Հարցազրույց

20.07.2015 10:43


Քաղաքագետ. «Լիբիայի բռնապետ Քադաֆին ընդհանրապես որևէ ֆորմալ պաշտոն չուներ»

Քաղաքագետ. «Լիբիայի բռնապետ Քադաֆին ընդհանրապես որևէ ֆորմալ պաշտոն չուներ»

Սահմանադրական փոփոխությունների հրապարակված նախագծի վերաբերյալ «ԳԱԼԱ»-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:

-Պարո՛ն Զոլյան, ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրական փոփոխությունների նախագծին. կան կարծիքներ, որ այն միտված է իշխանության վերարտադրությանը: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

-Այո՛, սահմանադրական բարեփոխումների ամենահավանական բացատրությունը հենց դա է: Սահմանադրական բարեփոխման հանրային պահանջ չի եղել և չկա: Այդ թեման չի եղել ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության օրակարգում: Եվ հիմա, երբ մոտենում է Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի ավարտը, հանկարծ առաջ եկավ սահմանադրական բարեփոխման հարցը: Իհարկե, կարելի է ինչ-որ բարդ բացատրություններ փնտրել, բայց ամենապարզ և տրամաբանական բացատրությունն այն է, որ դրանով փորձ է արվում անել այնպես, որ Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել երկիրը նաև նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո:

-Դավիթ Հարությունյանը պնդեց, որ Սերժ Սարգսյանը չի զբաղեցնի ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնը: Սա ինչ–որ բան փոխո՞ւմ է, թե՞ ոչ (կամ հավատա՞լ, թե՞ ոչ):

-Սա քիչ բան է փոխում, քանի որ այն Սահմանադրությամբ, որն առաջարկվում է, Սերժ Սարգսյանին ընդամենը պետք է մնալ ՀՀԿ ղեկավար, որպեսզի նա կարողանա ղեկավարել երկիրը: Ընդհանրապես, տարբեր բռնապետական համակարգերին բնորոշ երևույթ է, երբ երկրի իրական ղեկավարը ֆորմալ պաշտոն չունի, կամ ունի երկրորդական պաշտոն, իսկ երկրի ֆորմալ ղեկավարը` նախագահը կամ վարչապետը, իրականում խամաճիկի դերում է հանդես գալիս: ԽՍՀՄ-ը ղեկավարում էր Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը, չնայած ֆորմալ առումով պետության ղեկավար պետք է համարվեր մինիստրների խորհրդի նախագահը կամ գերագույն խորհրդի նախագահը: Իսկ, օրինակ, Լիբիայի բռնապետ Քադաֆին ընդհանրապես որևէ ֆորմալ պաշտոն չուներ, և երբ նրանից պահանջում էին հրաժարական տալ, ասում էր, որ չի կարող հրաժարական տալ, քանի որ պաշտոն չունի: Նման տասնյակ օրինակներ կարելի է բերել: Էլ չեմ ասում, որ, ի վերջո, կարող են ասել, որ հանգամանքները փոխվել են, և Սերժ Սարգսյանը «ստիպված» համաձայնել է դառնալ վարչապետ կամ ԱԺ նախագահ:

-Ո՞րն է լինելու հասարակության անելիքն այս հարցում՝ վիժեցնե՞լ գործընթացը, ուսումնասիրել Սահմանադրությունը, գնալ հանրաքվեի եւ իր կարծիքը քվեախցիկում արտահայտել, ի՞նչ անել:

-Կարծում եմ՝ ռազմավարական նպատակը պարզ է` սահմանադրական այսպիսի «բարեփոխում» մեզ պետք չէ: Բայց թե որն է ավելի ճիշտ մարտավարությունը, այսօր դժվար է ասել: Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլիներ, եթե հասարակության ճնշման տակ՝ իշխանությունն ընդհանրապես հրաժարվեր հանրաքվեից: Բայց արդյո՞ք մեր հասարակությունն ունի այսօր այսպիսի ռեսուրս, դժվար է ասել: Համենայնդեպս, անկհայտ է, որ եթե իշխանությունը որոշի ամեն գնով անցկացնել այս փոփոխությունները, գործի են դրվելու նույն տեխնոլոգիաները, որոնք մինչ այժմ գործի են դրվել ընտրությունների ժամանակ: Դրանց դիմագրավելու համար պետք են քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության համախմբումը և ակտիվ, նախաձեռնողական կեցվածքը:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը