Լրահոս

13.11.2009 16:23


Խորհրդակցություն՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված ԱՄՆ-ում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հետ:
Նշելով, որ այս տարի հեռուստամարաթոնը նվիրված է մեզ համար առանձնակի նշանակություն ունեցող Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը, երկրի ղեկավարը ներկաներին կոչ է արել պատշաճ մակարդակով անցկացնել բոլոր նախապատրաստական աշխատանքները և պարբերաբար զեկուցել ձեռնարկված միջոցների մասին: Միաժամանակ Բակո Սահակյանը կարևորել է մեր հանրապետության բնակչության առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:
Նախագահն ընդգծել է, որ այս տարի մարաթոնի նախապատրաստական աշխատանքները Սփյուռքում իրականացվել են փոքր-ինչ այլ ձևաչափով. Մոսկվայում մեր հայրենակիցների հետ ընդլայնված հանդիպմանը ներկա է եղել հանրապետության նախագահը, Ֆրանսիա է մեկնել ԱԺ նախագահը, իսկ ԱՄՆ կմեկնի վարչապետը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ԼՂՀ-ում նշված գործընթացի համակարգումը երկրի ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին:
Այնուհետև Նախագահն անդրադարձել է ջրամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև այս տարվա բերքահավաքի արդյունքներին՝ գնահատելով այն հաջողված, չնայած բազմաթիվ բնական աղետներին: Նշված հարցերի շուրջ զեկուցումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը