Մեկնաբանություն

23.06.2015 19:40


Բարձր և ցածր լարումներ

Բարձր և ցածր լարումներ

Ոստիկանությունը Սերժ Սարգսյանի «դաբրոյով» ուժ կիրառեց հոսանքի գնի թանկացման դեմ պայքարի ելած քաղաքացիների նկատմամբ՝ դրանով իսկ հաստատելով, որ թանկացման հիմնական պատվիրատուն նստած է Բաղրամյան 26–ում, այլ ոչ թե ՀԷՑ–ում կամ ձրիակերների ու կամակատարների ռոբերտնազարյանական հանձնաժողովում։

Այն, որ, այսպես կոչված, քաղաքացիական պայքարի ելածների մոտ կազմակերպչական առումով շատ բան կաղում է, պարզ էր «էն գլխից»։ Քաղաքական հարցերի չքաղաքականացումը նման է «Չորս ոտքը լավ է, քան երկուսը» կարգախոսով կառավարվող գործընթացի, և հասկանալի է, որ դժվար է խնդիրների չհանդիպելն ու ձեռնունայն չմնալը։

Հոսանքի գինը քաղաքական ու միայն քաղաքական հարց է։ Հետևաբար, պետք է քաղաքական պահանջների ու քաղաքական պայքարի միջոցով լուծվի։ Այլ բան է, որ դաշտում առկա քաղաքական ուժերը կորցրել են իրենց վստահությունը, և մարդիկ օբյեկտիվորեն չեն վստահում դրանց։ Բայց դե, չպետք է կուսակցականացումը շփոթել քաղաքականացման հետ։ Համ էլ՝ եթե մի քաղաքական ուժից հիասթափվել ես, ապա չի նշանակում, որ պետք է քաղաքականությունից ու քաղաքական ուժերից հիասթափվես ընդհանրապես։ Եթե մի գործիքը չի աշխատում, ապա չի նշանակում, որ բոլոր գործիքներից պետք է հրաժարվել ու անցնել, ասենք, ձեռքով մեխը պատի մեջ մտցնելու «քաղաքացիական» տարբերակին։ Մի խոսքով, քաղաքական հարցերը լուծվում են քաղաքական ուժերի միջոցով. այլ բան մարդկությունը դեռ չի հորինել։

Ինչ վերաբերում է բուն բողոքի գործողությանը, դրան հաջորդած բռնության երևույթներին ու սպասվող զարգացումներին, ապա պետք է մի քանի բան նշել.

1. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ելածների մեջ կան և՛ ներդրված սադրիչներ, և՛ դհոլներ, և՛ ազնիվ քյարփինջներ, և՛ անկեղծ պայքարողներ։ Այս վերջին շերտին պետք է ամեն կերպ օգնել ու նպաստել, որ այն գերիշխող դառնա։

Թացը չորից զատելու համար կա շատ պարզ ինդիկատոր. նրանք, ովքեր կառաջարկեն չքաղաքականացնել պայքարը, մնալ զուտ հոսանքի գինը չթանկացնելու պահանջի տիրույթում, Սերժ Սարգսյանի հետ բանակցել և նման այլ բաներ անել, առնվազն կորակվեն ազնիվ քյարփինջներ։

Անկախ ամեն ինչից, սակայն, պետք է նկատել, որ շատ լավ է, որ բողոք կա, ու եթե այդ բողոքը լայն թափ հավաքի, ապա ներդրվածներն ու դհոլները կա՛մ ինքնաբերաբար կզտվեն, կա՛մ կմնան, բայց եղանակ չեն կարողանա ստեղծել, կա՛մ ճամբարափոխ կլինեն։

Կարևորն այն է, որ իշխանությունը մշտապես բարձր լարման տակ պահվի, իսկ դա հնարավոր է լայն զանգվածների ներգրավման դեպքում։ Հակառակ դեպքում կունենանք ցածր լարում և անարդյունք ծեծ կերած ու թրջված մարդկանց խումբ։

2. Հերթական անգամ ապացուցվեց, որ իշխանություններն այլ ռեսուրս չունեն, քան բռնությունները։

Սերժ Սարգսյանը «մարտի 1»–ով է եկել, և այդ մասին չպետք է մոռանալ։ Բոլոր այն խոսակցությունները, թե նա բարի է, հանդուրժող է և այլն, «պայթած» հեքիաթների ոլորտից են։

Բռնությունը միակ միջոցն է, որին ապավինում է այս իշխանությունը։ Բռնություն չի կիրառվի միայն այն դեպքում, երբ լինեն հանրային լայն կոսնոլիդացիա, հոծ զանգվածներ հրապարակում և քաղաքական պահանջներ՝ իշխանափոխության նպատակադրմամբ։ ՀՀԿ ղեկավարն այդ դեպքում կուզենա ուժ կիրառել, բայց դրա ռեսուրսը չի ունենա։

Սերժ Սարգսյանը միայն ուժի լեզուն է հասկանում (դրա վառ օրինակը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու սպառնալիքի տակ Տիգրան Սարգսյանին «փուռը» տալն էր)։

Գիշերը կիրառված բռնությունները ցույց տվեցին, որ իշխանությունները միայն անկազմակերպ ու հախուռն գրոհի ելած զանգվածի դեմ են կարողանում առյուծ կտրել։ Եվ ուրեմն, հետևություններ է պետք անել։

3. Այս իշխանությունների դեմ հնարավոր է հաղթանակի հասնել և հանրային խնդիրները լուծել միայն համարժեք ռեսուրսային ու կազմակերպչական միավորների առկայության դեպքում։ Այլապես բողոքի գործողությունը կդառնա ոստիկանական ջրցան մեքենայի բաժին։

Սրանց հեռացնելու համար պետք են թիմ, կազմակերպվածություն, ռեսուրսներ և միասնական կամք։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը