Լրահոս

13.11.2009 14:14


ՀՅԴ ներկայացուցիչ. «Կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ»

ՀՅԴ ներկայացուցիչ. «Կառավարությունը վաղուց պետք է հրաժարական տված լիներ»

«Փաստարկ» ակումբում 2010թ. բյուջեի մասին խոսելիս ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը, մատնանշելով դրա մի շարք բացասական կողմերը, նշել է, որ կառավարությունն այսօր վարում է ոչ թե ոլորտային, այլ սուբյեկտային քաղաքականություն։

Նա նաև նշել է, որ ինքն ընդհանրապես խուսափում է բյուջեն մեկ բառով բնութագրելուց, իսկ 2010թ. բյուջեն կարելի բնութագրել որպես ոչ նախաձեռնողական, գոյություն պահպանելու ծրագիր։ Նրա կարծիքով՝ 2010թ. բյուջեի նախագծով կառավարության հայտարարված քաղաքականությունն ու կոալիցիոն հուշագրում ամրագրված թիրախները որևէ ձևով հասանելի չեն դառնում։

Նա նաև նշել է, որ կառավարության կանխատեսումների մեծ սխալը չի բացառվում նաև ներկայումս, և այն, որ կառավարությունը հայտարարում է, թե անկումը հասել է իր հատակին, այդպես չէ.

-Անկումը շարունակվում է, և 2010թ. ևս այն հիմնական եկամտային քաղաքականությունը, որ կա, շարունակելու է դեռևս բացասական ազդեցություն ունենալ մեր երկրի վրա։ Երկրորդ, Հայաստանում շարունակում է խրախուսվել մենաշնորհային քաղաքականությունը։ Այս շրջանակներում ակնկալել, թե Հայաստանի տնտեսությունը 2010թ. կցուցաբերի զարգացման այնպիսի միտումներ, որ հնարավորություն կտա ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, ես այդպիսի հնարավորթյուն չեմ տեսնում։

Այս տեսանկյունից անդրադառնալով կառավարության հրաժարականի հավանականությանը՝ նա նշել է, թե կառավարությունն օբյեկտիվորեն պետք է վաղուց հրաժարական տված լիներ։ Սակայն այլ տեսանկյունից՝ մասնավորապես, թե որքանո՞վ է կառավարության հրաժարականն այսօր ձեռնտու քաղաքական մեծամասնությանը, Ա.Մինասյանի կարծիքով՝ կառավարությունն այդ քայլի դեռևս չի դիմի։

Նա նաև նշել է, որ ՀՅ Դաշնակցությունը նիստեր կանցկացնի, կքննարկի բյուջեին կողմ կամ դեմ քվեարկելու հարցը, որից հետո միայն կարտահայտի խմբակցության վերջնական տեսակետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը