Մեկնաբանություն

20.07.2015 18:55


Նախկին նախարարի ֆեյսբուքյան «մեսիջը» Սերժ Սարգսյանին

Նախկին նախարարի ֆեյսբուքյան «մեսիջը» Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանը ստվերային գործիչ է։ Նրա տարերքն անդրկուլիսային ու մութ գործարքներն են։ Լույսից ու հրապարակային դաշտից նա վախենում է այնպես, ինչպես սատանան խունկից։

Ստվերային արտաքին ու ներքին քաղաքականություն, ստվերային կադրային քաղաքականություն, ստվերային տնտեսական գործարքներ, ստվերային պայմանավորվածություններ, ստվերային փողեր, ստվերային Սահմանադրություն. ահա՛ ՀՀԿ ղեկավարի «կրոնը»։

ՀՀԿ ղեկավարը փակ ու չխոսկան գործիչ է։ Եթե նախկինում բոլորը մտածում էին, որ դա խելքի ու իմաստուն լինելու նշան է, ապա նրա՝ առանց թղթի հրապարակային ելույթները լսելուց ու երկրի թիվ մեկ պաշտոնյան դառնալուց հետո բոլորը հասկացան, որ նրա լռակյաց լինելը պարզապես «Լուռ մնա՝ խելոքի տեղ կանցնես» սկզբունքի կիրառման հետևանք է, ուրիշ ոչինչ։

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մութ երևույթներից ամենաթարմն արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հրաժարականի պատմությունն է։ Մինչև հիմա պարզ չէ, թե ինչու նա հրաժարական տվեց կամ հրաժարեցրին։

Հարցն այն չէ, որ առանց Հովհաննես Մանուկյանի՝ հայոց արդարադատությունն անդառնալի կորուստ ունեցավ։ Նման բան չկա։ Սերժի նախագահության պարագայում բոլոր պաշտոնյաներն էլ «վինտիկի» դեր են կատարում ու չեն կարող դրսևորվել իրենց մասնագիտական կարողություններով։

Հարցն այն է, որ հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ինչու այդ մարդուն նշանակեցին նախարար, ու ինչու հանեցին պաշտոնից։ Ընդ որում՝ Մանուկյանն աշխատանքից ազատվել է կամ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել արձակուրդում գտնվելու ժամանակ, ինչը հուշում է, որ նա ազատման դիմում ներկայացնելու մասին իմացել է Հայաստանից դուրս գտնվելու ժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ նա, ամենայն հավանականությամբ, մամուլից կամ Հայաստանից հնչած զանգից է տեղեկացել, որ այլևս նախարար չէ։ Դա լրիվ բոլշևիկյան ու չեկիստական ոճ է՝ մարդուն աշխատանքից ազատել արձակուրդի ժամանակ։

Սահմանադրական փոփոխություններից մեկ օր առաջ ամենաստվերային ճանապարհով արդարադատության (շա՜տ խորհրդանշական է) նախարարին աշխատանքից հեռացնելը ցայտուն ձևով ցույց է տալիս, թե ինչպիսի «մարդակենտրոն», «ժողովրդավարական» ու «գյոզալական» համակարգ է ուզում ունենալ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների միջոցով։

Նախարարի հետ տեղի ունեցածը ցույց է տալիս, թե ինչպիսի մտածողության տեր է Սարգսյանը, ինչպես է նա վերաբերվում պետությանն ու պետական ինստիտուտներին։ Սա նաև ցույց է տալիս, թե ինչ արժեք ունեն ՀՀԿ ղեկավարի համար իր հետ միևնույն թիմում գտնվող մարդիկ։

Սա ևս մեկ փաստարկ է սահմանադրական փոփոխությունները մերժելու և իշխանափոխություն անելու օգտին։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Այսօր արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել՝ «Իմ մեծ, «չաղ», հայկական ընտանիքը» վերնագրով։

Մանուկյանն այդպիսով, թերևս, Ս. Սարգսյանին յուրօրինակ «մեսիջ» է ուղարկել՝ հասկացնելով, որ իր «ջրցանին» չէ պաշտոնանկությունը, և որ ինքը շարունակում է վայելել հանգիստը։ Մանուկյանն այդպիսով նաև հասկացրել է Սարգսյանին, որ ինքը պաշտոն չունի, բայց «զատո» կարող է «Ֆեյսբուքում» իր ընտանեկան նկարը հրապարակել՝ մտավախություն չունենալով, որ հայհոյախառն մեկնաբանություններ կլինեն «ստատուսի» տակ։

Եթե նկարը հրապարակվել է այդ ենթատեքստով, ապա ես «լայքում եմ» նախկին նախարարի ընտանեկան «սելֆիի» տակ։

Այս խորագրի վերջին նյութերը