Մեկնաբանություն

06.08.2015 00:05


Սերիալային և մարդակուլ Սահմանադրություն

Սերիալային  և մարդակուլ Սահմանադրություն

Պետության ներսում տիրող ողբալի իրավիճակը վկայում է այն մասին, որ մեր պետությունը գլուխ չունի:

Փոխարենը՝ ամեն ամիս նոր Սահմանադրության գլուխներ են հրապարակում: Յոթգլխանի, հետո՝ տասնհինգգլխանի վիշապի տեսքով:

Սահմանադրական գործընթացը վերածել են սերիալի: Սերժ Սարգսյանն իր սահմանադրական գլուխների «ճյուղ առ ճյուղ» հրապարակումներով գործընթացը վերածել է «Բախտաբեր» սերիալի: Մեկ էլ տեսար՝ բախտը բերեց, ու վավերացրեց սեփական ցմահ իշխանությունը ու հայտնի հեքիաթի վիշապի նման հավերժ նստեց հայրենիքի աղբրի գլխին: Հետեւանքը հայտնի է՛ հայրենիքի մահը:

Բառացիորեն նողկալի է հետեւել այս սերիալին, ինչը հանրության կողմից պահանջված չի եղել ի սկզբանե, հանրությունը նման պահանջ չի առաջադրել եւ նման ցանկություն չի հայտնել: Բայց պալատից պարտադրում են նայել այդ սերիալը եւ քննարկել այն:

Ի՞նչը քննարկես: Այն, որ դու երկրի նախագահ ընտրելու իրավունք չունե՞ս, կամ այն, որ պետք է հաշտվես խորհրադարանական կայուն մեծամասնություն ձեւավորելու դրույթի ու «գենսեկի» կարգավիճակով սարգսյանական հարատեւ իշխանության գոյության հե՞տ: Եվ կամ այն «չորագլուխ» դրույթի հե՞տ, ըստ որի՝ նույն այդ կայուն մեծամասնությունը հետագայում ինքն իր քեֆով կարող է փոխել սահմանադրական դրույթները՝ զրկելով քեզ փոփոխություններին մասնակցելու եւ քվեարկելու իրավունքից:

Սարգսյանական «բախտաբեր» ու «մարդակենտրոն» նախագծում ինչ–որ շատ չե՞ն մարդակուլ դրույթները:

Տասնհինգ «չորագլուխ» կարդում ես ու հասկանում, որ ՀՀ քաղաքացու իրավունքները դարձրել են զրոյական, ՀՀ քաղաքացիներին վերապահվել է միայն ձայնազուրկ ստրուկի կարգավիճակ, իսկ ՀՀԿ ղեկավարն իրեն վերապահել է միակ ստրկատիրոջ կարգավիճակը:

Սա շառաչուն ապտակ է Հայաստանի ժողովրդին, բոլոր ընտրողներին, ինչը պետք է անպայման փոխադարձել ավելի ուժգին «ապտակով»: Պետք է մասնակցել հանրաքվեին եւ «ոչ» ասել այդ նախագծին՝ այդ կերպ շրջելով «Բախտաբերի» հերոսի բախտի անիվը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը