Լրահոս

12.11.2009 17:21


«Այբ» կրթական հիմնադրամը Երևանի չորս դպրոցներում անցկացնում է «Ռուսական արջուկ»(«Русский медвежонок») փորձնական մրցույթը

Այսօր, «Այբ» կրթական հիմնադրամը Երևանի չորս դպրոներում անցկացնում է «Ռուսական արջուկ» («Русский медвежонок») փորձնական մրցույթը, որը աշակերտների համար նախատեսված ռուսերեն լեզվի միջազգային հետաքրքրաշարժ մրցույթ է: «Այբ»-ը այս նախաձեռնությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում: Այս տարի մրցույթին կմասնակցեն Վ. Մայակովսկու անվ. թիվ 7, Ա. Չեխովի անվ. թիվ 55,    Ս. Շահմուրադյանի անվ. թիվ 85, ՌԴ-ի Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցներից ավելի քան 250 երեխա: 2010 թվականի նոյեմբերին մրցույթը կիրականացվի Հայաստանի բոլոր հետաքրքրված դպրոցներում:

«Ռուսական արջուկ. լեզվաբանությունը բոլորի համար» մրցույթը «Կենգուրու» մաթեմատիկան բոլորի համարե միջազգային հանրաճանաչ ու սիրված մրցույթի փոքր եղբայրն է: Հիշեցնենք, որ «Այբ» հիմնադրամը 2009 թվականին Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես անցկացրեց «Կենգուրուն», որն ունեցավ աննախադեպ թվով մասնակիցներ' 30.567, զարկ տալով Հայաստանում նոր մանկական մաթեմատիկական շարժմանը: Իսկ հաղթողները մեկնեցին Ռումինիա' ներկայացնելու Հայաստանը միջազգային ամառային ճամբարում: Ի դեպ, «Կենգուրու-2010»-ի խնդիրներն արդեն պատրաստ են, և հաջորդ տարվա մարտի 18-ին, ինչպես և այսուհետ ամեն տարի, հայ երեխաները կրկին կմիավորվեն' հանուն գիտության:

«Այբ» կրթական հիմնադրամը նախատեսում է ընդլայնել դպրոցական մրցույթների ցանկը' ներմուծելով Հայաստան միջազգային այլ մրցույթներ բնագիտական առարկաներից և լեզուներից:

Այս խորագրի վերջին նյութերը