Մեկնաբանություն

13.08.2015 09:20


Հանրաքվեի առաջին «զոհի» անունը հայտնի է

Հանրաքվեի առաջին «զոհի» անունը հայտնի է

«Անկախ» մամուլով պարբերաբար տարածվում է, որ սահմանադրական հանրաքվեի օգտին քարոզ կազմակերպելու և «այո»–ն ամեն գնով անցկացնելու համար Սերժ Սարգսյանը շտաբ է ձևավորելու, և այդ շտաբի պետ է նշանակելու վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Եթե դա այդպես է, ապա կարելի է ասել, որ սպասվելիք հանրաքվեի առաջին «զոհի» անունը հայտնի է՝ Հովիկ Աբրահամյան։ Ընդ որում, Աբրահամյանը կարող է «քաշվել»՝ անկախ հանրաքվեի արդյունքներից։

Միգուցե Հովիկ Աբրահամյանին Բաղրամյան 26–ից խոստացել են, որ նոր Սահմանադրության շրջանակներում նա կշարունակի պահպանել վարչապետի աթոռը, բայց դա բլեֆ է։

Սարգսյանը պլանավորել է ավարտին հասցնել տնտեսաքաղաքական դաշտի գերկենտրոնացման գործընթացը և վերջնական տեսքի բերել «Մեկ օլիգարխի տնտեսությունը»։ Նոր Սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս է։ Աբրահամյանն ու Հայաստանի բոլոր սեփականատերերը թիրախում են հայտնվելու։ Իսկ թիրախում հայտնվածին ոչ թե պաշտոն են տալիս, այլ հայտարարում «օրենքից» դուրս։

Իսկ եթե «այո»–ն չանցնի, ապա դա նույնպես վատ հետևանքներ կունենա Աբրահամյանի համար, քանզի Սարգսյանը կփորձի հեռանալուց առաջ պատժել շտաբային աշխատանքը «պռավալի տված» վարչապետին։ Անշուշտ, հավանականություն կա, որ ՀՀԿ ղեկավարը չի հասցնի հեռանալուց առաջ վնաս տալ Աբրահամյանին, սակայն այդ հավանականությունը փոքր է։

Հովիկ Աբրահամյանի համար ճիշտը շտաբային աշխատանքից հրաժարվելն է, բայց դե, քաղաքականությամբ զբաղվելու համար հատուկ որակներ են անհրաժեշտ, որոնցից զուրկ է գործող վարչապետը։

Իհարկե, Աբրահամյանի գործն է, թե ինչ ընտրել ու որ ճանապարհով գնալ (պետք է նկատել, որ նա ինքնուրույնությունից գրեթե զուրկ է, հետևաբար զրկված է ընտրության հնարավորությունից)։ Հանրության համար կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանին ու նրա Սահմանադրությանը «Ոչ» ասելու շարժումը հաջողության հասնի։ Իսկ թե իշխանական համակարգում ով ում ինչ կնշանակի, երբ «կքցի» ու երբ «կփչացնի», թող «քցվողներն» ու «փչացողները» մտածեն։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Աբրահամյանին դեռ շտաբի պետ չեն նշանակել, բայց նրան «փչացնելու» և հետագայում «քավության նոխազ» սարքելու գործընթացը մեկնարկել է։

Սերժական շահերը սպասարկող «1in.am»–ը վերևից՝ թռչնի թռիչքի բարձրությունից, տեսանկարահանել է Հովիկ Աբրահամյանի առանձնատունը (մենք համբերությամբ կսպասենք՝ տեսնելու համար, թե երբ է խիստ անկախ ու ընդդիմադիր «1in.am»–ը նույն բարձրությունից նկարահանելու Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորագույն շրջապատին պատկանող ամբողջ սեփականությունը, ընդ որում՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս գտնվող սեփականությունը)։

Պարզ է, որ Հովիկի տունը նկարում ու ցույց են տալիս, որպեսզի մեկ միլիոն աղքատ ունեցող երկրում ատելություն առաջացնեն նրա հանդեպ։ Այդպես բոլշևիկներն էին կուլակների դեմ հակափիար անում, որպեսզի հետագայում «հանրային աջակցությամբ» նրանցից խլեին սեփականությունը։

Այնպես որ, ինչպես ուզում ես՝ «ֆռռա», միևնույն է, քաղաքականությամբ զբաղվելու համար գոնե մի քիչ խելք է պետք։

Այս խորագրի վերջին նյութերը