Հարցազրույց

18.07.2015 14:43


Դավիթ Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանի որևէ խոստման պետք չէ լուրջ վերաբերվել»

Դավիթ Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանի որևէ խոստման պետք չէ լուրջ վերաբերվել»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հայաստանում սահմանադրական փոփոխություններին դեմ՝ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ:

-Դավիթ, դուք՝ որպես «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ի՞նչ կարծիք ունեք նոր Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի հրապարակված նախնական տարբերակի վերաբերյալ:

-Հրապարակված տարբերակը հաստատեց մեր պնդումներն այն մասին, որ սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության հավերժացման ծրագիր է` քողարկված սահմանադրական բարեփոխումների շղարշի տակ: Իրենց իշխանության վերարտադրման ու հավերժացման համար ոչ մի անհեթեթության առջև չեն կանգնել. օրինակ գրել են` եթե մի քաղաքական ուժի չի հաջողվում կայուն մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Նման պրակտիկա ես ոչ մի երկրում չեմ հիշում, լավ է չեն գրել` անցկացվում է այնքան փուլ, մինչև Հանրապետական կուսակցությունը լիակատար մեծամասնություն ունենա ԱԺ-ում:

-Գերիշխող է այն կարծիքը, որ սա իշխանության վերարտադրության սահմանադրություն է, ոչ ավելին: Սակայն դարձյալ երաշխավորում են, թե Սերժ Սարգսյանն իշխանության չի ձգտում, նա ոչ վարչապետ, ոչ նախագահ, ոչ էլ ԱԺ նախագահ կլինի:

-Իսկ ես ձեզ հարյուր օրինակ կարող եմ բերել, երբ Սերժ Սարգսյանը մի բան է ասում ու կամ չի անում, կամ հակառակն է անում: Ընդհանրապես սովորաբար հենց այդպես էլ լինում է` կոնկրետ ժամկետներ էր նշում, թե երբ է կառուցվելու հայ-իրանական երկաթուղին, նոր ատոմակայանը, տարածաշրջանային կենտրոններ էր ստեղծում, Ստեփանակերտ-Երևան չվերթի առաջին ուղևորն էր լինում, եվրաասոցացման համաձայնագիր էր ստորագրում և այդպես շարունակ: Սերժ Սարգսյանը լիովին արժեզրկել է նախագահի խոսք հասկացությունը, այնպես որ, նրա որևէ խոստման պետք չէ լուրջ վերաբերվել, առավել ևս երբ նա ինչ-որ բան ասում է իր խոսնակների միջոցով:
Բացի այդ, այն համակարգը, որն իրենք ուզում են ստեղծել այս նախագծով և որի անունը դրել են խորհրդարանական համակարգ, բայց այն ավելի շուտ բոլշևիկյան համակարգին մոտ մի բան է, բոլորովին չի պարտադրում ֆորմալ առումով որևէ պաշտոն զբաղեցնել իրական իշխանությունը ձեռքում պահելու համար: Մենք դրա օրինակներն ունենք խորհրդային իրականությունից. Ստալինը երկար ժամանակ իշխում էր ԽՍՀՄ-ում՝ չունենալով որևէ ֆորմալ կարգավիճակ:

-Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, ի՞նչ պայքար է իրականացվելու:

-Այս իշխանությունը միայն մի բանի առջև է ընկրկում. ոչ մի մասնագիտական վերլուծություն, արժեքավոր գնահատական, հիմնավորված քննադատություն, միջազգային արձագանք կամ ֆեյսբուքյան ստատուսների շարք չի կարող ստիպել իշխանությանը ետ կանգնել վերարտադրման իր ծրագրից, դա կարող է անել միայն փողոցը, տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդկանցով լցված հրապարակը:

-Իսկ ինչպիսի՞ն է հասարակության տրամադրվածությունը, կարծում եք պատրա՞ստ են պայքարի:

-Այն, որ հասարակության ճնշող մեծամասնությունը խիստ բացասաբար է տրամադրված այս իշխանությանն էլ, նրա առաջ քաշած ցանկացած նախաձեռնությանն էլ, դրանում որևէ կասկած չկա: Այն, որ հասարակության համար կտրականապես անընդունելի է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, դա նույնպես կասկածից դուրս է, դրան, համոզված եմ, նույնիսկ իշխանության ներսում շատ խմբավորումներ են դեմ: Ուրեմն խնդիրը կայանում է նրանում, որ հասարակությանը հավատ ներշնչես, որ իր պայքարի արդյունքում կարող է բան փոխվել, մոտիվացնես, մոբիլիզացնես: Դրա համար հասարակության հետ անընդհատ աշխատանք պետք է տարվի, և այդ հարցում մենք մենակ չենք: Մեծ հանդիպում ենք ունեցել հանրային սեկտորը ներկայացնող մի շարք հայտնի կառույցների հետ, բոլորը հավաստել են, որ պատրաստ են իրենց ամբողջ ռեսուրսները տրամադրել այս փոփոխությունները վիժեցնելու նպատակով: Սա այն հարցն է, որ իսկապես լայն կոնսոլիդացիա է ապահովելու թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների շրջանում: Այստեղ Սերժ Սարգսյանը մնալու է միայնակ:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը