Մեկնաբանություն

10.08.2015 11:40


Երրորդն ավելորդ է

Երրորդն ավելորդ է

Սահմանադրափոխության թեմայով երրորդ կարծիք չկա և չի կարող լինել։

Կա՛մ կողմ ես այդ փոփոխությանը, կա՛մ դեմ։ Չես կարող կողմ լինելով՝ դեմ լինել, կամ՝ դեմ լինելով՝ կողմ։

Եթե չես համակերպվում Հայաստանում տիրող իրավիճակի հետ, չես ընդունում վարվող քաղաքականությունը և հասկանում ես (դժվար չէ հասկանալը), որ գործող Սահմանադրությունն ուզում են վերացնել Սերժ Սարգսյանի վերարտադրության նպատակով, ապա պետք է «ոչ» ասես սահմանադրափոխությանը։ Ընդ որում, եթե քաղաքական մարդ ես կամ հասարակական առումով՝ ակտիվ, ապա «ոչ» ասելուն զուգահեռ՝ պետք է նաև գործողությունների դիմես։

Եթե ՀՀԿ–ական ես, դաշնակցական վերնախավի ներկայացուցիչ, Գագիկ Հարությունյան, «ա լյա» Հրայր Թովմասյան ու Վարդան Պողոսյան իրավաբան կամ «պետպատվերով» փորձագետ, ապա պետք է կողմ արտահայտվես «սահմանադրական» հեղաշրջմանը։

Իսկ եթե «թունդ ընդդիմադիր» ես, խելոք–խելոք մտքեր ես հայտնում՝ հիմնավորելով, որ Սահմանադրությունն ուզում են փոխել, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանվի, բայց, միևնույն ժամանակ, հայտարարում ես, թե դա կեղծ օրակարգ է, ու դեռ մի բան էլ շարմազանովների հետ համատեղ քննադատում ես վերարտադրության ծրագրի դեմ պայքարողներին՝ հանրությանը կոչ անելով տանը մնալ ու սպասել «իշու զատկին», ապա դու ոչ թե 3րդ կողմ ես, այլ իշխանական քարոզչամեքենայի 2-րդ էշելոնի ներկայացուցիչ։

Կրկնենք՝ սահմանադրափոխության հարցում երրորդ կողմ լինել չի կարող։ Երրորդն ավելորդ է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը