–ը պատրաստվում է սադրանքների և ապավինում հաճախորդներին

Բ26–ը պատրաստվում է սադրանքների և ապավինում հաճախորդներին

Սերժ Սարգսյանն ինչպես իր, այնպես էլ իր անձնական շահերի սպասարկման համար փոխվող Սահմանադրության քարոզը տանում է «նեգատիվ» տարբերակով, այսինքն՝ ոչ թե ցույց է տալիս դրական կողմերը (ՀՀԿ ղեկավարը շատ լավ գիտի, որ դրական բաներ չկան), այլ բոլորին վատաբանում։

«Սերժ Սարգսյանը վատն է, բայց բոլորն էլ վատն են», «Միևնույն է, գործող Սահմանադրությամբ էլ են խախտվում մարդու իրավունքները, և ուրեմն, պետք չի մտահոգվել, որ այն փոխվելու է, քանզի նորով էլ է ՀՀ քաղաքացին ոտնահարված իրավունքներով ապրելու, հետևաբար, ի՞նչ տարբերություն, թե որ Սահմանադրությունը կլինի». նմանատիպ քարոզչակոդեր են շրջանառության մեջ դնում Բաղրամյան 26–ից։

Սրանց ասածի ամբողջ նպատակն այն է, որ սահմանադրափոխության գործընթացը հանրային ուշադրության չարժանանա, և իրենք կարողանան հանգիստ կեղծել հանրաքվեի արդյունքները։

Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ի հիմնական հույսը քաղաքական հաճախորդներն են և սադրիչները։

Հաճախորդներին վերապահված է «սահմանադրական» հեղաշրջման դեմ հանդես եկողների հետ կռվի մեջ մտնելն ու «Սա կեղծ օրակարգ է» բանաձևի շրջանակներում հանրությանը պասիվության մղելը, այսինքն՝ ընտրակեղծարարների թիկունքն ապահովելը։

Դե, իսկ սադրիչների գործը, ինչպես միշտ, էժանագին շոու սարքելն ու ոստիկանության հետ համատեղ «սարքոցիներ» կազմակերպելն է։

Սադրիչ գործողությունների առաջին փորձարկումը տեղի ունեցավ երեկ «Ժառանգության» երիտասարդ անդամների դեմ։ Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի թեժ փուլում «Օպերա» օպերացիայի ակտիվ ջատագովի ու վաղուց բացահայտված երիտգործակալի հետ, ըստ ամենայնի, մեծ հույսեր են կապում։ Սերժ Սարգսյանի մոլի երկրպագու Դավիթ Շահնազարյանի թիմակցին վերապահված է սադրանքներ կազմակերպելու և ոստիկանությանը «գործ տալու» ֆունկցիան՝ բնականաբար, «1in.am»–ի տեսախցիկների առաջ (Գագիկ Շամշյանը «դեպքի վայրում» չէր, քանզի սա այլ պրոֆիլ է)։

Ընդդիմության ու հանրության լայն շրջանակների խնդիրն այս պարագայում պետք է լինի սադրանքներին չտրվելը և Սերժի հաճախորդների հետ բանավեճի մեջ չմտնելը։ Սադրիչներին պետք է «պասլատ» անել։ Իսկ ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա դրանց ընդամենը պետք է ցույց տալ իրենց տեղը, բայց չմտնել հիմնական բանավեճի մեջ։

Հիմնական թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանի նախաձեռնած հակասահմանադրական նախաձեռնությունը։ Պարզ է, որ Բ26–ին այլ բան չի մնում, քան իր դիշովկեքի միջոցով գնալ սադրանքների և քաղաքական բանավեճը տեղափոխել հաճախորդների տիրույթ, բայց դե այդ «մուտիտներին» պետք է պատասխանել հստակ դիրքորոշմամբ, այն է՝ «Ո՛չ սահմանադրափոխությանը, ո՛չ Սերժ Սարգսյանին»։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը