Լրահոս

14.11.2009 13:25


Կարինե Խոդիկյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթն այն քարն է, որ նետվեց արդեն ստեղծվող ճահճի մեջ»

Կարինե Խոդիկյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթն այն քարն է, որ նետվեց արդեն ստեղծվող ճահճի մեջ»

«7օր»-ի խնդրանքով մեկնաբանելով նոյեմբերի 11-ին «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ արձակագիր Կարինե Խոդիկյանն այսօր ասել է.

-Օգոստոսի 31-ից հետո սկսված աճող բողոքի և դժգոհության ալիքը հասավ հոկտեմբերի 10-ի ցյուրիխյան ստորագրությանը, որը դանդաղ, բայց հաստատուն վերածվում էր քաղաքական մթնոլորտի համակերպված սպասողականի՝ «աչքը հառած» Թուրքիայի խորհրդարանին և սպառնում այդ համակերպվածության մի նոր ճահիճ դառնալ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն այն քարն է, որ նետվեց արդեն ստեղծվող այդ ճահճի մեջ, և, բնականաբար, երբ քարն ընկնում է, և առաջանում ու գնում են շրջանակները, հիմա գնում են արձագանքները։ Ընդ որում, քանի որ այդ ելույթն ուղղակի հասցեատեր, նշանակետեր կամ թիրախներ ունի։ Կարծում եմ, որ մոտական ժամանակներում մենք կստանանք այդ հասցեատերերի արձագանքները։ Կարող է նույնիսկ առաջ գալ երկխոսության, եռախոսության մի նոր իրավիճակ, որը ես համարում եմ պոզիտիվ։

Արձակագիրը վստահ է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածը, որտեղ նա խոսում էր Եղիազար Այնթապցի Ամենայն հայոց կաթողիկոսի պատմության մասին, նույնպես հստակ հասցեատեր ուներ՝ Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, «քարն» արդեն Սերժ Սարգսյանի «բոստանում» է, և Կ. Խոդիկյանին հետաքրքրում է, թե ի՞նչ արձագանքներ կգան այդ կողմից։

-Լևոն Տեր-Պետրոսյանը մեր հանրապետության, մեր իրականության այն եզակի քաղաքական գործիչներից է, ում ասվածն ուղղված է ոչ միայն այսօրվան, այլև անցյալին և առավել ևս ապագային,- հավելել է արձակագիրը,-կարծում եմ, որ այս ելույթը նաև մեսիջ էր ապագային։ Այսինքն, այդ խոսքը նաև հեռահար նպատակ է հետապնդում։

Այդուհանդերձ, Կ. Խոդիկյանն ավելացրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո շատ կցանկանար լսել նաև այն մասին, թե ի՞նչ եղան քաղբանտարկյալները, ի՞նչ եղան մարտի 1-ի զոհերի ծնողներն ու հարազատները.

-Ես համարում եմ, որ այն ընդդիմությունը, որը կա և գոնե ինձ համար նաև հավակնում է վաղն էլ լինել ընդդիմություն, պիտի առաջին հերթին իր տան հարցերով, հոգսերով, խնդիրներով զբաղվի։ Ահա թե ինչ կուզենայի, որ նաև լիներ ելույթում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը