Լրահոս

22.09.2010 16:44


Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության. Ադրբեջանի սոցիալական վիճակի իրական պատկերը

Արձագանքելով ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի սեպտեմբերի 21-ի ելույթին.

Չանդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում տեղ գտած ավանդական ստահոդ քարոզչությանը Լեռնային Ղարաբաղի մասին' Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի' սեփական երկրի սոցիալական վիճակի մասին իրական պատկերի ձևախախտված ներկայացման փաստը:

«Աղքատությունն Ադրբեջանում 2005 թվականին գրանցված 29,3 տոկոսից 2010 թվականին նվազել է մինչև 11 տոկոս»,- ասել է նախարարը:

Բացի այն, որ ՔԶՀԿ ուսումնասիրությունները ցույց են տալիս 2005 թվականին Ադրբեջանի աղքատության 35 տոկոս ցուցանիշ, առանձնահատուկ նշում ենք, որ 2010 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով, ադրբեջանական բնակչության շուրջ 11,5 տոկոսը գտնվում է չքավորության, այսինքն' աղքատության շեմից էլ ցածր պայմաններում:

«Գործազրկությունը նույնպես նվազել է. 2005 թվականի 7,6 տասնորդականի համեմատությամբ այն 2009 թվականին 6 տոկոս է կազմել»,-նշել է նախարարը:

Թեև գործազրկության կրճատման տոկոսները բարձր են, բայց հարուստ և աղքատ խավերի միջև ճեղքը Ադրբեջանում աստիճանաբար ավելի է մեծացել. հատկապես հարկ է հաշվի առնել այն փաստը, որ զբաղվածության միայն նավթային ոլորտն է գերակա, մինչդեռ տնտեսական մյուս ճյուղերում թերզարգացած վիճակ է:

Ադրբեջանական բնակչության շուրջ 5 տոկոսը բարձր դասին է պատկանում (ապրում է չափազանց ճոխության մեջ), մինչդեռ բնակչության 70-75 տոկոսն ապրում է ցածր աշխատավարձերով և աղքատության մեջ:

Բացի այդ, ՔԶՀԿ հետազոտություններով հայտնի է դարձել, որ 2003-2009 թթ. ստեղծված աշխատետեղերի միայն շուրջ 70 տոկոսն է մշտական, մնացածը' կարճաժամկետ և պայմանագրային են: Իսկ մշտական աշխատատեղերի շուրջ 95 տոկոսը նավթային ոլորտն է ընդգրկում, ինչը վկայում է Ադրբեջանի տնտեսության անհահամասնական զարգացման մասին, և միաժամանակ կանխորոշում 2012 թվականի շրջաններում նավթային պաշարների կրճատմամբ պայմանավորված տնտեսական անկման ու սոցիալական ճգնաժամի զարգացման հնարավորությունը:

Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունն ապահովում է աշխատանքային միավորումներ ստեղծելու իրավունքը, որը, սակայն, գործնականում սահմանափակված է:

Մամեդյարովը նաև նշել է, թե հատուկ ուշադրություն է հատկացվել կանանց իրավունքներին, պետական միջոցներ են հատկացվել մայրական առողջությանը նպաստելու և մանկական մահացությունը կրճատելու ուղղությամբ, նախագահի հրամանագրով ստեղծվել է ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտե:

Ադրբեջանցի նախարարը, սակայն, խուսափել է նշել կանանց ու երեխաների խնամքի հետ անմիջականորեն կապված առողջապահության ոլորտում տիրող անմխիթար վիճակի մասին, որտեղ անկառավարելիությունն ու ծառայությունների որակը դեռևս վատթար վիճակում են: Խնդիրներ կան նույնիսկ հիվանդանոցային անկողինների քանակի ապահովման գործում: Ծննդաբերական բաժանմունքներում ծաղկում է կաշառակերությունը, որի շնորհիվ է հիմնականում ապահովվում առողջապահական ծառայությունների մատուցումը:

Աղքատ գյուղական բնակավայրերը հիմնական առողջապահական ծառայություններից օգտվելու հասանելիություն չունեն: Գյուղեր կան, որ կա'մ (նույնիսկ) չունեն կլինիկա, կա'մ բնակիչներն ի վիճակի չեն վճարելու ծառայության կամ դեղերի համար:

Բացի այդ, մանուկների մահացության թիվը (IMR)' (1 տարեկանից ցածր) կազմում է շուրջ 56 (1000 ծնունդի հաշվով), որոնցից 65 տոկոսը տղա են:

Վահան Դիլանյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը