Տնտեսական

12.11.2009 16:04


Ի՞նչ տնտեսական շահ ունի Հայաստանը հայ–թուրքական սահմանի բացումից

Ի՞նչ տնտեսական շահ ունի Հայաստանը հայ–թուրքական սահմանի բացումից

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ հանիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքների մասին՝ ասել է, որ մենք պատրաստ չենք դրան։

-Ես չէի ուզենա, որ Թուրքիան մեզ այնպիսի վիճակում տեսներ, ինչպիսին հիմա ենք՝ թափթփված, անմխիթար, տնտեսություն չունեցող, տնտեսական առումով հեռանկար չունեցող մի երկիր, որը փորձում է սահմանը բացել մի երկրի հետ, որն ունի տրամաբանված  տնտեսություն, աշխարհի 17-րդն է իր ՀՆԱ-ով, որին հաշվի են առնում  Մեծ 20-յակի պետությունները, որի դերը կարևորվում է ոչ միայն չափերով, այլև դիրքով,-ասել է նա։

Ըստ Խաչատրյանի՝ ցավոք սրտի, իշխանության կողմից որևէ փաստաթուղթ չկա, որը կհիմնավորի, թե ինչու պետք է սահմանները բաց լինեն՝ ո՛չ ԱԺ-ն, ո՛չ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ վարչապետը հստակ բացատրություններ չեն տվել։

-Ազգային անվտանգության ծառայության կողմից որևէ դիտարկում, համենայնդեպս, ինձ ծանոթ չէ։ ԱԽՔ-ի կողմից էլ որևէ փատաթուղթ չկա, որ փորձեն ապացուցել, որ հայ-թուրքական սահմանի բացումը  շահավետ է։ Ո՞րն է լինելու մեր շահը։ Քաղաքական առումով փաստաթղթերում այդ շահը չեմ տեսնում։ Ես կարող եմ ասել՝ սահմանի բացումը ձեռնտու է լինելու, բայց ե՞րբ՝ հիմա՞, թե՞ 15 տարի հետո, պարզաբանված չէ,-ասել է նա։

Վահագն Խաչատրյանը ասել է, որ մենք չունենք այնպիսի տնտեսություն, որով կհետաքրքրենք Թուրքիային, և ավելացրել, որ Թուրքիայի համար հետաքրքիր կլինի այն, որ մենք դառնանք խաչմերուկ՝ տրանսպորտային հանգույց։

-Դրանով մենք հնարավորություն կտանք կապվելու Իրանի և միջինասիական երկրների հետ։ Դա կոչվում է Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնում։ Թուրքիայի հետաքրքրությունը միայն տնտեսական այդ առումով անմիջապես փոխկապակցվում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ, որովհետև առանց Նախիջևանի այլ կարճ ճանապարհ չկա Միջին Ասիա և Պարսկաստան հասնելու համար։ Պատրա՞ստ ենք, կարո՞ղ ենք։ Ես կասեի, որ պատրաստ չենք։ Մենք օրենսդրական խնդիրներ ունենք. ապրանքների, բիզնեսմենների պաշտպանվածության հարցը լուծված չէ,-նշել է նա։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը