Հարցազրույց

04.02.2011 17:00


Կարինե Խոդիկյան

Կարինե Խոդիկյան

Հարցազրույց արձակագիր Կարինե Խոդիկյանի հետ

-Քաղաքական վերլուծաբաններն այսօր Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների կրկնության հավանականությունը տեսնում են նաև Հայաստանում։ Ըստ Ձեզ՝ հիմնավորվա՞ծ է արդյոք նման համեմատությունը։ 

-Բրեդբերիի գործերից մեկում երկիրը փոխվում է ընդամենը մեկ թիթեռի մահվան պատճառով։ Կասեք՝ գրականություն է։ Բայց իրականությունն էլ 21-րդ դարն է, երբ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումն այսօր փակ սահման չի թողել։ Այսօր ինչ կատարվում է Եգիպտոսում, հենց նույն պահին այդ մասին տեղեկանում է աշխարհը, այդ թվում և մենք։ Ես չգիտեմ, թե ջրի մեջ գցած «եգիպտոսյան քարը» ի՞նչ ալիքներ կառաջացնի հենց Հայաստանում, բայց մի բան արդեն պարզ է. այս օրերին և ՛ հուսահատվածը, և՛ վերջին հույսը փայփայողը, և՛ էությամբ մարտիկը, և՛ խոհեմ քաղքենին տեսան, թե ի՞նչ կարող է լինել, այսպես ասած, պարզ օրն ինչպե՞ս կարող է որոտ պայթել, երբ ամենաթողությունը և անօրինականությունն արդեն սահմանից այն կողմ են անցնում, իսկ մարդկային արժանապատվության ոտնահարումը դառնում է ամենօրյա ինչ-որ մի օրինաչափություն։ Եվ այդ ամենը կարող է միլիոնների հանել, անգամ առանց առաջնորդի, որովհետև մի քանի օր Եգիպտոսում, մինչև ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցչի հայտնվելը, ինչքան գիտեմ, ժողովուրդն ի՛նքն ինքնաբուխ փողոցներում էր։ Ես ավելի լուրջ վերլուծությունը կթողնեմ մասնագետներին, թեև իրավիճակի առումով քաղաքական վերլուծաբանները համեմատության և նմանության շատ եզրեր են տեսնում Հայաստանի և Եգիպտոսի իրավիճակներում։ Այստեղից հետևություն՝ այս պահի լրջությունը հավասարապես պետք է սթափ գիտակցեն ու գնահատեն և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Իսկ ո՞վ կանի ճիշտ և անհրաժեշտ հետևությունը... Ապրենք և տեսնենք։

-Ձեր նշած խնդիրներն առկա էին նաև այն ժամանակ, երբ Վրաստանում «վարդերի հեղափոխությունը» եղավ։ Բայց մեզ մոտ այդ հեղափոխությունը վարակիչ բնույթ չկրեց։ Ինչո՞ւ։

-Ես հիմա էլ չեմ ասում, որ այստեղ էլ կարող է հեղափոխություն լինել։ Ես ասում եմ, որ իրավիճակը պետք է սթափ գնահատեն երկու կողմերն էլ։ «Վարդերի հեղափոխությունը» 2008թ. առաջ էր, և երբ այնտեղ հեղափոխություն էր լինում, այստեղ այս ամենն այդքան չէր լարվել, չէր եղել մարտի 1, մենք չունեինք քաղաքացիներ, որոնք սպանվեցին ընդամենն իրենց ձայնը պաշտպանելու համար, և այս 3 ու ավել տարիներին ձգվող այս քաղաքականությունը չունեինք։ Ինչպես ասում են՝ օրինակը վարակիչ է. եթե այն ժամանակ մեկ հեղափոխություն էր, ապա այստեղ մի ամբողջ շարք է գնում՝ ամբողջ արաբական երկրներում։ Գուցե այս անգամ ինչ-որ բան այլ լինի, քան այն օրերին էր, բայց որ, համենայնդեպս, իրավիճակը կարող է անգամ անսպասելի շատ շիկանալ կամ լրջանալ, այ, դա՛ նկատի ունեմ, որ ասում եմ՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը։

-Խոսեցիք 2008թ. մարտի 1-ի մասին, բայց այսօր Եգիպտոսում ամեն օր է մարտի 1 տեղի ունենում...

-Այո՛։ Այս առումով, երևի, Մուբարաքը բռնակալ է, բայց, համենայնդեպս, մարդասպան չէ։

-Բայց այնտեղ էլ են մարդիկ սպանվում։

-Բայց ո՞ւմ ձեռքից։ Այնտեղ մարդկային զանգվածներն էին, և այս վերջին անգամ 2 հակամարտող կողմերն էին իրար հետ բախվում, իսկ ոստիկանությունը, ինչպես ամբողջ աշխարհի լրատվությունն է պնդում, առաջին օրերին ընդամենը բաժանում էր, իսկ հետո ընդհանրապես հեռացավ, եկան զորքերը, որոնք փորձում են ջրբաժան լինել երկու կողմերի միջև։ Եթե չեմ սխալվում, աշխարհին տրվող լրատվությունն այսպիսին է։

-Լիդերի վճռականության պակասի պատճառը չե՞ք տեսնում։

-Ներողությո՛ւն։ Ի՞նչ վճռականություն, եթե իշխանությունը դեռ այնտեղ մարդկանց սպանում է, ընդ որում ՝զորքը մտցրել է քաղաք դեպքերից շատ առաջ։ Ի՞նչ կարելի էր անել։ Եվ հետո, ես մարդկանց չեմ մեղադրում։ Իշխանությունը պետք է այնքան բարոյականություն ունենար, որ հասկանար, որ իր քաղաքացին իրեն չի ուզում։ Այդքան բան։ Իսկ եթե ինքը գնում է մինչև վերջ, այս մի կողմը գուցե հասկանում է, որ դիմացինը կգնա մինչև վերջ և հետ է կանգնում։ Ոչ մեկը չի կարող դրա գնահատականը տալ։ Մի գնահատական կա ընդամենը՝ որ այդ իշխանությունները սպանեցին իրենց քաղաքացիներին։ Մնացածը, երբ ամեն ինչ կիմանանք՝ ով է տվել հրամանը, ով ինչ է կատարել, ով ում է բերել, հրացանն ում ձեռքն է տվել, այն ժամանակ կխոսենք։

-Իսկ չե՞ք կարծում, որ մեր երկրում այսօր իշխանությունները գնալով ուժեղանում են։

-Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Ինչի՞ց եք ենթադրում, որ ուժեղանում են։ Դուք այդ հարցը տալու հիմքերն ունե՞ք։

-Ակնհայտ է, որ իշխանության լծակներն օրեցօր ավելանում են, երկրի ֆինանսական հոսքերը գնալով կենտրոնանում են մեկ մարդու ձեռքում, իսկ փողոցում էլ այն զորեղ, վճռականությամբ լի ընդդիմությունը չկա, որ կարողանա պայքարել ու դուրս գալ այդ ամենի դեմ։

-Այսօր այդ կարծիքն էլ կա։ Բայց կա նաև հակառակ կարծիքը, որ ինչքան պնդօղակը ամրացնում ես կամ զսպանակը քաշում ես, լարում ես, այնքան հակադարձ հարվածը ուժեղ է լինում։ Այնպես որ ասել, թե այսօր շատ ուժեղ են, իսկ վաղը այդ ուժեղից ի՞նչ դուրս կգա, դա դեռ հարց է։ Այդ ուժեղությանը կամ թուլությանը մի բառով ո՛չ կարող ես ասել՝ հավատում եմ կամ գիտեմ, ո՛չ էլ կարող ես ասել՝ չեմ հավատում կամ չգիտեմ։ Այս տարիներին, հենց թեկուզ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում, այնպիսի ուժեղներ են փլուզվել։ Երբ որ Բեռլինի պատը քանդվեց, մարդիկ նույնիսկ մտածում էին՝ աշխարհի վերջն է։ Բայց քանդվեց, չէ՞։ Մենք հո լավ գիտենք՝ այս երկիրն ինչ վիճակում է։ Ինչքան էլ որ ուժեղացնեն, ուժեղացնեն, ուժեղացնեն՝ վերջը՞։ Այ, այդ վերջի մասին է խոսքը։

-Հիմա Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

-Եթե ասեմ՝ փայլուն, կհավատա՞ք։

-Հետևաբար կարելի՞ է հասկանալ՝ խիստ ծայրահեղ։

-Ես այն օրը կարդացի, որ գազի օգտագործումը կրճատվել է, որ հունվարին գներն ահավոր բարձրացել են՝ ի տարբերություն դեկտեմբերի, մի բան, որ քաղաքակիրթ աշխարհում հակառակն է լինում։ Ես գիտեմ, որ օրական մի գյուղ է դատարկվում Հայաստանում, և այսքանից հետո ի՞նչ եք ուզում, որ ասեմ։ Շա՛տ վատ, ծայրահեղ, «փայլուն»։ Նայած ով ինչպես կնայի։ Օրինակ, իշխանական որոշ պալատական շեփորահարներ հիացած են երկրի տնտեսական նվաճումներով։ Բնականաբար, ես իրենց չեմ հասկանա, իրենք՝ ինձ։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը