Հարցազրույց

29.07.2015 08:15


Լևոն Շիրինյան. «Մենք սահմանադրական փոփոխության որևէ կարիք չունենք»

Լևոն Շիրինյան. «Մենք սահմանադրական փոփոխության որևէ կարիք չունենք»

Հարցազրույց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

–Ձեր կարծիքով իշխանության ներկայացրած նախագիծը Սահմանադրության փոփոխությա՞ն տեքստ է, թե՞ իրականում միանգամայն նոր Սահմանադրություն։

–Ընդհանրապես, երբ «սահմանադրական բարեփոխում» են ասում, նկատի ունեն եղած վիճակի լավացումը։ Բայց սրանք բարեփոխման տակ սահմանադրական կարգի փոփոխություն են առաջացնում, որը կապ չունի բարեփոխման հետ։ Ճիշտն ասելը դժվար է, որովհետև մարդիկ գլխի կընկնեն, թե ինչ են անում։ Իսկ իրականում մոդելի փոփոխություն են իրականացնում։

–Սերժ Սարգսյանին ինչի՞ համար է պետք մոդելի փոփոխությունը։

–Գործող Սահմանադրությամբ՝ Սերժ Սարգսյանը պետք է թոշակի գնա. ինչպես աշխարհում ընդունված է՝ երկու անգամ պաշտոնավարելուց հետո գնում են հանգստի։ Եթե միայն մեր ներքին խնդիրը լիներ, հարց չկար՝ վերընտրվելու իրավունքը կդարձնեին չորս անգամ։ Բայց քանի որ միջազգային հանրությունից վախենում են, չեն կարող այդպես վերարտադրվել, ուրեմն պետք է զարտուղի ճանապարհ գտնեն, և գտել են սահմանադրական փոփոխության ձևը։

–Այս նոր Սահմանադրությունը գլուխ բերելուց հետո ի՞նչ է ծրագրված, ի՞նչ ձևով են ուզում վերարտադրվել, Սերժ Սարգսյանն իր համար ի՞նչ է նախատեսել։

–Արդեն ազատ կլինի, ամեն պաշտոն էլ կարող է զբաղեցնել։ Իրենց համար այսպիսի ձևակերպում կա՝ իրադրության փոփոխությունն արմատական փոփոխության անհրաժեշտություն առաջացրեց, ճիշտ է՝ մենք խոստանում էինք, բայց... Հավանականն ասում են, որ «գենսեկ»–ի պաշտոնն է ուզում, բայց Սերժ Սարգսյանը, կարծում եմ, այնքան միամիտ մարդ չի, որովհետև եթե դուք սովետական ռեժիմ չունեք և չունեք սովետական պետության նյութական ու մարդկային ռեսուրսը, ապա «գենսեկ»–ի ֆունկցիան այդքան էլ չի կարող իրականանալ. այսօրվա երդվյալ հավատարիմները վաղը կարող են ընդհանրապես չլսել։

–Ո՞ր տարբերակն եք ճիշտ համարում՝ հանրաքվեին քաղաքացիները գնա՞ն ընտրատեղամաս և ասեն «ոչ», թե՞ ընդհանրապես բոյկոտեն։

–Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև Հայաստանում ընտրությունները գիտենք՝ ինչպես են անցկացնում։ Երևի պետք է գնալ և փչացնել, այսինքն՝ դեմ քվեարկել։ Որովհետև բոյկոտի դեպքում իրենք քվեաթերթիկներն ուրիշ ձևով կօգտագործեն։ Նախ՝ պետք է չհասցնել հանրաքվեին։ Օրինակ՝ էլեկտրաէներգիայի դեմ պայքարող երիտասարդական շարժումը որ կար, պետք է վերածել Հայաստանի մոդեռնիզացիայի շարժման։ Հանրաքվեին գործը չպիտի հասնի, և մենք տեսանք, որ կարող են անել։ Եթե գիտակցեցին, կանե՛ն, ուղղակի այստեղ ուրիշ բան է լինելու. էլի սկսելու են ասել, որ հարցը չքաղաքականացնեն, մի կտոր պանրի համար կռիվը թող մնա պանրի կռիվ և այլն։ Հարցը պիտի՛ քաղաքականացվի, և այդ շարժումը պետք է ուղղել Սահմանադրության փոփոխության դեմ։ Մենք այնքան հարցեր ունենք մինչև Սահմանադրությունը. մենք ընդհանրապես սահմանադրական փոփոխության որևէ կարիք չունենք։

–Այս նոր Սահմանադրության անցկացումը վիժեցնելու համար ի՞նչ դերակատարում պետք է ունենան քաղաքական ուժերը։

–Ինչ անում են՝ կուսակցություններն են անում, բայց մենք այսօր չենք տեսնում այդ կուսակցություններին։ Դաշնակներին ընդհանրապես հանենք միջից, որովհետև շատ տարօրինակ ձևով են դրսևորում իրենց՝ բացասական իմաստով. ես չեմ հասկանում իրենց մոտիվացիան։ Մնացածները երևի թե ազգային ճակատ կստեղծեն։ Առանց կուսակցությունների գործուն աշխատանքի՝ չի ստացվելու ոչինչ, և նրանք պիտի լայնորեն համագործակցեն երիտասարդական շարժման հետ։ Եվ վերջ. գործը չպիտի հասցնեն հանրաքվեի։ Գործը պետք է հասնի հերթական ընտրություններին՝ սովորական ընթացքով։ Այդտեղ Սահմանադրությունը կաշխատի, և Սերժ Սարգսյանը կգնա վաստակած հանգստի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը