Լրահոս

04.02.2011 15:35


Ալիկ Արզումանյան. «ՀԱԿ առաջնորդի հեղինակությունը դեռևս կասկածի տակ չի դրվել»

Ալիկ Արզումանյան. «ՀԱԿ առաջնորդի հեղինակությունը դեռևս կասկածի տակ չի դրվել»

Այսօր՝ ժամը 17:00-18:00-ին, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության մոտ տեղի է ունենալու ակցիա՝ ի զորակցություն Եգիպտոսի ազատատենչ ժողովրդի։

-Այսօրվա ժամը 5-ի ակցիան ողջունում եմ, ինչպես ցանկացած ակցիա։ Երբ մարդիկ իրենց կամքն են ազատ արտահայտում, դա շատ ողջունելի բան է,-մեկնաբանելով ակցիայի անցկացումը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը։

Նա նշել է, թե շատ տրամաբանական է, որ Հայաստանում ընդդիմությունն այսօր աջակցի այն մարդկանց, ովքեր դուրս են եկել ազատության համար։

-Միանգամայն հասկանալի է, երբ իշխանությունը գնահատական չի տալիս, որովհետև ոչ լեգիտիմ իշխանությունը, որ սպանդով իշխանություն է պահել, պետք է, անշուշտ, աջակցի, պաշտպանի իր նման ոչ լեգիտիմ բռնապետին, իսկ երբ մարդիկ պայքարում են բռնապետության համար և հանկարծ ուրիշ մի բռնապետի  մասին ձայն չեն հանում ու սսկված նայում են, դա անընդունելի է։ Դա զրկում է այդ մարդկանց վաղն ակնկալելու այլ շարժումների աջակցության գոնե բարոյական իրավունքը,-ասել է Ալիկ Արզումանյանը։

Կլինի՞ Եգիպտոսի նման իրավիճակ Հայաստանում, թե՞ ոչ՝ Ալիկ Արզումանյանը դժվարացել է պատասխանել՝ նշելով, թե Հայաստանում շատ է խոսվում առաջնորդի լինել-չլինելու մասին, այնինչ Թունիսի, Հորդանանի, Եմենի դեպքերը ցույց են տալիս, որ ի հեճուկս ղեկավարների, երբ ժողովուրդը հասնում է այն աստիճանի, որ ցասումը զսպելու հնարավորություն չկա, ինքն է դուրս գալիս և՝ առանց ելույթների։

-Որևէ բացատրական, վերլուծական ելույթներ լսե՞լ եք։ Ո՛չ։ Շատ պարզ է այդ հեղափոխության ամբողջ գաղափարախոսությունը։ Եգիպտոսի հիմնական կարգախոսը՝ հաց, ազատություն, արժանապատվություն։ Այդ կարգախոսը Հայաստանում էլ կարող է աշխատել։ Այդ երեքից է զրկված այսօր... այդ սոցիալական դրսևորումները որ կան և այլն։ Դա կստանա՞ այդպիսի համաժողովրդական ընդվզման ձև, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա,-ասել է Ալ. Արզումանյանը և հավելել, որ եթե այդպիսի բռնապետներն են վռնդվում իրենց երկրից 32 տարի հետո, ապա «պուճուրիկ բռնապետիկներին վռնդելն ի՞նչ է որ»։

Նա նաև նշել է, թե կա՛մ առաջնորդն է իր հետևից տանում ժողովրդին, կա՛մ ժողովուրդն է առաջնորդ ծնում, և պետք չէ մեկը մյուսով պայմանավորել։

-Եթե չկա լավ առաջնորդ, պետք է առանց առաջնորդ անել, եթե կա, պետք է ժողովրդին իր հետևից տանի,-ասել է Ալ. Արզումանյանը։

Լրագրողի՝ պետք է ծնե՞լ առաջնորդ, թե՞ ունենք առաջնորդ հարցին ի պատասխան՝ Ալ. Արզումանյանն ասել է.

-Այսօր կա համաժողովրդական շարժում՝ ՀԱԿ, որն ակտուալ ընդդիմությունն է այսօր, որն ունի իր առաջնորդը, և որևէ մեկն այդ առաջնորդի հեղինակությունը դեռևս կասկածի տակ չի դրել։ Կլինե՞ն ուրիշ առաջնորդներ, որ կասկածի տակ կդնեն կամ կապացուցեն, որ ավելի լավ առջնորդող են՝ խնդիր չկա։ Գործող դաշտում՝ ընդդիմությունում, կա՛ առաջնորդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը