Հարցազրույց

01.12.2010 15:17


Սպարտակ Մելիքյան

Սպարտակ Մելիքյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության անդամ, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանի հետ

-Դուք Վերահսկիչ պալատին մեղադրել էիք Ձեզնից $ 4000 կաշառք պահանջելու համար, ինչին ի պատասխան՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, թե Ձեզ դատի է տալու։ Ձեզ հրավիրե՞լ են հարցաքննության։

-Ինձ ոչ մեկն էլ ոչ մի տեղ չի հրավիրել։ Դատարանից է հայցադիմում եկել, և մինչև ամսի 5-ը մենք պատասխանելու ենք հայցադիմումին, հետո նոր արդեն կնշանակեն դատաքննություն։ Հայցադիմումում պարոն Զաքարյանը պահանջում է, որ ես հերքեմ իմ ասածը և ներողություն խնդրեմ։ Մենք էլ կպատասխանենք և մեր վկաներով, մեր ապացույցներով ցույց կտանք, որ մենք ճիշտ ենք խոսել։

-Փաստորեն, պատրաստվում եք մինչև վերջ գնալ, և նահանջի մասին խոսք անգամ չկա՞։

-Իհարկե՝ ո՛չ։ Դրա մասին ո՞նց կարող է խոսք լինել։

-Իսկ վկաներն ովքե՞ր են։

-Դատարանո՛ւմ կասենք ամեն ինչ։ Հիմա չենք ուզում նրանց առաջ բերել։

- Այսինքն, հնարավո՞ր է, որ հայտարարեն, թե վկաները, օրինակ, Ձեր ընկերներն են, և նրանց վկայությունը վստահություն չի ներշնչում։

-Եթե վկան սուտ ցուցմունք է տալիս, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունք ունեն։ Վկաները լինելու են նաև Վերահսկիչ պալատի աշխատակիցները, և եթե իրենք ստիպված կլինեն սուտ ցուցմունք տալ, մենք կմիջնորդենք, որ իրենց նկատմամբ սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցվի։ Եթե կապացուցեն, որ մե՛ր վկաներն են սուտ խոսում, ուրեմն մեր վկաների վրա իրավունք ունեն քրեական գործ հարուցել։

-ՀՀԿ խմբակցության պատգամավորները միաբերան պնդում են, որ այդպիսի հայտարարություն՝ կապված ՎՊ-ի հետ, Դուք չպետք է անեիք։ Ասում էին, որ անփորձության հետևանք է Ձեր արածը։  Հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ խմբակցությունում։

-Ո՞վ է նման բան հայտարարել։ Ինձ առնվազն ոչ մեկը չի ասել, որ ես չպետք է նման բան արտահայտեի։

-Այն բոլոր հանրապետականները, ում մենք հարց ենք ուղղել, բոլորն ասել են, թե դուք գուցե շտապել եք, և չեն միացել ձեր հայտարարությանը՝ նշելով, որ խորհրդարանի այն 90 տոկոսի մեջ, որը, Ձեր խոսքերով, համամիտ է Ձեզ հետ, իրենք չեն մտնում։

-Ինձ որ մեծ մասը առանձին հանդիպումների ժամանակ ասում է, որ միգուցե շատ կոպիտ եմ ասել։ Բայց որ փաստերը կան, որ կոռուպցիա կա տվյալ համակարգում, և դրա դեմ պայքարել, բարձրաձայնել պետք է, գրեթե ոչ մեկը ինձ դրանում չի մեղադրում։

-Այդուհանդերձ, հիմա ՀՀԿ-ում Ձեզ ինչպե՞ս եք զգում։

-Շատ լավ, նորմալ՝ ինչպես որ առաջ։ Ես արտահայտել եմ իմ կարծիքը և իրավունք ունեմ իմ կարծիքը արտահայտելու։ Ես ընդհանուր խմբակցության քաղաքականությանը դեմ չեմ գնացել և խմբակցության որոշումները ես կատարել եմ։ Երբ որ կլինեն այնպիսի որոշումներ, որոնք իմ մտածելակերպին կամ իմ սկզբունքներին դեմ կլինեն, ես այն ժամանակ կորոշեմ՝ ինչպես անել։

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններում նորից ընդգրկված կլինե՞ք ՀՀԿ-ի ցուցակում։

-Ես մոտ 2 ամիս առաջ ձեր կայքին ասել եմ, հիմա էլ պնդում եմ, որ «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը պատրաստվում է ինքնուրույն մասնակցել ընտրություններին։ Բայց երբ որ գա ընտրությունների նախաշեմը, քաղաքական իրավիճակը կուսումնասիրենք և կորոշենք՝ ինչ անել։ Եթե նման առաջարկություն կլինի ՀՀԿ-ի կողմից՝ ընդգրկվել իր ցուցակում, մենք դա կքննարկենք և որոշում կկայացնենք։ Բայց որ այլ քաղաքական կուսակցության ցուցակում ընդգրկվելու նպատակ չկա, և դա բացառում ենք, միանշանակ է։ Եթե համագործակցենք, միայն ՀՀԿ-ի հետ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Խմբ. կողմից – Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն էր հայտարարել թե Ս. Մելիքյանը անփորձությունից ելնելով է ՎՊ–ի դեմ խոսել, իսկ Համլետ Հարությունյանն էլ նշել է, թե ֆրակցիոն կարգապահություն է խախտվել Մելիքյանի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը