Լրահոս

13.11.2009 17:39


«Ռուսալ Արմենալ» գործարանից վստահեցնում են, որ իրենց մոտ ոչ մի իրավունք չի խախտվում

«Ռուսալ Արմենալ» գործարանից վստահեցնում են, որ իրենց մոտ ոչ մի իրավունք չի խախտվում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասել էր, որ նախկին «Կանազ», այսօր՝ «Ռուսալ Արմենալ» գործարանի բանվորները տեղեկություններ են հաղորդել, որ այդ գործարանի աշխատակիցներն աշխատում են անմարդկային պայմաններում։

«7օր»-ի հետ զրույցում «Ռուսալ Արմենալ» ընկերության մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանն ասել է, որ կոնկրետ նամակին ծանոթ չէ և չի կարող որևէ պարզաբանում տալ, բայց նշել է, որ ընդհանուր առմամբ տեղյակ է՝ կոնկրետ ինչից են բողոքում բանվորները։

-Երբ պլանը կատարվում է, ստացվում է հավելավճար, եթե չի կատարվում, պարզ է՝ հավելավճար չկա։ Աշխատավարձին ոչ ոք չի կպնում և իրավունք էլ չունի. բազային աշխատավարձը միշտ կա, իսկ պլանի կատարման դեպքում մինչև 50% հավելավճար են ստանում։ Հիմա իրենց փորացավը նրանում է, որ երկու ամիս տարբեր պատճառներով (տեխնիկայի կամ աշխատանքային այլ պատճառներով) այդ պլանը չի կատարվել, և պարզ է՝ բոլորն էլ, այդ թվում՝ ես, չենք ստացել հավելավճարը, իսկ բանվորներն ուզում են, որ հավելավճարը, անկախ պլանի կատարումից, ստանան։ Այդպիսի բան ամբողջ աշխարհում չի լինում,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ իրենց մոտ միջին աշխատավարձը բարձր է՝  պլանի կատարման դեպքում՝ 195 000 դրամ, իսկ չկատարման դեպքում՝ 170 000 դրամ։

Ինչ վերաբերում է բուժսպասարկմանը, նա պնդել է, որ իրենք ունեն շուրջօրյա բուժսպասարկում։

-Հենց գործարանում գործում է բուժկետ, և բուժքույրերն  աշխատում են շուրջօրյա։ Մեզ մոտ հատուկ ծառայություններ կան, որոնք հետևում են, և իրավունք չի խախտվում,-նշել է Ալեքսանդր Մելքումյանը։

Նրա խոսքերով՝ աշխատանքային ժամը չի գերազանցում նորմայի սահմանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը