Մեկնաբանություն

01.08.2015 19:30


Թալանը շարունակվում է. Որոտանի «սեղանից» ՀԷՑ–ի «սեղանին»

Թալանը շարունակվում է. Որոտանի «սեղանից» ՀԷՑ–ի «սեղանին»

Հովիկ Աբրահամյանի վրա մշտապես դրվում է «վերևների» արածներն իր վրա վերցնելու և այդ մասին հանրությանը տեղեկացնելու անպատվաբեր ֆունկցիան։ Կամ էլ ինքն է սեփական նախաձեռնությամբ Մատրոսովի պես պաշտպանում Բաղրամյան 26–ում կայացրած որոշումները՝ հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանն իր այդ պահվածքը կգնահատի ու ինքը քաղաքական ժառանգորդ կդառնա, սակայն դատելով սերժական Սահմանադրության նախագծից՝ ՀՀԿ ղեկավարը պատրաստվում է ցմահ մնալ իշխանության ղեկին և մտադիր է «քցել» իր բոլոր »ժառանգներին» (այլ հարց է, որ ՀՀ քաղաքացիների ջանքերով խիարը կարող է թարս բուսնել՝ «փոզմիշ» անելով Սերժի «գենսեկական» ապագան)։

Այսօր Աբրահամյանը կրկին աչքի ընկավ կեղտոտ գործերն իր վրա վերցնելու հատկությամբ։

Վարչապետը վերջապես բացահայտեց «դարի գաղտնիքը»։ Նա հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման փոխհատուցումը կկատարվի Որոտանի կասկադի վաճառքի գումարից։

Այդպիսով կարող ենք ասել, որ թալանը շարունակվում է, այն էլ՝ ամենատոտալ ու ամենալկտի ձևով։ Սա կրկնակի թալան է։

Բանն այն է, որ Որոտանի կասկադն ու ՀԷՑ–ը անուղղակիորեն կապվում են Սերժ Սարգսյանի հետ. առաջինը սեփականաշնոհվել է, իսկ երկրորդը ՀՀԿ–ի պես մի բան է՝ Սերժն ինչ ասի, այն էլ կանի ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը։ Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կառավարության ձեռքերով ֆինանսավորում է մի գործարք, որի շահառուն են ինքն ու իր մերձավոր շրջապատը։

Հերիք չէ Որոտանի կասկադը կոպեկներով սեփականաշնոհել են, դեռ մի բան էլ այդ սեփականաշնորհման փողերը ոչ թե պետբյուջե են մտնելու, այլ ՀԷՑ–ի բյուջե, որն այնպես անխնա ու բացահայտ թալանվում է իշխանական վերահսկողության ներքո իրականացվող «ատկատների», «բարեգործական» հատկացումների և այլ նմանատիպ բաների միջոցով։

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է թալանվում ՀԷՑ–ը, և ինչպես է վնասով աշխատող ՀԷՑ–ը տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցում Սերժ Սարգսյանի հետ կապվող կազմակերպություններին։ Իսկ թե ինչպիսի թալան է տեղի ունենում նույն ՀԷՑ–ում Բաղրամյան 26–ի զգոն հայացքի ներքո, նույնպես գաղտնիք չէ։

Հիմա Որոտանը սեփականաշնոհեցին, որպեսզի ցածր ինքնարժեքով ստացվող հոսանքը թանկ գնով ծախեն ՀԷՑ–ի վրա։ Նազարյան Ռոբերտի «կանտոռային» էլ հանձնարարեցին, որ սակագինը բարձրացնի։ Հետո էլ հանրությանը «աչքալուսանք» տվին, թե բա մի անհանգստացեք, թանկացումը կփոխհատուցենք։ Պարզվեց ոչ թե փոխհատուցում են, այլ Որոտանի փողն են «մաքրում» «չերեզ» ՀԷՑ, որպեսզի իրենց փողից հանկարծ մի լումա անգամ այլ տեղ չգնա։

Ստացվում է հետևյալ պատկերը՝ Որոտանի սեփականաշնորհումից առաջացած գումարները տալիս են ՀԷՑ–ին, որպեսզի այդ կազմակերպությունը նույն Որոտանից ու Սարգսյանի շրջապատը ներկայացնող հոսանք արտադրող այլ ընկերություններից թանկ գնով հոսանք գնի ու այդ փողը, փաստացի, վերադարձնի Որոտանի ու մյուսների իրական տերերին. ահա այսպիսի «փոխհատուցում»՝ փողը մի գրպանից հանում մյուսն են դնում։ Ասել է թե՝ իշխանությունները ՀՀ քաղաքացիներին լրիվ չուկչայի տեղ են դրել և օրը ցերեկով միլիոնավոր դոլարների պտույտ են կազմակերպում։ Այսքանից հետո աուդիտն արդեն վերջնական ծաղր կլինի հայ ժողովրդի նկատմամբ։

Եվ այսպես, իշխանությունները շարունակում են «Այո՛ թալանին» կարգախոսով առաջնորդվել ու դեռ մի բան էլ հայտ են ներկայացնում սերժական Սահմանադրության միջոցով ցմահ դարձնել թալանի հնարավորությունը։ Հանդուրժել սա, նշանակում է ընդունել, որ քեզ պետք է հիմարի տեղ դնեն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ըստ ամենայնի՝ «Տաշիր Գրուպի» Սամվել Կարապետյանի հետ դեռևս վերջնական համաձայնություն չկա ՀԷՑ–ի գնման հարցում։ Կամ էլ՝ ճիշտ հակառակը՝ հոսանքի գինը բարձրացրեցին, որպեսզի Կարենը «մաքուր» դաշտի վրա գա (մեկ–երկու ամիս Որոտանի փողերը «կլվան» ՀԷՑ–ի միջոցով, հետո կասեն, թե փողերը պրծավ ու հիմա հայ ժողովուրդն, ըստ աուդիտի եզրակացության, պետք է թանկ վճարի)։ Ինֆորմացիան ՀԷՑ–ի վաճառքի պահով փակ է, և այդ իսկ պատճառով էլ ստիպված ես ենթադրություններ անել։

Ցինիզմն այն է, որ փողերի լվացման ու կրկնաթալանի այս պատմությունը «Գեբելսյան» քարոզչամեքենան ներկայացնում է որպես լավություն հայ ժողովրդին, ինչպես նաև «քաղաքացիական հասարակության» հաղթանակ։

Հ.Գ.–2։ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի օրերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությանը հանձնարարել է միջոցներ գտնել թանկացումը փոխհատուցելու համար։ Սա լրիվ սերժական ոճի մեջ է՝ որոշումը կայացնում է ինքը, բայց հրապարակավ այն դնում է այլոց, տվյալ դեպքում՝ կառավարության վրա։

Նույն կերպ նա վարվում է սահմանադրական փոփոխությունների դեպքում։ Գագիկ Հարությունյանին պատվերն ինքն է տվել ու ինքն է նախաձեռնել «խորհրդարանական կայուն մեծամասնության» միջոցով ցմահ իշխելու ծրագրի իրագործումը, բայց հրապարակավ ասում է, թե իբր առաջարկվող նախագիծն իր սրտով չէ ու միաժամանակ Նիկոլ Փաշինյանի շուրթերով հայտարարում է, թե դա կեղծ օրակարգ է։

Ահա այսպիսին է մարդակենտրոն «Վերջի բոլշևիկը»։

Այս խորագրի վերջին նյութերը