Մեկնաբանություն

08.07.2015 21:25


Անմեղսունակությո՞ւն, թե՞ պետական դավաճանություն

Անմեղսունակությո՞ւն, թե՞ պետական դավաճանություն

Ադրբեջանական կողմը ցնծության մեջ է։

Բանն այն է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը Հելսինկիում քվեարկել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության անքակտելիության օգտին:

Այդ բանաձևի հեղինակը ադրբեջանական պատվիրակության անդամ Այազ Գուլիևն է: Այդ փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ Հելսինկյան սկզբունքներով գերակա է տարածքային ամբողջականությունը, իսկ ազգերի ինքնորոշումը սահմանների փոփոխություն չի ենթադրում և ստորադասվում է տարածքային ամբողջականությանը (ադրբեջանցիներն ակնհայտորեն օգտվել են Ղրիմի շուրջ առաջացած արևմտյան դիրքորոշումից ու առաջ են մղել տարածքային ամբողջականության կետը): Տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման համահավասար հայտնի սկզբունքների ահա այս կամայական մեկնաբանության օգտին է քվեարկել Սերժ Սարգսյանի ամենասիրելի գործիչներից մեկը՝ տխրահռչակ «դհոլը»՝ Արտաշես Գեղամյանը։

Երբ ՀՀԿ խմբակցության պատգամավորը Հելսինկիում տեղի ունեցած Արևմուտք–Ռուսաստան բախման ժամանակ ռուսներից ավելի ռուս երևալու մոլուցքով կռիվ էր տալիս արևմտյան երկրների դեմ, դա կարելի էր վերագրել «դհոլի» անմեղսունակությանն ու բոլշևիկների ժամանակներից մնացած նրա պաթոլոգիկ պնակալեզությանը։

Բայց երբ սույն անձնավորությունը կողմ քվեարկեց ադրբեջանական պատվիրակության անդամի ներկայացրած բանաձևին, որն ակնհայտորեն հակաղարաբաղյան ուղղվածություն ունի, և հետագայում բազում խնդիրներ է առաջացնելու, սա արդեն պետական դավաճանություն է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեղամյանին այդ կարգավիճակը տվել է Սերժ Սարգսյանը, կարող ենք պնդել, որ ՀՀԿ ղեկավարը կիսում է այդ ամենի պատասխանատվությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը