Լրահոս

01.12.2010 15:40


ՀՀ-ում ՄԻԱՎ ունեցող մարդկանց թիվը 1900 է

2009թ. դրությամբ աշխարհում ապրում էր ՄԻԱՎ ունեցող 33,3 մլն մարդ. նրանց գերակշիռ մասը՝ 22,5 մլն-ը, բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ ունեցողների թիվը հասել է 1,4 մլն-ի, ինչը 2000թ. համեմատ 3 անգամ ավելի է։

2009թ. ընթացքում մոտ 2,6 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, նրանցից 130 հազարը՝ մեր տարածաշրջանում։ Սա ավելի քան 4 անգամ գերազանցում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի, մոտ 2 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայի նույն ցուցանիշը։

2009թ. ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ից մահացել է մատ 1,8 մլն մարդ։ Մեր տարածաշրջանում 2001-2009թթ. ընկած ժամանակահատվածում մահվան դեպքերի թիվն աճել է 4 անգամ՝ 18 000-ից հասնելով 76 000-ի։

1988թ. մինչև 2010թ. դեկտամբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 956 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 149-ը՝ 2009թ. ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ ունեցող մարդկանց հաշվարկային թիվը 1900 է։

ՄԻԱՎ ունեցողների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 688 մարդ (72%), իգական սեռի ներկայացուցիչների պարագայում արձանագրվել է վարակի 268 դեպք (28%)։ Վարակվածների շուրջ 58%-ը 25-39 տարիքային խումբն է։

ՀՀ-ում ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալը (51,4%) և թմրամիջոցների ներարկային օգտագործումը (39,5%)։ Սրանցից բացի, արձանագրվել են ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքեր հոմոսեքսուալ ճանապարհով (1,7%), մորից երեխային (1,9%) և արյան միջոցով (0,3%)։

ՄԻԱՎ վարակի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 402 դեպք, որը բոլոր գրանցված դեպքերի 42,1%-ն է, իսկ երկրորդ տեղում է Շիրակի մարզը՝ 11,3%։ Այս տեղեկությունները այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը