Մեկնաբանություն

03.07.2015 16:25


Չարիքն ու բարիքը

Չարիքն ու բարիքը

Արտաքին «Նախաձեռնողական» քաղաքականությունը փորձանք բերեց Հայաստանի գլխին։

«Նախաձեռնողական» չարիքի դրսևորումներից էին «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, ԵՄ–ի հետ ասոցացման արկածախնդրությունը, Կրեմլից խայտառակ կախվածության մեջ հայտնվելը և ԵՏՄ–ական մարազմը, Արևմուտքի ու ՌԴ–ի հետ հարաբերությունների վատացումը և այլն։

Չարիքի վերածված արտաքին քաղաքականության արդյունքը եղավ այն, որ Հայաստանը կորցրեց իր սուբյեկտայնության որոշակի մակարդակը, ու հիմա անթուլատրելիության աստիճանի կախվածության մեջ է հայտնվել արտաքին ուժերից։ Այդպիսի կախվածության մեջ է հայտնվել իշխանությունը։

Այս չարիքը, սակայն, կարող է բարիքի վերածվել, եթե ՀՀ քաղաքացիները կարողանան օգտվել ստեղծված իրավիճակից, և ճիշտ լուծումներ գտնել։

ՀՀ իշխանություններն այնքան մեծ կախվածության մեջ են հայտնվել դրսից, որ հիմա չեն կարողանում ուժ կիրառել Բաղրամյան փողոցում։

Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը, տարբեր դրդապատճառներից ելնելով, խիստ տոնով արգելել են Սերժ Սարգսյանին ուժ կիրառել։

Մոսկվայում տագնապած են, ու կարծում են, որ քանի որ ՀԷՑ–ը ռուսական ընկերություն է, ապա բողոքի գործողությունը կարող է ստանալ հակառուսական տեսք, և Հայաստանում կկրկնվի ուկրաինական Մայդանի պատմությունը։ Որպեսզի հակառուսականություն չլինի ռուսական ռազմաբազա ունեցող Հայաստանում, Կրեմլն արգելել է ուժ կիրառել, ու կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծումներ գտնել։ Դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանն ուժով հավաքը ցրելուց հետո ստիպված եղավ հագնել «բարի» ու «երկխոսող» իր շորերը, իսկ Վովա Գասպարյանը՝ մահակի փոխարեն ձեռքն առնել Աստվածաշունչը։

Ինչ մնում է Արևմուտքին, ապա այնտեղ դեմ չէին լինի, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի գործողությունը հակառուսական Մայդանի վերածվի («կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ոչինչ» տարբերակով), ու սկզբի համար թույլ չեն տալիս ուժի կիրառում։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ բոլոր իշխանություններն էլ տարբեր առիթներով ուժ կիրառել են ու խնդիր չեն ունեցել դրսի ուժերի հետ, քանզի Հայաստանի սուբյեկտայնությունը դա թույլ է տվել (աշխարհի բոլոր պետությունների իշխանություններն էլ կարողանում են ուժ կիրառել անհրաժեշտության դեպքում, և դա իշխանությունների բացառիկ իրավունքն է, եթե, իհարկե, այն լեգիտիմության որոշակի բազա ունի)։

ՀՀԿ ղեկավարն այնքան փորձեց մեր երկրի ներքին խնդիրներն արտաքին դաշտում տարատեսակ խաղերի միջոցով լուծել, որ հիմա հայտնվել է սեփական ձեռքերով պատրաստված թակարդում՝ չկարողանալով ուժ կիրառել։ Ահա սա՛ է չարիքից առաջացած այն բարիքը (Սարգսյանին ուժի կիրառման հնարավորությունից զրկումը), որից պետք է օգտվի հայ ժողովուրդը, և այն քաղաքական կոնտրէլիտան, որը կառաջնորդի փոփոխությունների սուր կարիք զգացող Հայաստանը։

Գևորգ Գևորգյան

Հ.Գ.։ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի գործողության ամեն մի օրը էրոզիայի է ենթարկում իշխանական բուրգը։ ՀՀԿ–ում սկսում են արձանագրել, որ Սարգսյանի միակ հենարան համարվող ուժային ռեսուրսը թույլ չի տրվում աշխատեցնել։

Բաղրամյան 26–ում սա շատ լավ հասկանում են ու փորձում են էրոզիայի ենթարկել Բաղրամյանում հավաքվածների պայքարը։ Դա թույլ չտալու միակ ճանապարհը պայքարին հստակ քաղաքական տեսք տալն է։ Օրինակ՝ պահանջների ավելացումը և ժամկետային ճնշումները։

Բաղրամյանը պետք է տաք պահել նաև սահմանադրական փոփոխությունների դեմն առնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը