Հարցազրույց

01.07.2015 17:25


Ցուցարար. «Շարժման մեջ տեղի է ունենում զտում» (տեսանյութ)

Ցուցարար. «Շարժման մեջ տեղի է ունենում զտում» (տեսանյութ)

Հարցազրույց Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներից Հայկ Փայտյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում շարժման ներկա վիճակը։ Արդյոք այն բավարա՞ր է, որպեսզի իշխանությունը կատարի հանրության պահանջը, և առաջին հերթին չեղարկի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։

–Իմ կարծիքով այն, ինչ հիմա կատարվում է շարժման հետ, շատ բնական ընթացք է։ Այսինքն, տեղի է ունենում զտում. մենք ունեցանք մեր խնդիրները, հիմա ճշտում ենք մեր պահանջները, արդեն կազմվում են մասնագիտական խմբեր, և փորձում ենք ընդգրկել համապատասխան մասնագիտական որակներ ունեցող քաղաքացիների։ Տեղի են ունենալու հանրային քննարկումներ ամեն օր՝ 20։30–ին, որտեղ այդ խմբերը լրացնելու են ժողովրդից ստացված առաջարկները, իմպուլսները զտվելու են, այնուհետև, ըստ քվեարկության, որոշվելու է, թե այստեղ հավաքված ժողովուրդն ինչ է ցանկանում, և, ըստ այդմ, մշակելու ենք և՛ մեր մարտավարությունը, և՛ հետագա քայլերը։

–Իշխանության վրա ճնշումներն ավելացնելու ի՞նչ տարբերակներ են քննարկվում։

–Այսօր՝ 20։30–ին, հենց այդ քննարկումներն են տեղի ունենալու. մեխանիզմները մշակվելու են։ Ես՝ որպես ցուցարարներից մեկը, կարող եմ իմ առաջարկներն անել։ Իմ առաջարկներից մեկը կարող է լինել նորից փողոցների շրջափակումը՝ երթևեկությունը կանգնեցնելու համար, գուցե կարևոր նշանակություն ունեցող շենքերի շրջափակումը, ևս մեկ հացադուլ։ Ամեն քայլ հնարավոր է, որպեսզի կարողանանք հասկացնել իշխանություններին, որ մեր պահանջը դեռ հստակ կատարված չէ։

–Որքա՞ն ժամանակ է հարկավոր այդպիսի միջոցներով արդյունքի հասնելու համար։

–Ես՝ որպես ցուցարարներից մեկը, իմ պատրաստակամությունն եմ հայտնելու մնալ այստեղ՝ ինչքան հարկավոր է, ասում են՝ ամիսներո՞վ, այո՛, նույնիսկ ամիսներով։ Իսկ մնացածների համար չեմ կարող պատասխանել։ Հանրային քննարկման ընթացքում ժամանակահատվածի հարցն էլ է քննարկվելու, և եթե որոշվի, որ պետք է վերջնաժամկետ ներկայացվի, ուրեմն վերջնաժամկետը ներկայացվելու է։ Իմ համար ամենակարևորն այստեղ այն է, որ 25 տարվա պատմության մեջ մենք առաջին անգամ այս պողոտայում փորձելու ենք իրականացնել ժողովրդավարական սկզբունքներով քվեարկություն։ Այսինքն, չեն լինելու մարդիկ, ովքեր պարտադրելու են իրենց որոշումը ժողովրդին։ Ժողովուրդը որոշելու է, ի՛նքն է լինելու պատասխանատուն իր քայլերի, և իրականացնելու ենք բոլորս միասին։

–Իսկ եթե իշխանությունները, այդուհանդերձ, չկատարեցին հանրության պահանջը, ի՞նչ եք անելու։

–Եթե ժողովուրդը որոշի իշխանությունների դեմ քայլ կատարել, ես մասնակցելու եմ՝ կլինեն շրջափակում, երթեր, գործադուլներ, թե նստացույցեր։

–Չե՞ք կարծում, որ մինչև հարցը չքաղաքականացվի, խնդրին լուծում չի տրվի։ Այստեղ ցուցարարներից շատերը վախենում են «քաղաքականացնել» արտահայտությունից, բայց խոսքը ոչ թե կուսակցականացնելու, այլ հենց քաղաքականացնելու մասին է։

–Իմ անձնական կարծիքով երբ որ ասում են քաղաքականացնել, ինձ թվում է, որ դրա տակ իրենք ի նկատի ունեն կուսակցականացնելու կոնտեքստը։ Որովհետև հարցն ինքնին քաղաքական է, բայց մեր երեք հստակ պահանջներից բացի՝ ուրիշ քաղաքական պահանջներ մենք չենք դնելու. մեր պահանջները հստակ են։ Դա կդիտարկվի որպես սոցիալական պահանջ, թե քաղաքական պահանջ, արդեն իրավաբանական հարթության մեջ է։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը


Այս խորագրի վերջին նյութերը