Մեկնաբանություն

28.06.2015 11:04


Սերժ Սարգսյանն առաջարկում է գործարք և նախապատրաստվում բռնի ուժի կիրառման

Սերժ Սարգսյանն առաջարկում է գործարք և նախապատրաստվում բռնի ուժի կիրառման

Եթե ոմանց թվում է, թե Սերժ Սարգսյանը երեկ իր տեսակետն է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով, ապա նրանք չարաչար սխալվում են։

ՀՀԿ ղեկավարը սակագնի թեմայով իր տեսակետը ներկայացրել է վաղուց, երբ Ռոբերտ Նազարյանի գլխավորած դակիչ հանձնաժողովը քվեարկեց թանկացման օգտին, և երբ Սարգսյանը սակագինը բարձրացնելու իր իրավունքը պաշտպանեց ջրցան մեքենայի ու ոստիկանական բռնությունների միջոցով։ Երեկ նա պարզապես վերահաստատել է այդ տեսակետը՝ նշելով, որ իր խորին համոզմամբ՝ սակագնի բարձրացումն արդարացված է, և եթե դա տեղի չունենա, ապա էներգետիկ համակարգը կփլուզվի։

Մի կողմ թողնելով Սարգսյանի ելույթում առկա, իրեն բնորոշ դեմագոգիկ ձևակերպումներն ու «քաղաքացիական» լիրիկան՝ պետք է նկատել, որ նա, ըստ էության, գործարք է առաջարկում «բողոքի ակցիայի մի քանի ակտիվ տղաների», ինչպես նաև նոր բռնությունների կիրառման հող նախապատրաստում։

Գործարքի էությունը հետևյալն է. «Ես էլեկտրաէներգիայի սակագինը չեմ փոխելու, քանի որ ունեմ թալանի իրավունք, բայց քանի որ «շուխուրը» արդեն կարող է վերահսկողությունից դուրս գալ, ուստի առաջարկում եմ «աուդիտորական գյալաջիով» զբաղվել ու բավարարվել դրանով»։

Սարգսյանը, փաստացի, «երկխոսության», այն է՝ շարժումը փչացնելու առաջարկ է անում։ Այնպիսի առաջարկ, ինչպիսին նա արել է բազմիցս ու տարբեր սուբյեկտների։ Թե ինչով են ավարտվել նրա բոլոր «երկխոսությունները», գիտեն բոլորը։

Պարզ է, որ Սարգսյանը որևէ բան փոխելու մտադրություն չունի։ Որքան էլ Բաղրամյան 26–ի «արևմտամետ» և «պատ» կազմած հաճախորդները հիացական գնահատականներ հնչեցնեն Սարգսյանի առաջարկի կապակցությամբ, միևնույն է, դրանից բան չի փոխվում։

Երբ հայտարարում ես, որ սակագինը բարձրացնելը ճիշտ որոշում էր, և չթանկացնելը էներգետիկ համակարգի փլուզման պատճառ կարող է դառնալ, իսկ հետո տղաներին առաջարկում ես ներգրավվել նեղ մասնագիտական հանձնաժողովի մեջ, ապա դա նշանակում է, որ պարզապես ուզում ես թաղել խնդիրը։

Ի՞նչ կապ ունեն բողոքավորները մասնագիտական հանձնաժողովի հետ։ Հոսանքի գնի դեմ բողոքողը պարտադիր չէ, որ էներգետիկայի ոլորտի մասնագետ լինի, հետևաբար ակտիվ տղաներին աուդիտորական հանձնաժողովի մեջ ներգրավելու առաջարկը դեմագոգիայի դասական օրինակ է։ Այնպես որ, գյալաջիի գնալու առաջարկը բողոքավորները պետք է միանշանակ մերժեն, և միայն սեփական օրակարգով առաջնորդվեն՝ Սերժին ստիպելով սակագինը փոխել, ապա նոր միայն երկխոսելու մասին մտածել։

Գյալաջին ընդամենը միտված է սակագնի թանկացման համար «քաղաքացիական» ու «լեգիտիմ» համապատկեր ապահովելուն։ Եվ ուրեմն, առանց սակագնի վերանայման նախապայմանի ապահովման՝ որևէ երկխոսություն Սարգսյանի հետ դհոլություն կամ առնվազն միամտություն կլինի։

Ինչ վերաբերում է նոր բռնության նախապատրաստությանը, ապա դա այն հիմնական «մեսիջն» էր, որը Սարգսյանը երեկվա իր ելույթով փոխանցեց հանրությանը և դրսի ուժերին։ Այդ իսկ նպատակով էլ նա հագել էր «քաղաքացիական», «հանդուրժող», «երկխոսող», «բարի» շորերն ու ցույց էր տալիս, թե ինչքան երկխոսողն է ինքը, բայց ահա բողոքողները որևէ փոխզիջման չեն ուզում գնալ։ Ուստի ինքը ստիպված է լինելու ուժ կիրառել («Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը. պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան»

«Վերջի բոլշևիկը» երեկվա իր ելույթով փորձեց շոշափել դրսի հնարավոր արձագանքը նոր բռնություններին, քանզի խնդիրն արդեն սակագնային հարթությունից վաղուց տեղափոխվել է աշխարհաքաղաքական հարթություն, և, ի դեպ, դրա հիմնական գեներատորը ՀՀ իշխանություններն են, որոնք Հայաստանը դրել են արտաքին խաղերի զոհասեղանին՝ հանուն աթոռի պահպանության և «Այո՛ թալանին» կարգախոսի կյանքի կոչման։

Սերժին դրսի ուժերի առնվազն չեզոք դիրքորոշումն է անհրաժեշտ, որից հետո Վլադիմիր Գասպարյանին կհրահանգվի Աստծո անունը շուրթերին հարձակվել ցուցարարների վրա ու կազմակերպել այն, ինչի համար նա նշանակվել է ոստիկանապետ։

Սարգսյանն ուժի կիրառման առաջին քայլից հետո կանգնեց ոչ թե այն պատճառով, որ սիրտը ցավեց ջահել ցուցարարների նկատմամբ բռնության կադրերը տեսնելուց հետո, այլ տեսավ, որ մտրակը այդ պահին բան չփոխեց։ Այս դադարը նա, ի տարբերություն «քաղաքական հարցը չքաղաքականացնելու» մոլի ջատագովների, օգտագործել է ոչ թե սակագնի վերանայման հնարավորություններն ուսումնասիրելու, այլ բռնությունների կիրառման նոր հնարավորություններ ստեղծելու համար։

Սարգսյանն իր ելույթով էժանագին բլիթ է առաջարկում ցուցարարներին (իրականում՝ հանրությանը), բայց նաև հայտարարում է, որ եթե շպրտված բլիթը չվերցնեն, ապա ինքը կդիմի մտրակին, այն է՝ ոստիկանական բռնությունների։

Բռնությունը կանխելու միակ հնարավորությունը մեծ քանակով հավաքվելն ու հստակ քաղաքական «մեսիջներ» ձևակերպելն է՝ հնարավորինս կոշտ տարբերակով։ Դա հարյուր տոկոսով երաշխիք չի տա, բայց հնարավորություն կստեղծի չջարդվելու և հետագայում նոր մոբիլիզացիա ապահովելու համար։ Պայքարի չքաղաքականացման անհեթեթ կոչերը միայն պարարտ հող են ստեղծում բռնությունների և պարտության համար։

Մի բան չպետք է մոռանալ՝ Սարգսյանը իշխանության է եկել «մարտի 1»–ով, և ինքը, ի տարբերություն, «կրեաԾիվշիկների», «ցանցայինների» և մյուսների, շատ լավ գիտի, որ այլ միջոց չունի իշխանական աթոռը պահելու և թալանը շարունակելու համար, քան բռնությունները։

Հանրության վերաբերմունքն այս ամենին պետք է լինի համարժեք, այն է՝ կազմակերպվածություն, որն առանց քաղաքական առաջնորդության հնարավոր չէ, ինչպես նաև համարժեքություն, որն առանց պայքարին հստակ քաղաքական բովանդակություն հաղորդելու հնարավոր չէ։ Հակառակ պարագայում կլինեն պարտություն, հիասթափություն և դհոլացում։

Նժարի մի կողմում Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմն են՝ շրջապատված ոստիկանական ու բանդիտական ուժերով, իսկ մյուս կողմում՝ Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները։ Իշխանափոխությունը, հետևաբար, այլընտրանք չունի։ Հակառակ տեսակետ ունեցողները թող գնան «կենդանաբանական պատ» կազմելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը