Մեկնաբանություն

28.06.2015 00:05


Ի՞նչ է նշանակում այս կոմեդիան

Ի՞նչ է նշանակում այս կոմեդիան

Երբ մարդը հանդես է գալիս մենախոսության ժանրում, գոնե այդ ժամանակ անունը մի դրեք «խորհրդակցություն»:

Եթե նրան մի 6-7 կենդանի ունկնդիր է պետք, որպեսզի իր ելույթը հնչեցնի, ապա դա չի նշանակում, որ տեղի ունեցածը խորհրդակցություն է: Այդ «խորհրդակցության» ընթացքում հրապարակված միակ ելույթին ծանոթանալուց հետո իմացա, որ «հասարակական ակտիվեստներն» իրենք են ցանկացել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Մինչ այս, ճիշտն ասած, հակառակի մասին գիտեի: Իսկ ընդհանրապես, մելոդրամատիկ ստվար շերտով պատված այդ ելույթն ավելի քան ծանոթ է բոլորիս ՀՀԿ համագումարներից:

Ժողովրդավարության կայացման խորդուբորդ ուղի, որ պետք է անցնենք իրարից սովորելով, իրար հարգելով, իրար ցավեցնելով ու իրար հավատալով եւ նման բաներ (Լիսկային վերանշանակողը ժողովրդավարությունից խոսելու առիթը երբեք էլ բաց չի թողել):

Սարգսյանն իր ելույթում առաջ է քաշում նաեւ «մենք»-ի գաղափարը եւ էլի լիքը սրտաճմլիկ բառեր ու բառակապակցություններ ենք կարդում:

Արդեն մեկ շաբաթ է Բաղրամյան պողոտայում բարիկադներ են կառուցված, իսկ նա «մենք»-ից է խոսում Եվ որ ամենազավեշտականն է՝ «մենք պիտի միշտ դեմքով լինենք մեկս մյուսին. ես նկատի ունեմ բոլորին, յուրաքանչյուրիս»։

Ցույցերն ու նստացույցերն սկսվել էին, իսկ նա թռավ Բրյուսել անկարեւոր՝ կուսակցական հարցերով գագաթաժողովի՝ այդպես էլ մեզ ցույց չտալով իր դեմքը: Այնտեղից վերադարձավ եւ դարձյալ չտեսանք նրա դեմքը: Բայց հիմա եկել ու գովում է ցուցարարների եւ իրավապահների միջեւ ձեւավորված փոխվստահության «փաստը», ինչը, թերեւս, միայն ինքն է նկատել:

Գոհ է, որ լրատվամիջոցների հերոսները հիմնականում եղել են խաղաղ ցուցարարները: Մի խոսքով, անցած օրերին, ըստ ՀՀԿ ղեկավարի, Հայաստանը դարձավ մի համալսարան, որտեղ բոլորն իրարից սովորում էին, իրար լսում, իրար հանդուրժում էին:

Այս ամենից հետո Սարգսյանը հայտարարեց, թե էլէներգիայի սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Որքան ժամանակ է նման բեռ իր վրա վերցնելու կառավարությունը կամ աուդիտը երբ կավարտվի՝ այդ մասին ոչ մի խոսք:

Հայկական չստացված «մայդանի» հանգուցալուծումը հիշեցնում է Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության վերջին տեսարանում հնչած հարցը՝ «Ի՞նչ է նշանակում այս կոմեդիան»: Հետաքրքիր է, վաղն է՞լ է երգ ու պարը շարունակվելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը