Լրահոս

13.11.2009 15:19


Ռազմիկ Դավոյանը մտավորակա՞ն է, թե՞ ճարպիկ խելամիտ

Ռազմիկ Դավոյանը մտավորակա՞ն է, թե՞ ճարպիկ խելամիտ

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է, որ, որպես կանոն, լինում են մտավորականներ, ովքեր իմաստությամբ օժտված և իրենց սկզբունքներին, գաղափարներին չդավաճանող մարդիկ են, և կան ճարպիկ խելամիտներ, ովքեր իշխանություններին կամ որոշակի քաղաքական ուժերին ծառայող նոմենկլատուրային մտավորականներ են։

-Նա անդավաճան է իր սկզբունքներին և սկզբից մինչև վերջ գնում է այնպես, ինչպես պատվիրված է ի վերուստ՝ գեներով։ Նրան ուզում ես՝ տար իշխանություն, ուզում ես՝ պալատ, ուզում ես՝ աղբանոց, իր սկզբունքներին չի դավաճանի,-իսկական մտավորականի մասին իր պատկերացումն է ներկայացրել Ռ. Դավոյանը։

Հիշեցնենք, սակայն, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ լինելով ՀՅ Դաշնակցության անդամ՝ Ռազմիկ Դավոյանը սատարեց Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին այն դեպքում, երբ ՀՅԴ-ն սեփական թեկնածուն ուներ։

Ելնելով հենց Ռ. Դավոյանի պնդումներից, թե մտավորականն իր սկզբունքներին, գաղափարներին չդավաճանող անձնավորությունն է՝ «7օր»-ի թղթակիցը նրան այսօր հարցրել է. «Ինքներդ Ձեզ մտավորակա՞ն, թե՞ ճարպիկ խելամիտ եք համարում»։

-Ես երբեք չեմ եղել ճարպիկ խելամիտներից։ Դաշնակցության զգալի մասը Սերժ Սարգսյանի թեկնածությունն էր սատարում,- պատասխանել է Ռ. Դավոյանը՝ պնդելով, որ ինքը ոչ թե հայտարարել է, թե սատարում է Սերժ Սարգսյանին, այլ ասել է, որ ժողովուրդը կարող է կողմնորոշվել՝ ում գործն է ավելի ակնառու եղել իրենց համար, ով է ավելի շատ աշխատանք կատարել, ով է, որ ցցուն երևում է և՛ արտաքին քաղաքականության, և՛ Ղարաբաղի, և՛ տնտեսության, և՛ բոլոր ասպարեզներում։

-Այդ թեկնածուների մեջ ամենացցուն և արդյունավետ երևացողը եղել է Սերժ Սարգսյանը։ Րոպեներ անց ինձ զանգահարել են ՀՅԴ գերագույն մարմնից և ասել՝ ընկե՛ր Ռազմիկ, դատական մարմինը Ձեզ կանչում է։ Եվ իմ առջև դրվել է իմ արտահայտությունը։ Ես իմ սկզբունքներին չեմ դավաճանում։

Ռ. Դավոյանն ավելացրել է նաև, որ անկուսակցական լինելու այլընտրանք չի ունեցել, քանի որ երբ մի առիթով՝ 1991թ., հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին և 3 ժամ զրուցել,  ՀՀ առաջին նախագահն իրեն հարցրել է, թե ո՞ր քաղաքական ուժի անունից է խոսում։ «Բանաստեղծը, մտավորականը ոչնչությո՞ւն է»,- մտածել է Ռ. Դավոյանը, և որպեսզի իր խոսքը հասանելի դառնա, որոշել է անդամագրվել որևէ կուսակցության։ Իսկ ՀՅ Դաշնակցության հետ հարաբերությունը, ինչպես նշել է Ռ. Դավոյանը, հաստատված է եղել մինչև ՀՅԴ-ի Հայաստան գալը։

-Ես կուսակցությանը խոսք չէի տվել, թե ինչ որ ասի, պետք է անեմ։ Ես կուսակցությանը մոտեցել էի իմ գաղափարների, իմ նվիրումի տեսանկյունով։ Ես այնտեղ շատ ընկերներ ունեմ, հիանալի տղերք են, անձնավորություններ։ Նույն Դաշնակցության թեկնածուի համար տարբեր տեղերում բազում ճակատամարտեր ենք տվել, որ նրան ու մյուսներին բանտից ազատեն, որովհետև հավատացել ենք, որ նրանք ազգային իդեալների համար պետք է կռվեն,- հայտարարել է նա։-Չեմ կարծում, թե դաշնակցականները գտնում են, որ ես անիրավացի եմ։ Դա ուրիշ խնդիր է՝ կանոնադրական խախտում։ Ես միշտ կանոնադրությունից դուրս եմ եղել։

Ինչ վերաբերում է «7օր»-ի հարցին, թե եթե այժմ  ընտրություններ լինեին, Սերժ Սարգսյանի թեկնածությունը կրկի՞ն կպաշտպաներ, Ռ. Դավոյանը պատասխանել է.

-Չեմ կարող 100%-ով ասել։ Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականությունը չէի ասի, թե փայլուն արդյունքներ ունի, բայց արտաքին քաղաքականության, Ղարաբաղի պաշտպանության, հենց թեկուզ Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու խիզախության և այլ խնդիրներով չեմ տեսնում ուրիշ մեկին, որ այդքան կամք ցուցաբերի։ Ներհայաստանյան, ներիշխանական քաղաքականության մեջ ես բազո՜ւմ, բազո՜ւմ ցավալի ստվերներ եմ տեսնում, որոնց մասին պետք է մտածի Սերժ Սարգսյանը, եթե ուզում է նախագահի հաջորդ ընտրություններին գնալ։ Եթե այս մասին չմտածի, և հանդես գա մեկը, որ երկուսը միասին կարող է անել, կարող է և՛ ներհայաստանյան, և՛ արտաքին քաղաքականության մեջ այդքան հստակ դիրքորոշում ցուցաբերել՝ հանուն ժողովրդի, հանուն ազգային իդելաների և երկրի պաշտպանության, ես նրա թեկնածությունը կպաշտպանեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը