Լրահոս

14.11.2009 11:04


Հռոմում ավարտվել է Լիսաբոնյան համաձայնագրի վավերացման գործընթացը

Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը փաստաթուղթը հանձնել է Իտալիայի արտգործնախարարությանը։

Հիշեցնենք, որ Չեխիան միակ երկիրն էր, որը հավանության չէր արժանացրել Եվրամիության բարեփոխման համաձայնագիրը։ Երկրի նախագահ Վացլավ Կլաուսը փաստաթուղթը ստորագրել է նոյեմբերի 3-ին՝ Չեխիայի Սահմանադրական դատարանի որոշումից հետո։

Այդ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի արդեն 2009թ. դեկտեմբերի 1-ից։

Եվրամիության առաջնորդները Լիսաբոնյան համաձայնագիրը Պորտուգալիայում ստորագրել էին մոտ երկու տարի առաջ։ Այն պետք է փոխարիներ Եվրամիության Սահմանադրությանը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ։ Փաստաթուղթը մասնավորապես սահմանում է ԵՄ-ի նախագահի և արտգործնախարարի իրավունքներն ու պարտականությունները, պակասեցնում եվրակոմիսարների թիվը։

Լիսաբոնյան համաձայնագիրը չի փոփոխում ԵՄ-ի հիմնարար համաձայնությունները, չի հանդիսանում Սահմանադրություն, բայց ավելացնելով համաձայնությունները՝ պարունակում է բոլոր անհրաժեշտ սահմանադրական դրույթները։ Այն պետք է կարգավորի ԵՄ-ի որոշումների ընդունման կարգը, ինչպես նաև բարձրացնում է ԵՄ-ի համաշխարհային քաղաքականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը