Տնտեսական

13.08.2015 21:08


Արտաշատի տարածաշրջանում կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ

Արտաշատի տարածաշրջանում կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 8-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ Արտաշատի տարածաշրջանում գտնվող ամառային արոտավայրերից մեկում կենդանու անկման դեպք է գրանցվել:

Անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով՝ Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն ու մարզային կենտրոնի տեսուչները տեղում պարզել են, որ անկել է մեկ երինջ՝ Այգեզարդ համայնքի բնակչին պատկանող, իսկ Նարեկ համայնքի բնակչին պատկանող մեկ այլ կենդանի ենթարկվել է հարկադիր մորթի: Մսեղիքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդությունը:

Ծառայության մասնագետները արոտավայրում գտնվող կենդանիներին ենթարկել են կլինիկական զննության և համապատասխան բուժում նշանակել: Միաժամանակ հանձնարարել են կիրառել անկումից խուսափելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ծառայությունը հսկողության տակ է պահում տարածքն ու կենդանիների գլխաքանակը՝ հիվանդության առաջին իսկ ախտանշանները տեսնելու դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կատարելու նպատակով:

Պաստերելյոզը ընտանի և վայրի մի շարք կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություն է: Պաստերելյոզի և դրա բուժման մեթոդների մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://ssfs.am/hy/main/content/id/149/alias/pasteurellosis:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը