Մեկնաբանություն

11.07.2015 20:55


Սահմանադրությունը և ռեակցիոն ուժերը

Սահմանադրությունը և ռեակցիոն ուժերը

Սերժ Սարգսյանը պատվիրել է, իսկ Գագիկ Հարությունյանը կատարում է։ Էնտուզիազմով է կատարում։

Սարգսյանը պատվիրել է այնպիսի սահմանադրական տեքստ, որն իր իշխանությունը կերկարաձգի «ա լյա Բրեժնև սթայլ»։ Հարությունյանը տքանաջան աշխատում է այդ ուղղությամբ։

Խնդիրը, սակայն, միայն Սերժը չէ։ Ավելի ճիշտ՝ Սերժի հարցը երկրորդական է։ Առաջնայինն այն կոդն է, որն ուզում են ամրագրել Սահմանադրությամբ, այն է՝ Հայաստանում հաստատել քաղաքական մենաշնորհ և սպանել մրցակցային միջավայրը առնվազն մի քանի սերնդի համար։ Իսկ դա ական է պետության տակ։ Մեր պետությունը նման մոդելով կառավարվելու ռեսուրս չունի։ Ահա՛ թե ինչու է պետք տոտալ մերժել սահմանադրական փոփոխությունները։

Ուշագրավն այն է, որ Հայաստանն ականապատող Սարգսյանն ու Հարությունյանը բոլշևիկյան շկոլայի վերջին՝ փտած փուլի կարկառուն ներկայացուցիչներն են։ Դրա համար էլ իրենց հոգեհարազատ կառավարման մոդել են մշակում՝ նեոբոլշևիկյան։

Կյանքը ցույց է տվել, որ երկուսն էլ ուղն ու ծուծով բոլշևիկյան վատագույն ավադույթների կրողներն են և երկուսն էլ դեմ են եղել անկախությանը, բայց ունենալով լավ հոտառություն՝ ճիշտ պահին աթեիզմը փոխարինել են աստվածավախի կերպարի հետ, Կարլ Մարքսի «Կապիտալի» փոխարեն ձեռքներն են առել Աստվածաշունչը, համայնավարական շինելը փոխարինել են ազգային–ազատագրականի ու անկախականի հագուստի հետ։

Ուշագրավ է նաև այն, որ այս երկու մարդն այժմ փորձում են Հայաստանը հետ տանել դեպի բոլշևիկյան կառավարման ժամանակները, երբ երկիրը ղեկավարվում էր կոլեկտիվ անպատասխանատվության սկզբուքնով, իսկ ղեկավարողները թողնում էին իրենց կաբինետները միայն ոտքերով դեպի առաջ (դագաղում պառկած վիճակում) կամ ձեռքերով դեպի առաջ (կալանավորի կարգավիճակով) տարբերակներով։

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը Սարգսյան–Հարությունյան զույգի ենթագիտակցական պայքարն է ընդդեմ ՀՀ անկախության։ Ճիշտ է, անկախությունն այս երկուսին շատ վերև բարձրացրեց (կոմունիստների օրոք սրանք իրենց «պլանկան» ունեին, որից վերև հազիվ թե բարձրանային) ու այսօրվա իրենց դիրքով, ունեցվածքով և ազդեցությամբ պարտական են հենց անկախության առաջին շրջանին բնորոշ անցումային փուլին, բայց միևնույն է ենթագիտակցությունը հզոր բան է և նրանք պայքարում են անկախության դեմ։

Սահմանադրական փոփոխությունները, հետևաբար, պետք է գնահատել ոչ միայն որպես այս ապաշնորհ իշխանության վերարտադրության փորձ, այլ նաև ռեակցիոն ուժերի հարձակում անկախության դեմ։

ՀՀ քաղաքացիներիս խնդիրը, հետևաբար, պետք է լինի ռեակցիոն ուժերին պետական կառավարումից հեռու պահելը։

Սահմանադրական փոփոխություններ թույլ չտալը ոչ միայն ու ոչ այնքան վերարտադրության ծրագիրը վիժեցնելու քայլ է, այլ նախևառաջ հանուն ՀՀ անկախության պայքար։ Սա այն հարցն է, որտեղ բազմաթիվ գույներ չկան։ Կա սև ու սպիտակ՝ կա՛մ դու կողմ ես ռեակցիոն ուժերին ու դեմ ես ՀՀ անկախությանը, կա՛մ կողմ ես ազատ ու անկախ Հայաստանի գաղափարին, ուստի՝ պետք է դեմ լինես սահմանադրական փոփոխություններին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը