Լրահոս

10.11.2009 16:41


«Չորրորդ իշխանություն» թերթն այլևս լույս չի տեսնի. այժմ այն դարձել է «Չորրորդ ինքնիշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթն այլևս լույս չի տեսնի. այժմ այն դարձել է «Չորրորդ ինքնիշխանություն»

-Հաջորդ որոշումը պետք է լինի, որ Շողերը թերթ չտպագրի։ Դա՛ է իրենց ասածը։ Բայց Շողերը թերթ տպելո՛ւ է։ Իմ ասածն էլ սա՛ է,- «7օր»-ին փոխանցել է «Չորրոդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը,- նրանք իրենց ֆինանսական վեճը տարել են արդեն քաղաքական հարթություն։ Իրենք իրավունք չունեին արգելել տպագրել «Չորրորդ իշխանությունը»։

Նշենք, որ նոյեմբերի 10-ից «Չորրորդ իշխանությունն» այլևս լույս չի տեսնում։ Այսուհետ այն կտպագրվի «Չորրորդ ինքնիշխանություն» անվանմամբ, սակայն նույն խմբագրակազմով։

Ներկայացնելով այս ամենի նախապատմությունը՝ Շ. Մաթևոսյանը «7օր»-ին ասել է, որ նախկինում «Գինդ» տպարանը հայցով դիմել էր դատարան առ այն, որ «Չորրոդ իշխանության» հրատարակիչ «Օգոստոս» գործակալությունն իրենց գումար է պարտք։ Սակայն երբ դրանից հետո թերթը սկսել է հրատարակել մեկ այլ կազմակերպություն, դատարանը որոշել է ընդհանրապես արգելել որևէ այլ կազմակերպության կողմից «Չորրորդ իշխանության» տպագրումը։ Խմբագրակազմն էլ որոշել է թերթն այլ անվանումով հրատարակել։

-Նրանց ցանկությունն այն է եղել, որ «Չորրորդ իշխանությունը» չտպագրվի։ «Չորրորդ իշխանություն» չի՛ տպագրվում, փոխարենը տպագրվում է «Չորորդ ինքնիշխանությունը»,- ասել է թերթի գլխավոր խմբագիրը,- կարծում եմ՝ սա ներքևից բարձրացող պատվեր է։ Ինձ թվում է՝ «Գինդ» տպարանը որոշել է իշխանություններին շատ խիստ դուր գալ, որը, չգիտեմ, նրանց դուր գալի՞ս է, թե՞ ոչ։ Կամ էլ իշխանության ինչ-որ մի թև մյուս թևի հետ ինչ-որ հաշիվներ է լուծում, կամ իրար են ուզում «Չորրորդ իշխանության» միջոցով վնաս տալ։ Ես չեմ հասկանում ու ինձ չի՛ էլ հետաքրքրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը