Մեկնաբանություն

09.08.2015 18:40


Իշխանությունն առաջարկում է սևի ու սպիտակի ընտրություն

Իշխանությունն առաջարկում է սևի ու սպիտակի ընտրություն

Այլևս քննարկման թեմա չէ այն հարցը, թե ինչու են արվում սահմանադրական փոփոխությունները, ավելի ճիշտ՝ ինչու է նոր Սահմանադրություն պարտադրվում ՀՀ քաղաքացիներին։

Անգամ իշխանության ներկայացուցիչները և նրանց կցված քարոզիչները չեն կարողանում կամ չեն ուզում թաքցնել, որ սահմանադրափոխությունն արվում է անձամբ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։

Սահմանադրափոխության այս գործընթացն, ի դեպ, մի ուշագրավ առանձնահատկություն ունի։

Առաջիկայում սպասվում է հանրաքվե։ Առաջին անգամ քվեաթերթիկում լինելու է ընտրության երկու հնարավորություն՝ այո կամ ոչ։ Այսինքն՝ իշխանություններն ակամայից սև ու սպիտակ հատվածներ են ստեղծում։

Նախկինում ՀՀԿ ղեկավարին մշտապես հաջողվել է լղոզել դաշտը և ներկայանալ «ֆեյքերի» հետ։ Հանրաքվեն որակապես նոր իրավիճակ է ստեղծելու, քանզի չեն կարող քվեաթերթիկում գրել՝ այո, ոչ և կեղծ օրակարգ ու առաջարկել ընտրություն կատարել այս երեքի միջև։

Սարգսյանը վախենում է դեմ դիմաց մնալ մրցակցի հետ։ Դա է պատճառը, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի հանրությունը բոյկոտի հանրաքվեն (այդ քարոզչակոդի տարածման գործին լծված են Էդուարդ Շարմազանովը, Անի Զախարյանը, Նիկոլ Փաշինյանը, Մարգարիտ Եսայանը և մյուս սերժականները), այլ ոչ թե դա ընկալի որպես անվստահության քվեարկություն, գնա ընտրատեղամաս ու քվեարկի «ոչ»–ի օգտին։

Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ հանրությունը սահմանադրափոխությանը «ոչ» ասելով՝ «ոչ» է ասելու իրեն։ Իսկ դա արդեն վերածվում է նախագահական արտահերթ ընտրությունների, որի ժամանակ միասնական հակաթեկնածուն դառնում է Սերժ Սարգսյանը, իսկ «ոչ»–ն իր մեջ խտացնում է հանրության միասնական ցանկությունները։

Եվ ուրեմն, նոր Սահմանադրության տեքստի բովանդակային քննարկման դաշտ մտնելու իմաստ ու նպատակահարմարություն չկա։ Ասում ենք «ոչ» սահմանադրափոխությանը և «այո» նոր իշխանության ձևավորմանը, այն է՝ դրական փոփոխություններին։

Իշխանությունը սահմանադրափոխության գործընթաց նախաձեռնելով՝ ինքն է քաղաքական դաշտում տարանջատել սև ու սպիտակ հատվածները։ Չի՛ կարելի չօգտվել այդ հնարավորությունից։ Մանավանդ որ սևն ու սպիտակը ոչ թե հատվածներ են, այլ սպիտակի վրա փոքրիկ սև կետ է հայտնվել, և այն պետք է մաքրել։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը