Լրահոս

04.02.2011 14:07


Հ. Ավետիքյան. ««Սփյուռքյան սենատի» ստեղծման մասին հայտարարությունը հում գաղափար է»

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ  խոսելով «Սփյուռքյան սենատի» ստեղծման վերաբերյալ Լոս Անջելեսում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարության մասին՝ Արմենական ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանն ասել է, թե դեռևս 70-ական թվականներից են փորձեր արվել սփյուռքահայությանը միավորելու, այն ներկայացուցչական մարմնով օժտելու ուղղությամբ, սակայն դրանք ձախողվել են։ Այսինքն կարելի է ասել, որ այդ հայտարարությունը եղել է Սփյուռքի պահանջը։

-Հայաստանում նույնպես երկպալատանի՝ սփյուռքյան վերին պալատով, խորհրդարանի գաղափարն էլ նոր չէ. դեռևս 2007թ. «Գոլոս Արմենիի» թերթում իր առանձին ուսումնասիրությունների մեջ նշել է, դրա մասին արտահայտվել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը,-ասել է նա։

Բանախոսը նաև հայտնել է, որ Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը պատահական չի եղել։ Լինելով ՀՀ սփյուռքի նախարար՝ նա ոչ թե իր անձնական տեսակետն է արտահայտել, այլ ներկայացրել է ՀՀ կառավարության տեսակետը։

-Սակայն մենք կարծում ենք, որ հում գաղափար է սա,-ասել է Ավետիքյանը,-քանի որ նախ  անհրաժեշտ էր խորհրդակցել սփյուռքյան ավանդական կառույցների հետ, որոնք նմանատիպ աշխատանքների հարուստ փորձ ունեն, ինչպես նաև ներքին քննարկումներ կատարել, հետո նոր հանդես գալ նման պատասխանատու հայտարարությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը