Մեկնաբանություն

12.08.2015 15:00


Ինչու է Սերժ Սարգսյանը քարոզում Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի դեմ

Ինչու է Սերժ Սարգսյանը քարոզում Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի դեմ

Վարդան Օսկանյանը ներկայացրել է տասը պատճառ, թե ինչու է պետք «ոչ» ասել առաջարկվող սահմանադրական փոփոխություններին։

Եթե ՀՀԿ–ական հաստիքային քարոզիչ, «անկախ» մամուլի ներկայացուցիչ, վճարովի սահմանադրագետ, Գագիկ Հարությունյան կամ «ինստիտուցիոնալ» հաճախորդ չես, ապա դժվար է նախկին արտգործնախարարի հետ չհամաձայնելը։

Ի՞նչ է ասում Օսկանյանը։ Նա ասում է, որ սահմանադրափոխությունը մեկ մարդու և մեկ ուժի վերարտադրման համար է, ինչը չի բխում ՀՀ շահերից։ Իսկ կա՞ մարդ Հայաստանում, որ սա չի հասկանում։

Չհասկացողները կա՛մ պետպատվերով չհասկացողներ են, կա՛մ անմեղսունակներ։ Երրորդ՝ «ինստիտուցիոնալ» տարբերակ չկա։

«Գեբելսյան» քարոզչամեքենան աշխատացնողներն էլ գիտեն, որ Օսկանյանը ճիշտ փաստարկներ է ներկայացնում, ու որպեսզի նրա դեմ կարողանան աշխատել, ընտրել են հետևյալ բանաձևը՝ խոսել Օսկանյանի պաշտոնավարման ժամանակներից, քննադատել Ռոբերտ Քոչարյանին ու վերջիններիս համեմատության մեջ դնել Սերժ Սարգսյանի հետ։ Բաղրամյան 26–ում, թերևս, մտածում են, որ Քոչարյանին ու Օսկանյանին նույնացնելով և նրանց Սերժի հետ համեմատելով՝ շահած դուրս կգան։

Նկատենք, որ ավելի ախմախ քարոզչական տեխնոլոգիա դժվար էր մտածել։ Սերժականներն ակնհայտորեն մնացել են 2008–ի վրա, երբ կարելի էր մեկ–երկու հոգու համոզել, որ Ռոբերտ Քոչարյանի համեմատ՝ Սերժ Սարգսյանը լավն է, բարի է ու առաջադեմ։ Բացի այդ, սրանք փորձում են համոզել, որ Վարդան Օսկանյանի կոմպլեմենտարիզմը զիջում է ՀՀԿ ղեկավարի նախաձեռնողականությանը։

Նախագահի աթոռը զբաղեցնելուց շատ չանցած՝ բոլորը տեսան ու հասկացան, որ Սերժ Սարգսյանը և՛ իր ապահոված արտաքին քաղաքական ու տնտեսական արդյունքներով, և՛ մարդկային որակներով, և՛ կառավարման հմտություններով, և՛ մնացած բոլոր ցուցանիշներով էականորեն զիջում է ՀՀ երկրորդ նախագահին։ Հետևաբար, Քոչարյան–Սարգսյան համեմատությունը վերջինիս օգտին չէ (դա՝ մեղմ ասած)։

Անկեղծ ասած՝ Քոչարյանը մարտավարական առումով պետք է շահագրգռված լինի, որ իրեն անընդհատ համեմատեն Սերժի հետ։ Սերժենց թվում է, թե դրանով իրենք շահում են, բայց դա մե՜ծ մոլորություն է։

Սարգսյանի օգտին չէ նաև Օսկանյանի հետ համեմատվելը։

Տխրահռչակ «նախաձեռնողականության» արդյունքում Հայաստանը մնաց «Ֆուտբոլային» դիվանագիտության տակ, ինչպես նաև հայտնվեց Կրեմլի «պադվալում», ինչը չեղավ ու չէր կարող լինել օսկանյանական կոմպլեմենտարիզմի պայմաններում։ Մեզ Օսկանյանի նախարար եղած ժամանակ հարգում էին ու վստահում և՛ ՌԴ–ում, և՛ Արևմուտքում։ Հիմա ոչ հարգում են, ոչ էլ վստահում։ Հիմա մի հատ Նազարբաևը «փըխկ» է անում, սրանց լեզուները կապ են ընկնում, ու բացվում միայն Ծաղկաձոր հասնելուց հետո՝ ՀՀԿ–ական երիտակտիվի հետ հանդիպման ժամանակ։

Սարգսյանի պատկերացրած կոմպլեմենտարիզմը ռուսներին տեսնելիս ռուսներին քծնելն է, իսկ ամերիկացիներին տեսնելիս՝ ամերիկացիներին քծնելը։ Բայց դրա վերջը Հայաստանի կարգավիճակի թուլացումն է, ինչին էլ ականատես ենք լինում վերջին յոթ տարիների ընթացքում։

Հիմա Սարգսյանը նախաձեռնել է «սահմանադրական» հեղաշրջում, որպեսզի վերարտադրվի։ Օսկանյանը հենց այդ մասին է խոսել։ Իսկ թե ինչ կխոսեն նրա դեմ «Գեբելսյան» քարոզչամեքենայի «վինտիկները», արդեն չորրորդական հարց է։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը