Մեկնաբանություն

05.07.2015 13:25


Գասպարյան Վովայի ամառը

Գասպարյան Վովայի ամառը

Այս ամառը շատ թեժ ստացվեց ոստիկանապետ Գասպարյան Վովայի համար։ Տերտերության «կուտն ուտող» չկա, իսկ ուժ չեն թողնում կիրառել։ Մնում է դերասանությունը, բայց դա էլ օգուտ չի տալիս։

Ոստիկանապետը դարձել է համացանցի աստղը։ Տժժիկների ու ղժժիկների պակաս չկա։

Վովան, թերևս, անկեղծորեն չի հասկանում, թե ինչու չպետք է ցրի ցույցն ու Բաղրամյան փողոցից հավաքի աղբամանները, որոնք որևէ մեկը չի էլ պահպանում (ցերեկվա ժամերին ցուցարարներ գրեթե չկան, ու անգամ «Սանիտեքը» կարող է բացել Բաղրամյան պողոտան)։

Դե արի ու Վովային բացատրի, որ Բաղրամյան 26–ը կաշկանդված է դրսից ստացած հրահանգով (ուժ չկիրառել), և ամենակարևորը՝ եթե ոստիկանական ուժերով բացեն Բաղրամյանը, ապա հունիսի 28–ից հետո առաջացած լղոզված վիճակն անմիջապես կհստակեցվի՝ միավորելով բոլորին ընդդեմ նախագահական նստավայրի։ Դրա համար էլ փորձում են տարածքի «բնակիչների», հաճախորդների ու այլոց միջոցով քննադատել Բաղրամյանում մնալը։ Բայց առայժմ բան չի ստացվում։ Բաղրամյանը վերածվում է շուրջօրյա ռեժիմով գործող «տաք կետի», ու դեռ հայտնի չէ, թե ուր կտանեն զարգացումները։

Այս պահին բողոքի գործողության անհայտ նախաձեռնողները որոշել են «քայլ առ քայլ» օպերացիան իրականացնել։ Դա շատերի համար անհասկանալի մարտավարություն է, քանզի կրիայի քայլերով մոտ երկու տարում կարելի է հասնել Բաղրամյան 26, բայց չենք կարող չնկատել, որ այդ մարտավարությունը նյարդայնացնելու է ոստիկանությանն, ու շարունակելու է էրոզիայի ենթարկել իշխանական բուրգը, իսկ դա, որպես միջանկյալ արդյունք, վատ չէ։

Կաշխատի՞ այդ մարտավարությունը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Կարևորը տվյալ պահին այն է, որ Բաղրամյան պողոտան շարունակի մնալ փակված։ Հենց ջրեն, մարդկանց քանակը կաճի։ Չջրեն՝ «կխուրդվեն»։ Այսինքն, ամեն դեպքում, «քաշվել» են, ու խիարը թարս է բուսնել (եթե չի էլ բուսնել, ապա պետք է բուսեցնել)։

Մի խոսքով, ոստիկանապետի ամառը թեժ ստացվեց։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը