Լրահոս

10.11.2009 11:30


Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն. «Թուրքիային կստիպեն, որ վավերացնի»

Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն. «Թուրքիային կստիպեն, որ վավերացնի»

-Թուրքիային կստիպեն, որ վավերացնի,- «7օր»-ին ասել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ խոսելով թուրքական խորհրդարանում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման արձանագրությունների վավերացման մասին։ Հ. Դեմոյանի խոսքերով՝ սահմանի ապաշրջափակումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի բխում միայն այս երկու երկրների շահերից, այլ ավելի լայն համատեքստ ունի։ Այդ է պատճառը, որ, ըստ նրա, գերտերությունները Թուրքիային կստիպեն Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելու նախապայմանի։ Այլապես, խելամիտ ժամկետներում այդ հարցը չկարգավորելը Թուրքիայի համար կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։

-Հետևանքներից մեկը կարող է լինել կա՛մ Սենատում ցեղասպանության բանաձևի քվերակմանը մոտ իրավիճակի ստեղծումը, կա՛մ  մեկ-երկու եվրոպական երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը,- նշել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։

«Ինչո՞ւ եք համոզված, որ գերտերությունների ճնշումներն ուղղված կլինեն ոչ թե Հայաստանին, այլ հենց Թուրքիային»,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ Հ. Դեմոյանը նախ նշել է, որ ղարաբաղյան հարցում զիջումները կհանգեցնեն նոր զիջումների, և հետո նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բացարձակապես կապ չունի ղարաբաղյան հիմնախնդրի հետ։

Սակայն, թե ի վերջո ե՞րբ Թուրքիան կապաշրջափակի Հայաստանի հետ սահմանը, Հ. Դեմոյանը դիտարկում է «եղունգ նայողների» շարքին պատկանող հարցերից՝ ընդամենը մեջբերելով այն կանխատեսումները, թե դա կարվի կա՛մ Սենատում Հայոց ցեղասպանության քվերակրությունը կանխարգելելու համար, կա՛մ՝ 2010թ. ապրիլի 24-ի նախաշեմին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը