Լրահոս

04.02.2011 11:09


«Օլիմպ» ԱԿ-ի գործով իրադարձությունները նոր զարգացումներ են ստանում

«Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերությունը հանդիսանալով Աբովյան 4 հասցեում գտնվող՝ «Օլիմպ» ԱԿ-ին  սեփականության իրավունքով պատկանող տարածքի ձեռքբերող, 2010թ մարտ 10-ին դատարանի կայացրած վճռով, վտարեց իր սեփական տարածքից։ Հիշեցնեմ, որ ինչպես վտարման, այնպես էլ դրան նախորդած բոլոր իրադարձությունները իրականացվել են օրենքի կոպիտ խախտումներով։ Շուտով կլրանա մեկ տարին, ինչ «Օլիմպ» ԱԿ-ը վտարվեց Աբովյան 4 հասցեում գտնվող տարածքից։

«Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն դիմել է Կադաստրի պետական կոմիտե Աբովյան 4 հասցեում իր իրավունքները գրանցելու համար, սակայն ստացել է մերժում։ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն չի դիմել դատարան ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ  «Կենտրոն» ՏՍ-ի դեմ, այլ դիմել է ընդհանուր իրավասության դատարան' հատուկ վարույթի գործերով դիմում ներկայացնելով:

Դիմումի մեջ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն հղում չի կատարել որևէ դատավարական նորմերի և չի ղեկավարվել դատավարական ոչ մի նորմով: Դիմումի մեջ հղումներ են կատարվել քաղաքացիական օրենսգրքի 273 հոդվածին:

 Դիմումից չի երևում, թե որտեղ է իրավունքների խախտման վտանգը, որի պաշտպանության խնդրով էլ դիմողը դատարան է դիմել:

Դատարանը վճռում հղում չի կատարել որևէ դատավարական նորմերի և չի ղեկավարվել դատավարական ոչ մի նորմով: Փոխարենը՝ դատարանը ղեկավարվել է քաղաքացիական օրենսդրության նորմերով: 

Վճռից չի երևում, թե որտեղ են դիմողի իրավունքների խախտման վտանգը, որի պաշտպանության խնդրով էլ դատարան դիմում է ներկայացվել: Դատելով վճռի բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերությունը չի կարողանում գրանցել սեփականության իրավունքը Երևան քաղաքի, Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:

Այսպիսով, դատարանում քննվել է քաղաքացիական գործ, որը ուղղակի վերաբերել է «Օլիմպ» Կոոպերատիվի իրավունքներին և պարտականություններին, սակայն Կոոպերատիվը մասնակից չի դարձվել տվյալ գործով դատաքննությանը:

 Արդյունքում խախտվել է Կոնվենցիայի 6(1) հոդվածը: «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն մասնակցել է դատաքննությանը ապացույցներ է ներկայացրել, տվել է բացատրություններ և բերել է հիմնավորումներ, հայտնել է իր կարծիքը և միջնորդություններ է ներկայացրել դատարան, սակայն դատավարական այս բոլոր իրավունքներից չի օգտվել Կոոպերատիվը, ինչի արդյունքում կոպտորեն ոտնահարվել են «Օլիմպ» ԱԿ-ի իրավունքները: Ես զրկված եմ եղել ապացույցներ ներկայացնելուց որոնք կհաստատեին, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված պայմանագիրը չի կնքվել իմ կամքից անկախ պատճառներով: Ավելին դատարանը այս հանգամանքը հաստատված է համարել բացառապես հիմք ընդունելով «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ Ընկերության ներկայացուցչի բացատրությունը և ցուցմունքըՄինչդեռ, ես մասնակցելով առաջին ատյանի դատարանում գործի քննությանը, իրավունք ունեի ցուցմունք տալ և բացատրություններ ներկայացնել այն մասին, որ «Օլիմպ» ԱԿ  իրենից կախված ամեն բան կատարել է, նշված պայմանագիրը կնքելու համար, ավելին պայմանագիրը չի կնքվել հենց դիմողի մեղքով: Բացի այդ, ես կարող էի ներկայացնել ապացույցներ, տալ ցուցմունքներ և բացատրություններ, որ նոտարը չի կնքել պայմանագիրը մի շարք նկատառումներից ելնելով, մասնավորապես, որ Ընկերության և ԴԱՀԿ-ի կողմից նոտարին ներկայացված փաստաթղթերում առկա են եղել բազմաթիվ անճշտություններ։

Բացի այդ, մինչև այսօր չի կատարվել օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջը' փոխհատուցման գումարը չի փոխանցվել Հովհաննես Ղուկասյանին: Ավելին, ոչ «Օլիմպ» ԱԿ-ին, ոչ էլ նրա փայատերերից և ոչ մեկին չի տրամադրվել գույքը պետության կարիքների համար վերցվելու դեպքում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված նախնական համարժեք փոխհատուցումը: «Օլիմպ» ԱԿ-ն դատաքննությանը մասնակցելու դեպքում կարող էր ապացույցներ ներկայացնել, ցուցմունքներ տալ, բացատրություններ  և հիմնավորումներ բերել, որ օրենքներով և ՀՀ Սահմանադրության համաձայն վիճելի գույքի միակ սեփականատերը այս պահին Կոոպերատիվն է:

ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի համաձայն' պետական իշխանությունն իրականացվում է Uահմանադրության և oրենքներին համապատաuխան ... պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով: Այս նորմից հետևում է, որ դատարանը չէր կարող այնպիսի նորամուծություններ մտցնել անձի կողմից դատարան դիմելու առումով, որը նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Մինչդեռ դատարանը առանց հաշվի առնելու, թե իրականում վեճ գոյություն ունի թե ոչ, դիմումը ընդունել է վարույթ և քննել է գործը:

Մյուս կողմից, համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 1-ին և 8-րդ հոդվածների դատական իշխությունը,  դատարանները իրականացնում են միայն ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և դատական օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում են անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացումը:

Այս հոդվածների համադրությունից հետևում է, որ անձը կարող է դիմել դատարան և դատական պաշտպանություն հայցել միայն այն դեպքում, երբ առկա է իրավունքների խատում, կամ այդպիսի խախտման վտանգ: Իսկ դատարանները պարտավոր են միայն տվյալ դեպքում քննեն անձի դատարան ներկայացված դիմումը կամ հայցը: Այս սկզբունքները հստակ շարադրված են ՀՀ քաղ. դատ. օրենսգրքում: Այսպես, համաձայն 2-րդ հոդվածի շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան' ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Այսպիսով, եթե չկա իրավունքների խախտման վտանգ, ապա անձը չի կարող ուղղակի հենց այնպես դիմել դատարան և դատարանում պահանջ ներկայացնել: Մասնավորապես անձը չի կարող դիմել դատարան և դատարանից խնդրել հաստատել, որ այս տարի 2010 թվականն է, կամ, որ այսօր չորեքշաբթի է, և այլն: Նաև, եթե որևէ մեկը կասկածի տակ չի դնում որևէ փաստի գոյությունը անձը չի կարող դիմել դատարան և պահանջել, որ դատարանը ճանաչի այդ փաստի առկայությունը: Մասնավորապես անձը չի կարող դիմել դատարան և պահանջել, որ դատարանը հաստատի, որ իր անունը Ավո կամ Մամիկոն է, կամ, որ իր վերնաշապիկը սեփականության իրավունքով պատկանում է իրեն, կամ, որ ինքը ՀՀ կառավարության որոշումով դարձել է տվյալ հասցեում գտնվող սեփականության ձեռքբերող, կամ, որ իրեն սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Աբովյան փողոցում գտնվող անշարժ գույքը, կամ, որ ինքը կարողանում է ՀՀ դատարաններում կամայական բովանդակության վճիռ ստանալ ՀՀ-ի անունից, և այլն:

Դատարանը վճիռը կայացնելուց հիմնվել է ՀՀ քաղ. օր-ի 273 հոդվածի վրա: Ինչ վերաբերում է 273 հոդվածի բովանդակությանը, որ սեփականատերը իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը, ապա այս հոդվածը կիրառվում է հայցային վարույթների ժամանակ, և սեփականատերը կարող է այդպիսի պահանջ ներկայացնել միայն կոնկրետ սուբյեկտի դեմ: Այսինքն դատարանը կոնկրետ սուբյեկտից կարող է պահանջել ինչ որ բան կատարելու, կոնկրետ այս դեպքում՝ իրավունքը ճանաչելու:

Այս նորմը դատավարական նորմ չէ, եթե օրենսդիրը գտներ, որ այս նորմը վերաբերում է այն դեպքերին, որ հայցվոր սեփականատերը առանց որևէ իրավունքների խախտման հիմքի կարող է դիմել դատարան և դատարանից պահանջել, որ վերջինս ճանաչի իր սեփականության իրավունքը, ապա այդ նորմը պետք է գտնվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, քանի որ այն դատավարական նորմ է:

Բացի այդ եթե մենք հենց այդպես մեկնաբանենք 273 հոդվածը, ապա ավելորդ կլինեն ՀՀ վարչական դատարաններում առկա Կադաստրի պետական կոմիտեի դեմ ներկայացված հայցադիմումները, քանի որ կադաստրը գույքի գրանցումը մերժելուց հետո անձը կդիմի դատարան և առանց հայցային վարույթի և առանց կադաստրին պատասխանող ներգրավելու կճանաչի իր սեփականության իրավունքը:

Այս դեպքում դիմողի նպատակը եղել է հենց այդ: Նա չի կարողացել իր սեփականության իրավունքը գրանցել նշված գույքի և հողատարածքի նկտմամբ, դիմել է դատարան փորձելով շրջանցել թե՜ Կադաստրին, թե՜ գույքի նախկին սեփականատիրոջը , իսկ դատարանը առանց որևէ հիմնավորման իրավաբանական հնարք է իրականացրել, և իրավաբանությանն անհայտ ձևով միանգամից մի վճռով երկու հարց է լուծել և երկու մեծ ծառայություն մատուցել «Ավո»-ին: Նախ, դատարանը վռով շրջանցել է Կադաստրի կոմիտեին, և երկրորդ միանգամից դիմողին դարձրել է հողամասի սեփականատեր:

Գտնում եմ, որ այստեղ առկա է դատական իշխանության յուրացում, որը համաձայն ՀՀ Սահմանադրության հանցագործություն է:

Մյուս կողմից, եթե անգամ առկա լինի իրավունքների խախտման վտանգը, ապա միևնույն է անձը չի կարող հենց այնպես դիմել դատարան: Դատարան հայց կամ դիմում ներկայացնելու ընթացակարգը պետք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով նախատեսված լինի: Այսինքն եթե անձը ոչ թե հայցային վարույթով է դատական պաշտպանությունը իրականացնում, այլ դիմում է ներկայացնում դատարան, ապա այն պետք է նախատեսված լինի ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 23-33 գլուխներով:

Դատելով դատարան ներկայացված դիմումի բովանդակությունից այս դիմումը կարելի է նմանեցնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստման մասին դիմումի, թեև որևէ հղում այդ հոդվածների վրա չկա: Մի պահ, եթե համարենք, որ նմանատիպ դիմում է դատարան ներկայացվել, ապա այս դեպքում դիմողը պետք է հիմնավորեր երկու հանգամանք'

1.  Դիմումի մեջ պետք է նշված լինեին, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, և

2. Պետք է բերվեին դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու, կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

Մինչդեռ ոչ դիմումի  բովանդակության մեջ և ոչ էլ դատարանի վճռում որևէ ձևով անդրադարձ չեն եղել այս հարցերին: 

Գտնում եմ, որ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղ. դատ. օր-ի 140 հոդվածի 4-րդ կետը, քանի որ վճռով դատարանը չի հիմնավորել, որ վճռին օրինական ուժ չտալը կողմի համար անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ:

Բացի այդ, այս նորմը վերաբերում է հայցային վարույթներին, որտեղ առկա են կողմեր, և այն կիրառելի չէ դատարան դիմումի ձևով հարուցված քաղաքացիական գործերի վարույթների համար:

Հ. Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը