Հարցազրույց

17.07.2015 15:05


Ստեփան Դանիելյան. «Նման Սահմանադրության դեպքում իշխանությունը կարող է փոխվել միայն քաղաքացիական պատերազմի միջոցով»

Ստեփան Դանիելյան. «Նման Սահմանադրության դեպքում իշխանությունը կարող է փոխվել միայն քաղաքացիական պատերազմի միջոցով»

«Zham.am»-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ասել է, որ դրանով փորձ է արվում վերականգնել Խորհրդային Միության կառավարման մոդելը:

-Պարո՛ն Դանիելյան, ինչպե՞ս կգնահատեք օրերս հրապարակված սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Աշխարհում գոյություն ունի՞ խորհրդարանական կառավարման նման բովանդակությամբ մոդել, թե՞ սա նորարարություն է:
–Նախագիծը դիտարկելիս տեսնում ենք, որ նպատակը Հանրապետական կուսակցության իշխանության՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով ամրագրումն է: Փորձ է արվում վերականգնել Խորհրդային Միության կառավարման մոդելը, որի Սահմանադրությունում 6-րդ կետ գոյություն ուներ, որտեղ ասվում էր՝ Խորհրդային Միությունում Կոմունիստական կուսակցությունն ունի առաջնորդող դեր: Առանց նման կետի նշման՝ հենց նման մեխանիզմներ են առաջարկում:
–Այսինքն, նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությո՞ւնն է:
–Դա ուղղված է ՀՀԿ-ի իշխանության վերարտադրությանը, և ով կղեկավարի ՀՀԿ-ն՝ իրական իշխանությունն իրեն կպատկանի: Այսօր Սերժ Սարգսյանն է ՀՀԿ ղեկավարը, և ինչպես մենք կարող ենք ենթադրել, չի պատրաստվում հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից: Լավ կլիներ, որ նույն Դավիթ Հարությունյանը հայտարարեր, որ բացի նախագահ, վարչապետ և ԱԺ նախագահ չլինելուց՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նաև ՀՀԿ նախագահ լինել: Այդ դեպքում պարզ կլիներ, որ նա չի պատրաստվում վերարտադրվել:
–Ինչպիսի՞ ռիսկայնություն ունի սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը և արդյոք լուծո՞ւմ է ազգային անվտանգությանն առնչվող խնդիրները:
–Իշխանությունը բռնազավթած խումբն իր հարմար Սահմանադրություն է ապահովում, և ինչպես ասել է Էդուարդ Շարմազանովը, առնվազն առաջիկա 10 տարիներին իրենք պահելու են իշխանությունը: Դա ի՞նչ վտանգ է պարունակում: Դա պարունակում է շատ լուրջ վտանգներ: Հայաստանում ժողովուրդն արդեն առաջարկվող Սահմանադրության միջոցով է զրկվելու իշխանություն ձևավորելու իր իրավունքից, և մենք գնում ենք շատ վտանգավոր ուղղությամբ, այսինքն՝ մի խումբ մարդկանց վրա այլևս որևէ ազդեցության մեխանիզմներ չեն լինելու, և նրանք նաև շատ լուրջ ջանքեր չեն թափելու ընտրությունների համար՝ թողնելով միայն խորհրդարանական ընտրությունները, որն իրենք կարծում են՝ շատ հեշտությամբ կլուծեն:
–Ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկվել հասարակության կողմից հարցը հանրաքվեի չհասցնելու համար:
–Եթե Հայաստանում գործեր արդար ընտրությունների մեխանիզմը, ապա հարցը շատ հեշտ կլուծվեր. մարդիկ կգնային տեղամասեր և կասեին՝ «ոչ», և հարցը կփակվեր, սակայն մենք գիտենք, թե Հայաստանում ինչպես են ընտրություններն անցկացվում, և այդ պատճառով պետք է փնտրել այլ տարբերակներ: Օրինակ՝ սահմանադրական տարբերակ է, որ հանրությունը երկրում ստեղծի մի այնպիսի իրավիճակ, որ հայտարարվի արտակարգ դրություն, և, ըստ Սահմանադրության, արտակարգ դրության ժամանակ հանրաքվե և ընտրություններ չեն անցկացվում: Փաստորեն, նման Սահմանադրության դեպքում իշխանությունը կարող է փոխվել միայն քաղաքացիական պատերազմի միջոցով. զարգացման էվոլյուցիոն տարբերակն այդ դեպքում բացառվում է:
Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը