Մեկնաբանություն

05.07.2015 11:40


Սա փոքր երկիր ա, սթափվե՛ք (#եսգասպարյանվովանեմ#եսվովանեմ)

Սա փոքր երկիր ա, սթափվե՛ք (#եսգասպարյանվովանեմ#եսվովանեմ)

Այսօր ՀՀ սահմանադրության օրն է։ Այն Սահմանադրության, որն ուզում են փոխել՝ 50րդ հոդվածի դեմն առնելու համար։

Այդ հոդվածում նշված է, որ նույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ նախագահ աշխատելուց հետո միանգամից գնալ երրորդ ժամկետի։

Եթե Սերժ Սարգսյանն ուզում է զբաղեցնել նախագահի աթոռը երրորդ անգամ, ապա գործող Սահմանադրությամբ նա պետք է բաց թողնի առնվազն մեկ ժամկետ, ապա նոր միայն Բաղրամյան 26 վերադառնալու հայտ ներկայացնի, կամ էլ՝ փոխի իր անուն–ազգանունը, դառնա «այլ անձ» ու առաջադրվի նախագահի թեկնածու։ ՀՀԿ ղեկավարը, սակայն, այլ ծրագրեր ունի։ Նա չի ուզում հեռանալ պետական կառավարման ղեկից ու ամենայն հավանականութմաբ՝ չի ուզում դառնալ «այլ անձ»։ Դրա համար էլ նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որպեսզի հնարավորություն ստանա կա՛մ առանց դադարի երրորդ ժամկետի գնալ (եթե մնա կիսանախագահական մոդելը), կա՛մ ստանձնել ԱԺ նախագահ–գենսեկի ֆունկցիան (եթե անցում կատարվի այսպես կոչված խորհրդարանական մոդելին)։

Կստացվի՞ այդ ծրագիրը Սարգսյանի մոտ, թե՞ ոչ, այլ հարց է։ Սահակաշվիլին էլ, օրինակ, որոշեց փոխել Վրաստանի սահմանադրությունն ու երկարաձգել իր իշխանությունը, սակայն չստացվեց և նա այժմ հետապնդվում է վրացական իրավապահների կողմից՝ Օդեսայի նահանգապետի կարգավիճակով։

Կա նաև հակառակ օրինակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխեց այդ երկրի Սահմանադրությունը, և ցմահ սուլթան աշխատելու հնարավորություն ստացավ։

Սարգսյանին ակնհայտորեն դուր է գալիս Ալիևի փորձը, և նա փորձում է այդ ճանապարհով գնալ, բայց ինչպես մեր օրերի մեծն դերասան–տերտեր–միլիցա մարդը կասեր՝ «Սա փոքր երկիր ա, սթափվե՛ք» (#եսգասպարյանվովանեմ#եսվովանեմ)։

Հայաստանն ուզում են առանց նավթի ու գազի սուլթանատ սարքել։ Դա անհնար է։ Նաև՝ վտանգավոր։ Մենք այդպիսի ռեսուրս չունենք։ Մենք սուլթանատի վերածելու հայրենիք չունենք։

Սարգսյանը կարողացել է այս պահին անապատի վերածել քաղաքական դաշտը, կարողացել է հաճախորդացնել քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությանը և բուծել նեոկոմսոմոլներ, կարողացել է «Գեբելսյան» քարոզչամեքենա ստեղծել ու լրատվական դաշտը այլասերել։ Նրա դեմ հիմա մեկ խոչընդոտ կա՝ ՀՀ սահմանադրությունը։ Ահա ա՛յդ խոչընդոտն է նա ուզում վերացնել։

Եվ ուրեմն, Հայաստանում պետք է ձևավորել սահմանադրական շարժում՝ թույլ չտալու համար մայր օրենքի բռնաբարումը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը