Հարցազրույց

23.09.2010 15:31


Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյան

Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ներքաղաքական իրավիճակը։

-Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատելը չափազանց բարդ է, որովհետև այն գնահատելու համար կարևոր է իմանալ ներօլիգարխական հարաբերությունների վերջին նորությունները,  տիրապետել մենաշնորհների և անշարժ գույքի վերաբաժանումների վերջին զարգացումներին: Կարևոր է նաև իմանալ միջկուսակցական կամ միջկլանային ամուսնությունների, քավոր-խնամիական նոր զարգացումների մասին, որոնք կարևոր գործոն են ՀՀ ներքաղաքական զարգացումների համար:

-Համամի՞տ եք ՀԱԿ որոշ գործիչների պնդումների հետ, որ արտահերթ ընտրություններ են լինելու։

-Արտահերթ ընտրությունների մասին չեմ ցանկանում կանխատեսումներ անել, որովհետև դրանք ֆորսմաժորային իրավիճակների հետ են կապված: Գուցե ՀԱԿ-ում տեղեկացված են նման կարգի սպասվող իրավիճակների մասին: Համենայնդեպս կարծում եմ, որ ոչ ֆորսմաժորային իրավիճակներում արտակարգ ընտրություններ կարող են կազմակերպել իշխանությունները՝ ելնելով որոշակի հաշվարկներից:

-Որակական զուգահեռներ կարո՞ղ ենք անցկացնել ՀԱԿ-ի և «Արդարություն» դաշինքի միջև։

-Որակական առումով, իմ կարծիքով, հիմնական տարբերությունը Տեր-Պետրոսյանի գործոնն է, որն անկասկած մեծ խարիզմա ունի, հռետորական ձիրք և ՀԱԿ-ում համարվում է անվերապահ առաջնորդ: «Արդարություն» դաշինքը նման առաջնորդ չուներ: Հիմնական նմանությունը ռուսական ուղղվածությունն է, այսինքն Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար Ռուսաստանի աջակցությանը հասնելու ձգտումը: Այստեղ ես հիմնական վտանգը տեսնում եմ այն բանում, որ օգտագործելով իշխանությունների վրա ընդդիմության ճնշումները՝ Ռուսաստանը էլ ավելի է հզորացնում Հայաստանում իր ազդեցությունը: Կարծում եմ, որ ընդդիմությունը առաջին հերթին պետք է հենվի Հայաստանի հասարակության վրա:

-Եթե ներքաղաքական իրավիճակն այսպես շարունակվի, արդյոք վերարտադրվելու համար դա իշխանություններին ձեռնտու չէ՞։

-Միանշանակ չի կարելի ասել: Ինձ համար իշխանափոխությունը ինքնանպատակ չէ: Ինձ ավելի շուտ հետաքրքրում է, թե հաջորդ իշխանություններն ինչպիսի՞ քաղաքականություն են իրականացնելու և դրա համար ինչպիսի՞ երաշխիքներ կան: Երաշխիքները կարող են տարբեր լինել: Սակայն Հայաստանում դեռևս չկան այն մշակույթը, ավանդույթները, մեխանիզմները, երբ քաղաքական ուժը ընտրությունների ժամանակ հստակ խոստումներ է տալիս և այն չկատարելու ժամանակ պատժվում է: Ընդդիմության հիմնական գործը նման մշակույթ և մեխանիզմներ ձևավորելն է: Ցավոք, ՀԱԿ-ը նույնպես շարունակում է այդ ավանդույթները, և չափազանց վատ են տանում, երբ նրանց պատասխանատվության են կանչում: Ինչ վերաբերվում է իշխանություններին, ապա նրանց վրա հասարակությունը վաղուց խաչ է քաշել: Նման պահանջներ միայն ընդդիմությանն է կարելի ներկայացնել: Այդ առումով ՀԱԿ-ի բախտը չի բերել: Հասարակությունը արդեն փոխվել է, և ՀԱԿ-ի ցանկացած խոսքը քննադատության թիրախ է դառնում: Շատ կարևոր ավանդույթ է Հայաստանում սկսել ձևավորվել:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը